Գարնանային  «ջրերի»  սպասելիս…

Հարցազրույց 12.01.2019   13:00   42884
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխության էյֆորիան աստիճանաբար հանդարտվում է՝ տեղը զիջելով ներքին ու արտաքին մի շարք մարտահրավերների: Հեղափոխական մակընթացությունը մոտենում է  տրամաբանական վախճանին ու փոխվում տեղատվության՝ «էստաֆետը» փոխանցելով առկա և նոր-նոր ուրվագծվող լրջագույն խնդիրների:

Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո վերջինիս կողմից Իրանի հանդեպ վերսկսված պատժամիջոցները, Հայաստանի համար կենսական նշանակության Վերին Լարս անցակետի՝ արդեն «դասական» դարձող, տնտեսությունը կաթվածահար անող եղանակային «կամակորություններով» պայմանավորված ֆորս-մաժորները, ինչպես նաև երրորդ «ձեռքի»  միջամտությամբ պարբերաբար սրվող հայ-ադրբեջանական և հայ-վրացական հարաբերությունները թեկուզև հիպոթետիկ, այնուամենայնիվ ուրվագծում են խիստ մտահոգիչ հեռանկար, որոնց շուրջ էլ փորձել ենք զրուցել քաղաքական փորձագետ Արբակ Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, ասում են քաղաքականության մեջ կանխագուշակությունը՝ խիստ անշնորհակալ ու պարապ զբաղմունք է: Չասեմ կանխագուշակություն, բայց Սիրիայի և Ուկրաինայի վերաբերյալ 2003 թվականին արված Ձեր կանխատեսումները գրեթե 100 տոկոսով իրականություն  դարձան: Հետաքրքիր է, հարավկովկասյան զարգացումների վերաբերյալ ասելիք ունե՞ք: Ինչպես կգնահատեք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչ զարգացումների ականատեսը կարող ենք դառնալ մոտ ապագայում: 

- Հայաստանին ներկայացող մարտահրավերներն, իրոք, մտահոգիչ են: Ղարաբաղյան հակամարտություն, շրջափակում, կենսական նշանակության այլընտրանքային ճանապարհների փնտրտուք, էներգակիրների հետ կապված մի շարք հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների հետ առկա խնդիրներ: Սրանք՝  նախորդ իշխանության կողմից նորերին ժառանգություն թողնված խնդիրների ոչ ամբողջական ցանկն են: Լակոնիկ լինելու դեպքում պիտի նկատեմ, որ ներկա պահին Հայաստանը քաղում է նախկին իշխանավորների՝ սեփական շահը պետական նշանակության խնդիրներից վեր դասելու անցանկալի պտուղները: Մինչ հայ իշխանավորները այս ու այնտեղ սեփական բիզնեսներն էին «ծաղկեցնում», հարևան երկրները վերջին տասնամյակներում ռազմավարական նշանակության հեռանկարային խնդիրներ էին լուծում: Վրաստանի օրինակը դրա առավել քան վառ ապացույցն է: Ադրբեջանական և թուրքական կապիտալը հարևան Վրաստանում գործունեության բարենպաստ հող են ստեղծել այդ երկրների համար: Վերջիններիս կողմից ներդրված միջոցները «սողոսկել» են տարբեր ոլորտներ, այդ թվում գիտակրթական՝ այստեղից ածանցվող տրամաբանական հետևանքներով: Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի «փաթեթավորման» ադրբեջանական «օպերատիվ» փորձը նույնպես հարկ է դիտարկել այս տեսանկյունից:

Այժմ՝ Հայաստանի անմիջական հարևանի՝ պատժամիջոցների տակ հայտնված Իրանի մասին: Որ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման ենթարկված Հայաստանը ի դեմս Իրանի և Վրաստանի աշխարհի հետ հաղորդակցվելու ընդամենը երկու ելք ունի, կարծում եմ գաղտնիք չէ: Ենթադրաբար՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները կարող են որոշակի խոչընդոտներ ստեղծել հայ-իրանական հարաբերությունների համար: Թեպետ, եթե Իրանի նման գաղափարականացված և համախմբված հասարակությամբ պետության հանդեպ ավելի քան երեքուկես տասնամյակ կիրառվող պատժամիջոցները սպասվող ազդեցությունը չեն գործում, իսկ Ադրբեջանն էլ դեմ չէ «հակաիրանական բլոկ» մտնելու գաղափարին՝ անհրաժեշտության դեպքում բացահայտ պլացդարմ դառնալով Իրանի դեմ առանձին գործողությունների իրականացման համար, ապա այդ շրջափակումից հիմնականում տուժելու է «ճանապարհային քաղց» ունեցող Հայաստանը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր խոչընդոտներից մեկը տրանսպորտային լրացուցիչ ծախսերն են: Մեր գործարարները մոտ 15-20, առանձին ապրանքատեսակների գծով մինչև 25 տոկոսով ավելի տրանսպորտային ծախսեր են կատարում: Եվ այդ հարցը չի լուծվում՝ Հայաստանի շրջափակման պատճառով: Իրանական կողմից փոխադրումների գներն արդեն իսկ թանկացել են, ինչն իսկապես անելանելի վիճակ է ստեղծում հայ գործարարների համար: Թեհրանի նկատմամբ իրականացվող ամերիկյան քաղաքականության համատեքստում Իրանի անմիջական հարևանությամբ գտնվող Հարավային Կովկասը, այդ թվում նաև Հայաստանը, առանձնահատուկ կարևորություն են ստանում: Ամերիկյան կողմը Հայաստանից ակնկալում է քննադատական հայտարարություններ Իրանի հասցեին, ինչպես նաև աջակցություն տարբեր միջազգային կառույցներում Իրանին առնչվող հարցերի քվեարկության ժամանակ: Այդուհանդերձ, բոլորն էլ թերևս հասկանում են, որ անել վիճակում հայտնված Հայաստանին՝ մեծ ցանկության դեպքում անգամ Իրանի հետ հարաբերություններ պահպանելու առումով հնարավոր չէ մեղադրել: Հայկական կողմը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ացի ընթացքում շեշտեց, որ Իրանն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար, և ՀՀ վարած քաղաքականությունն Իրանի նկատմամբ բացառապես բխում է Հայաստանի կենսական շահերից: Թերևս հարցնեք՝ իսկ ի՞նչ էր անհրաժեշտ անել, որ այդպես էլ՝ հայ իշխանավորների ապաշնորհության պատճառով չի արվել: Քանի որ սա վերաբերում է հումանիտար աղետի եզրին հայտնված մի ամբողջ ազգի, ապա  մեզ շրջափակման ենթարկած երկրների հանդեպ պատժամիջոցների կիրառման և պատճառած վնասների փոխհատուցման պահանջով հարկ էր դիմել ՄԱԿ-ին ու միջազգային իրավապաշտպան այլ կազմակերպությունների: Հայ դիվանագետները Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման պարագայում անգամ՝ պետք է  ԱՄՆ-ից որոշակի «հումանիտար միջանցքներ» պահանջեին:   

- Կարծում եմ տեղին է խոսել նաև Հայաստանի «թթվածնային պահուստի»՝ Վերին Լարսի հետ կապված խնդիրների մասին: Հայտնի է, որ Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 80 տոկոսն իրականացվում է Վրաստանի տարածքով: Կցանկանայի խոսեիք ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորության և՝ Վրաստանի ու Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների մասին: 

- Որի մասնակիցն, ըստ իս, պիտի պարտադիր դառնա նաև Հայաստանը: Ու սա՝ արդար պահանջ է, որը պիտի ներկայացվի միջազգային կազմակերպություններին, քանի որ այն վերաբերում է մի ամբողջ ազգի ճակատագրի: Սա մի տարածաշրջան է, որտեղ մեծ է անկայունության հավանականությունը: Ասել է թե՝ մենք չենք կարող մնալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության «գերին»: Քանի որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքով Վրաստանի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցող ապրանքաշրջանառության վերահսկողությունը ստանձնած շվեյցարական մոնիթորինգային SGS ընկերությունը նույնպես չի կարող Հայաստանի համար կենսական նշանակության ճանապարհի անխափան աշխատանքի երաշխավորը դառնալ: Հայաստանի՝ բանակցային կողմ դառնալը բխում է նրա իսկ անվտանգության շահերից, այդ իսկ պատճառով էլ հենց Հայաստանը պիտի պահանջի միջազգային ատյաններից և իրավապաշտպան կազմակերպություններից՝ պայմանավորվածությունների խախտման դեպքում պատժամիջոցներ կիրառել կարգազանցների նկատմամբ՝ այդ կերպ փոխհատուցելով վնասը: Սահմանային անցակետերի միջազգային վերահսկման պայմանագիրը Ռուսաստանն ու Վրաստանը ստորագրել էին Առևտրի միջազգային կազմակերպությանը ՌԴ անդամակցության շուրջ ընթացած բանակցությունների շրջանակում: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանում խոսելով այս մասին՝ ի պատասխան ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորների կողմից նախագծին վերագրված՝ «Դա Վրաստանի սեպարատիստական շրջանների կարգավիճակի անուղղակի ճանաչման ակտ է»  որակմանը՝ նախ ընդգծել է, որ այն նախորդ իշխանությունից մնացած ժառանգություն է, ապա հավելել, որ դա բխում է նաև Թբիլիսիի շահերից: «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կտրականապես դեմ է Ռուսաստանի հետ առևտրային ուղիղ կապերի ակտիվացմանը հատկապես Աբխազայի ու Հարավային Օսիայի տարածքներով: Նա Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերի սերտացման կողմնակիցն է: Ինչևէ… Այսպիսով Ռուսաստանն ու Վրաստանը կատարել են այնպիսի քայլ, որը տարիների ընթացքում չէր հաջողվում իրականացնել: Խոսքը վերաբերում է Վրաստանի և Ռուսաստանի միջև դեռևս 2011թ-ին կնքված «Առևտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացմանը: Մոսկվան ու Թբիլիսին կարծես որոշել են՝ շրջանցելով սուր քաղաքական հարցերը,համագործակցել առևտրի և ճանապարհների, մասնավորապես՝ Ռոկիի և Պսոուի անցակետերի վերագործարկման հարցում: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն փաստը, որ 2016 թվականին Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 17 տոկոսով և կազմել 800 միլիոն դոլար՝ երկու երկրներն էլ զուտ տնտեսական տեսանկյունից շահագրգռված են ունենալ հուսալի ցամաքային ճանապարհ: Դեկտեմբերի 19-ին Վրաստանի հարկային ծառայությունը պաշտոնապես պայմանագիր է կնքել շվեյցարական SGS ընկերության հետ: Այն բանից հետո, երբ SGS հետ նմանատիպ պայմանագիր կնքի նաև Մոսկվան, կսկսվի դրա պրակտիկ իրականացումը: Ամփոփելով ասելիս նորից կրկնեմ, մնում եմ այն համոզմանը, որ Հայաստանը պարտադիր պետք է դառնա բանակցության կողմ, քանի որ քննարկվող խնդիրն անմիջականորեն վերաբերում է հայ ազգի կենսանվտանգությանը: Դեռ 1948թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում է ամրագրված, որ՝ «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն է աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքը», որ անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ…

- Պարոն Խաչատրյան, վերջին հարցը որն ուզում եմ ուղղել Ձեզ, վերաբերում է ՀԱՊԿ ներսում ընթացող, շատերի համար  անհասկանալի գործընթացներին: Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը:

- Ըստ իս՝ եկել է կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ պարտավորությունների հետ կապված խնդիրների պարզաբանման ժամանակը: Ինչպես շատերին, ինձ նույնպես հետաքրքիր է, թե այդ ինչպես է լինում, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ժողով են գումարում Գլխավոր քարտուղարի փոփոխության երկրորդական, երրորդական, եթե կուզեք՝ հարյուերորդական հարցը քննարկելու նպատակով, մինչդեռ հարևան երկրի կողմից կազմակերպության կազմում ընդգրկված, դաշնակից հանդիսացող երկրի՝  պարբերական դարձած սահմանային գնդակոծումներն ու մարդկային զոհերը չգիտես ինչու անտեսվում, չտեսնելու են տրվում: Մենք ուզում ենք ստանալ հստակ պատասխաններ: Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ապացուցել է հավատարիմ դաշնակից լինելու փաստը: Ցավոք, նույնը չենք կարող ասել հակառակորդ երկրին զինատեսակներ վաճառող ՀԱՊԿ որոշ գործընկերների մասին: Ուրեմն անհրաժեշտ է հստակեցնել՝ մենք դաշնակիցնե՞ր ենք, թե` ոչ, եթե դաշնակիցներ ենք, ապա պետք է որ կատարենք ստանձնած բոլոր պարտավորությունները: Մենք պետք է հստակ իմանանք՝ ում վրա կարող ենք հույս դնել, ում վրա` ոչ: Չէ, չէ, մի պահ պատկերացրեք, թե ինչ կերպ կվարվեր ՆԱՏՕ-ն՝ իր կազմում ընդգրկված երկրներից որևիցե մեկի գնդակոծման դեպքում… Սա իսկապես մտորման շարժառիթ է…

Հարցազրույցը վարեց Վահան Զարյանը

Նյութը հասանելի է նաև ռուսերեն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ադրբեջան, Իրան, ՆԱՏՕ, Վրաստան, Արբակ Խաչատրյան, Հայաստան, Թուրքիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon