Գերեզմանը թերևս կուզիկին շտկի կամ վա բանկ՝ հանուն Մեծ Թուրանի

Հարցազրույց 27.07.2020   09:41   38841

Երկրագունդը  տակնուվրա արած կորոնավիրուսային համավարակի պայմաններում, երբ աշխարհի տարբեր կենտրոններից ( այդ թվում  հոգևոր) մարդկությանը համախմբվելու կոչեր են հնչում, կա երկիր, որն ակնհայտորեն առանձնանում է մնացյալից՝  իր նկատելիորեն  ագրեսիվ  վարքով և գայլային անհագուրդ ախորժակով։

Խոսքը վերաբերում  է երկրների միջև առկա անգամ ամենաչնչին տարաձայնություններից  հմտորեն օգտվող, վարժ  կատվի պես մշտապես ոտքերի վրա մնացող Թուրքիային: Չնայած բոլոր հարևանների հետ  ունեցած ակնհայտ լարված հարաբերություններին  (Ադրբեջանից բացի), այդ երկիրը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում, Իրաքում և Լիբիայում։

Թուրքիայի կողմից  օրեր առաջ իրականացված  Սուրբ Սոֆիայի տաճարի «վերապրոֆիլավորման» ու «վերագործարկման» հետ կապված սադրանքից հետո կտրուկ սրվել են նաև Թուրքիա-Հունաստան առանց այն էլ լարված հարաբերությունները։ 
Ինչպես հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, այնպես էլ  սրանից ածանցվող , Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայերի դեմ  իրականացվող լայնամասշտաբ  ահաբեկչական գործողությունները  նույնպես՝ լիովին  տեղավորվում  են թուրքական «պատասխանատվության» շրջանակում: Այդ ամենի ետևից՝ կրկին Թուրքիայի ականջներն են երևում: Ավելին, Թուրքիան սկսել է արդեն պետական մակարդակով սպառնալ Հայաստանին։ 

Օրեր առաջ  ունեցած իր ելույթում, Էրդողանը Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և արդեն Հայաստանի հետ կապված խնդիրները սկսեց դիտարկել նույն հարթության մեջ ։ Քաղաքագետների համոզմամբ  Հայաստանին  նույն  շարքում դասելը , ըստ էության, նախադեպը չունեցող, ռազմական ենթատեքստ պարունակող  հստակ ուղերձ էր:

Ո՞ւր է գնում Թուրքիան, ինչո՞ւ են աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները հանդուրժում մեր հարևանի նմանօրինակ  սանձարձակ վարքը։ Այս և այլ հարցերի պարզաբանման ակնկալիքով զրուցեցինք քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանի հետ, որն ի դեպ զանգվածային լրատվամիջոցներով  քանիցս անդրադարձել է Թուրքիայի կողմից շարունակաբար դրսևորվող վտանգավոր նկրտումներին (նայել այստեղ

Քաղաքագետի համոզմամբ Թուրքիան այսօր՝ թե՛ իր վարքով , թե՛ իր  գործողություններով  դարձել է քաղաքակրթական  «տարրական գրագիտությունից» զուրկ, բացառապես ուրիշների  տքնանքն ու վաստակը վայելող մակաբույծ, համաշխարհային գլխացավ, որին հանդուրժելն այլևս անհնարին է դառնում։

- Պրն. Խաչատրյան, Դուք շարունակո՞ւմ եք Թուրքիան համարել ապակառուցողական միավոր, չարորակ գոյացություն, որից հնարավորինս արագ  աշխարհը պետք է ձերբազատվի: 

- Այո՛, միանշանակ: Բացառությամբ «Մեծ Թուրանի» ստեղծման գաղափարակիցների՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի , այս երկիրը ամենաիսկական գլխացավ է դարձել բոլորի համար։ Նեոօսմանյան կայսրության ստեղծման անթաքույց  հավակնություններ դրսևորող Թուրքիայի  ախորժակը զսպելը՝ ֆինանսաբանկային  համակարգի վրա խարսխված գործող աշխարհակարգի փլուզման պայմաններում գնալով անհնարին է դառնում: Այլ կերպ, Թուրքիային զսպելու  ունակ մեխանիզմները՝ նախկինի պես այլևս գործունակ լինել չեն կարող։ Նորօրյա զարգացումների տրամաբանությունը հասկանալու համար, պատմական փոքրիկ էքսկուրս է անհրաժեշտ:

Արևելյան  տափաստաններից  հայտնված քոչվոր ցեղերին հաջողվում է միավորվել  ու ստեղծել Օսմանյան կայսրություն, որն իր զբաղեցրած մակերեսով մարդկության  ողջ պատմության ընթացքում ամենամեծերից է համարվում:    

1354 թվականին ներխուժելով Եվրոպա և նվաճելով Բալկանյան թերակղզին, ըստ էության քոչվորներին հաջողվում է վերաճել միջմայրցամաքային կայսրության: Հարկ եմ համարում նկատել, որ Եվրոպայի ամբողջական գրավումը կանխվում է վճռորոշ ճակատամարտում Իսպանիայի տարած հաղթանակի շնորհիվ միայն: Այդուհանդերձ, ավելորդ չեմ համարում Ձեր ուշադրությունը բևեռել պատմական ուշագրավ, խիստ խորհրդանշական մի փաստի վրա:

Ըստ էության, տափաստաններից եկած, արժեհամակարգային մտածելակերպից  իսպառ զուրկ քոչվորներին հաջողվում է գրավել Լատինական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսն ու դառնալ նույն այդ կայսրության գերեզմանափորը: Ճիշտ է, Օսմանյան կայսրությունն էլ  դարեր հետո նույն բախտին արժանացավ, բայց ջարդելու, փշրելու, ուրիշների ունեցվածքին տեր կանգնելու անհագ ու վայրենի ծարավը օսմանների, կամ եթե կուզեք՝ նեոօսմանների  մոտ այդպես էլ չհագեցավ:

Ասվածի հավելյալ վկայությունը՝ 1930 թվականին Կոստանդնուպոլսի՝  պաշտոնապես Ստամբուլ  վերանվանումն էր (քաղաքակրթական տարբերությունն առավել ընդգծելու նպատակով համեմատության համար նշեմ, որ Փարիզի գրավումից հետո Հիտլերի մտքով անգամ չանցավ քաղաքն անվանափոխել- ժպտում է,- հեղ.)։

Այնպես որ Սուրբ Սոֆիայի տաճարի «մզկիթացումը» վերոնշյալ փաստերի ֆոնին՝ իր մեջ սենսացիոն ոչինչ էլ չի պարունակում: Այլ բան է ուղղափառ քրիստոնյաների սրբության սրբոց Սուրբ Սոֆիայի տաճարի հետ կապված պատմության պարունակած՝ միջկրոնական բախումների վերաճման  հնարավոր վտանգը:

Իսլամ դավանող  երկրների բնակիչները, եթե մի պահ հակառակը պատկերացնեին,ասենք՝ թե ինչպես են մզկիթները եկեղեցիների վերածվում, կարծում եմ ահռելի աղմուկ կբարձրացնեին: Ավելի քաղաքակիրթ լինելու դեպքում էլ՝ հենց իրենք կկանխեին այդ աստվածանարգությունը:

Ավելորդ չեմ համարում նկատել, որ Սուրբ Սոֆիայի տաճարի իբրև մզկիթ վերաբացումը շառաչուն ապտակ էր նաև Ռուսաստանին… Ինչևէ: 

- Ըստ էության, իր այդ քայլով Թուրքիան սադրո՞ւմ է: Ի վերջո, ինչ նպատակ է այն հետապնդում:

- Փաստացի, Թուրքիան Արևմուտքին սադրում է հետևողականորեն, այդ թվում՝ թե՛ Սիրիայի,  թե՛ Ղրիմի, թե՛ Իրանի, և՛ թե արցախյան հակամարտության հարցերում։ Հազարամյակների պատմություն ունեցող Սիրիան, օրինակ, այսօր տափաստաններից եկած, արժեքային առաջնահերթություններից  զուրկ  քոչվորների ասպատակությանն է արժանանում, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ինչ-ինչ հաշվարկներով առաջնորդվող գերտերությունները Թուրքիային կանխելու փոխարեն՝ նրա հանդեպ ընդամենը պատժամիջոցների կիրառման մասին են խոսում։

Նույն այդ աշխարհաքաղաքական կենտրոնները, ցավոք, շարունակում են առաջնորդվել էգոիստական մոտեցումներով՝ ինչից էլ մեծապես օգտվում է Թուրքիան։ Նույն՝  Օսմանյան կայսրության տրամաբանությունն է։ Եվրոպային այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել «թուրքերի քաղաքակրթման» միսիան։ Տեղի ունեցավ հակառակը։ Այսօր Եվրամիությունը հեղեղել են մեծաքանակ թուրքերը։ Ըստ իս, աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է արագորեն վերանայեն իրենց առաջնահերթությունները, առավել ևս, որ աշխարհն այլևս առաջվանը չէ։            

Տեսեք, Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ի կազմում գործող  հզորագույն միավորներից է, սակայն նույն Գերմանիան ու Ֆրանսիան այսօր հայտարարում են, թե ՆԱՏՕ-ն այլևս կորցրել է իր երբեմնի նշանակությունը։ Սակայն «ռեալ պոլիտիկում» դա ոչ մի կերպ չի դրսևորվում, ինչից էլ օգտվում է Թուրքիան՝ շանտաժի լեզվով հարաբերվելով Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի հետ։

Սա հատկապես՝ ուզում եմ շեշտել. աշխարհի հիմնական խաղացողները պետք է կարողանան նախ իրենց ներսում ստեղծել բացառապես արդարության սկզբունքով առաջնորդվող կառավարման համակարգ, նոր միայն անցնեն մարդկությանը սպառնացող երկրի զսպմանը։

- Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը՝ աշխարհի հզորների կողմից կիրառվող  երկակի ստանդարտների մասին: Ըստ Ձեզ, նույն այդ հզորներն ունա՞կ են հանուն ավելի մեծ նպատակի ստորադասել սեփական շահերը: 

- Շատ տեղին ու հետաքրքիր հարց եք բարձրացնում: Գաղտնիք չէ, որ հանուն սեփական շահերի՝ աշխարհի մեծերը շատ հաճախ  զոհաբերում են անգամ իրենց անվերապահորեն նվիրված  դաշնակիցներին: Վերցնենեք թեկուզ ռուս-թուրքական հարաբերությունները։ Նկատված փաստ է. հենց Ռուսաստանը փոքր-ինչ մեղմում է իր դիրքորոշումը, Թուրքիան անմիջապես տարբեր ճակատներով «գործի» է անցնում։

Բայց այստեղ բախվում ենք խիստ տարօրինակ ու զավեշտական  մի փաստի: Որքան թշնամական է դառնում Թուրքիայի դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ, այնքան վերջինս դրան պատասխանում է «սիրառատությամբ»: Ամենաթարմ օրինակը,  համավարակի պայմաններում  ռուս տուրիստների առջև Անթալիայի «դռների բացման» հետ կապված որոշումն էր : Ուշագրավ մյուս  փաստի մասին էլ լռել չեմ կարող:

Հանրահայտ իրողություն է, հայ-թուրքական սահմանը ռուս սահմանապահներն են պահում: Այսինքն, Ռուսաստանը  դա համարում է պետական կարևորության ձեռնարկ, այդպե՞ս է: Այս պարագայում տարակուսելի չէ, արդյոք, «սիրառատության» պարբերական դարձած դրսևորումները միջնորդավորված կրակող թշնամու հանդեպ: Ինձ հետաքրքրում է,  Ռուսաստանը նույն կերպ կվարվե՞ր,արդյոք, իրեն սահմանակից, սակայն  իր հանդեպ  անբարյացկամ վերաբերմունք դրսևորող մեկ այլ երկրի հանդեպ: Ու սա՝ ամենևին էլ հռետորական հարց չէ, ու մենք իրապես ցանկանում ենք մեր իսկ անվտանգությունից ելնելով այս հարցերի պատասխանը ստանալ: Գուցե սա փոխհամաձայնեցված խաղ է, խաղ, որի վերջնանպատակը միայն իրենց է հայտնի, ով գիտե…

- Պրն. Խաչատրյան,Դուք մշտապես առանձնացել եք զարգացումների ընթացքը սահմանվածից շուտ տեսնելու ունակությամբ: Հետաքրքիր է, ինչ է սպասվում առաջիկայում:

- Եթե հակիրճ, ապա նշեմ, որ եկել է արհեստական հիմքով պետությունների և անաշխատ միջոցների ստեղծման «ուղեղային կենտրոնների»՝ ֆինանսաբանկային համակարգի կազմաքանդման ժամանակը: Այսօր ԱՄՆ-ն նույնպես հայտնվել է այդ եզրագծին ։ 
Բազմաթիվ անգամներ շեշտել եմ, էլի կշեշտեմ՝ երկրի նախագահի պաշտոնում առևտրականի ընտրվելը Միացյալ Նահանգներին տանելու է կործանման։ Ամիսներ առաջ ո՞վ կմտածեր, թե միջազգային բորսաների ու նավթի շուկայի փլուզումը ինչ վիճակի է հասցնելու համաշխարհային տնտեսությանը։ Հիմնիվեր փլուզվում է անխորտակելի կարծածը: Աշխարհի ուսուցչի դերը ստանձնած ԱՄՆ-ն, արդեն ինքն է փորձում ցնցումների առաջին ալիքին դիմակայել: 

Ոստիկանի կողմից սպանված սևամորթի և դրան հաջորդած դեպքերի առումով ԱՄՆ-ն ցույց տվեց իր «քաղաքակիրթ» դեմքը։ Բռնաբարության և թմրանյութերի տարածման մեղադրանքով մի քանի անգամ դատապարտվածին թաղեցին ոսկե դագաղով: Տեսեք, թե ինչ կարգի այլանդակություններ են տեղի ունենում ամբողջ երկրի տարածքում։ Սպանություններ են  գրանցվում, խանութներ և տներ ավերվում ու թալանվում։ Սա՞ է քաղաքակիրթ Ամերիկան։ 

Համեմատության համար նշեմ, որ երբ Ճապոնիայի Ֆուկուսիմա ատոմակայանում պայթյուն տեղի ունեցավ, ոչ մի անկարգություն չարձանագրվեց, ոչ մի խանութ չթալանվեց։ Մարդիկ նախանձելի միասնականություն դրսևորեցին: Թերևս հիշում եք, նույնն էր նաև Սպիտակի երկրաշարժի ժամանակ: 

Այ, դա՛ է քաղաքակիրթ լինելը։ Իսկ այսօր հնդկացիների ոսկորների վրա ստեղծված ԱՄՆ-ն հայտարարում է, թե «փախստականները պետք է վերադառնան իրենց  նախկին բնակավայրերը»։  Այստեղ ոնց չասես՝ «Լսե՛ք, նախ դուք հնդկացիներին հետ բերեք իրենց բնօրրան»: 

Բայց վերադառնամ բուն թեմային ու նորից շեշտեմ. արհեստական բազիսով երկրները մոտ ապագայում վերանալու են: Կյանքն ու զարգացումների տրամաբանությունն են այդ մասին հուշում: Ինչպես արդեն նշեցի,  Թուրքիայի նման խիստ հավակնոտ պետությունը գայլի ախորժակին զուգահեռ ունի նաև լրջագույն խնդիրներ:

Ույգուրների տեսքով՝ Չինաստանի հետ, Ղրիմի հանդեպ ծպտված երազանքով՝ Ռուսաստանի հետ, Արցախի և Նախիջևանի տեսքով՝ Հայաստանի հետ, Հյուսիսային Կիպրոսի տեսքով՝ Հունաստանի հետ, տարածաշրջանում «առաջին ջութակը» լինելու առումով էլ՝ Իրանի հետ: 
Սրանից զատ նա աֆրոասիական երկրներից  փախստականների հոսքի կանխարգելման համար շանտաժի է ենթարկում ու գումարներ կորզում Եվրոպայից: Ավելին, այս մակաբույծ երկրի  նեոօսմանյան  հավակնություններն ու Մեծ Թուրանի ստեղծման  «կապույտ երազանքը» կարծես թե տեղափոխվում են գործնական հարթություն, ինչը պետք է ամեն գնով կանխվի: Կանխվի, քանի որ ինչպես դասականը կասեր՝ «Ծերուկն» այլևս անտանելի է դառնում…»:

Խմբագրությանի կողմից
Փաստացի Թուրքիայի հարցում Արբակ Խաչատրյանը խիստ լավատեսական սպասումներ ուներ, երբ տասնյակ տարիներ առաջ հույս էր հայտնել, թե «թուրք ժողովուրդը թող այնքան զարգանա, որ իր մեջ ուժ գտնի ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը, իսկ հայ ժողովուրդն այնքան հզորանա, որ կարողանա ներել թուրքերի ոճրագործությունը»։

Ուշագրավ է՝ մարդկության փրկության տեսանկյունից ինչպե՞ս կդիտարկեր Կանտն՝ իր հայտնի համամարդկային բարոյագիտության համատեքստում, Թուրքիա պետության կազմաքանդման անհրաժեշտության գաղափարը։

Հավելում՝ հարցազրույցը հրապակվելուց 2 ժամ անց

Ի պատասխան համացանցում բարձրացված այն հարցադրումների, թե Թուրքիայի փլուզումը ինչպե՞ս է հնարավոր, կամ՝ ըստ Արբակ Խաչատրյանի ի՞նչ պետություն (ներ) կգոյանա (նան) ներկայիս Թուրքիայի տարածքում, վերլուծաբանը նշեց հետևյալը․
«Երբ աշխարհի ֆինանսատնտեսական կենտրոնները փլուզվում կամ փոփոխվում են, ոչ միայն աշխարհաքաղաքական առանձին միավորներ (պետություններ), այլև քաղաքակրթություններ են վերանում։ 
Փոխարենը ստեղծվում են նորերը։

Նայե՛ք մարդկության պատմությունը՝ շումերներից մինչև Բյուզանդիա։ Եվ սա միայն Թուրքիային չի վերաբերվում։

Մնացածը՝ հաջորդիվ»։
 

Զրուցեց՝ Վ. Մարգարյանը



 Պիտակներ
         Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb