Գեղարդալճից ինքնահոս եղանակով ջուրը կհասնի Կոտայքի մարզի 5 համայնքներ

Իրադարձային 18.09.2020   10:00   42

Կառավարությունը վերաբաշխում կատարեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով շինարարական աշխատանքներն ամբողջական ծավալով չեն իրականացվել:

«Անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերն և փորձաքննությունը արդեն պատրաստ են։ Նախագծի գումարը կազմում 152 մլն դրամ», ասաց Պապիկյանը:

Գեղարդալճի ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին «Հայջրնախագիծ ինստիտուտ» ընկերության կողմից և 2015-2018 թվականներին իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925 կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը:

«Գեղարդալճի ինքնահոս համակարգի չավարտված աշխատանքների իրականացում» նախագծի կատարման համար հիմք է հանդիսացել «Հայջրնախագիծ ինստիտուտ» ընկերության կողմից նախկինում մշակված նախագիծը, նախագծման ելակետային տվյալները, ջրատնտեսական հաշվարկները, ինժեներա-երկրաբանական, հիդրոլոգիական և կլիմայական պայմանները, սեյսմիկ գոտիավորման տվյալները, այլ վերլուծական ուսումնասիրություններ, հաշվարկներ:

Չավարտված աշխատանքների կազմում ներառվել է նաև գլխամասի ջրընդունիչ կառուցվածքի վերակառուցման նախագիծը:



 Պիտակներ
         ինքնահոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb