Գարեգին Նժդեհ. Մտքեր

Դասեր 07.07.2020   21:00   261

Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել այն բանի համար, որի համար արժեր ապրել:
Գիտությունը մարդկայնացուցիչ հատկություն չունի – նրանից օգտվում են և´ բարի, և´ չար նպատակների համար: Ահա թե ինչով պիտի բացատրել մարդկային անհատի բարոյական անմշակությունը գիտության մեր դարում:

Մարդկայնանալու համար պետք է հետևել նախ Սոկրատին, ապա հետո՝ Դարվինին:

Աշխարհը տրված է ոչ միայն վայելելու, այլև՝ կատարելագործելու, բարեշտկելու այն – ահա հայու աշխարհըմբռնումը, նրա էթիկական բարձր հասկացողությունը, որի հետևանքով այնքան վաղ մարդկայնացավ նա՝ կանխելով գրեթե իր բոլոր հարևաններին:

Հայը հավասարապես տառապում է ինչպես իր գոյության ծանրածանր պայքարի առթաց ցավից, այնպես էլ՝ աշխարհի և մարդկային ազգի անկատարելության գիտակցությունից:

Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին որ կարող է լինել, և պետք է որ լինի:

Արդ, թե ինչու հայի մորալը էվդեմոնիստական չէ – երջանկապաշտական չէ: Նա ունի գիտակցությունը իր առաքելության, որի աստիճանական իրականացման մեջ է տեսնում երջանկության իր իրավունքը:

Նա վոլունտարիստական տիպ է: Եթե սիրեր փիլիսոփայությունը՝ նա պիտի նախընտրեր Ֆիխտեին – նրա կամապաշտական իմաստասիրությունը:

Կորուստ չկա տիեզերքում – կա անդադրում մի շարժ, որի ընթացքում կերպարանափոխվելով հոսում է ամեն ինչ: Մեռավ՝ չի նշանակում ոչնչացավ, կորավ, այլ կերպարանափոխվեց, թողնելով իր նյութեղեն անոթը երկրին, ոգին մարդկության:

Մարդկությունը տառապանքին կպարտի իր հոգևոր ողջ մշակույթը: Ով տառապանքից է փախչում, կատարելությունից է փախչում:
Պատմության նպատակն է ժողովուրդներին և մարդկային անհատներին վարել դեպի ներքին բարոյական ազատություն, առանց որի սակավարժեք է արտաքին բարոյական ազատություն, առանց որի սակավարժեք է արտաքին ազատություն:
Ազգերը մի հատիկ ճշմարիտ ազնվականություն ունեն – դա էլ ընտրանին է: … Եկեղեցական ուսուցիչ, գրող, գիտնական, զորական, գործիչ – ահա ընտրանին:

Իմ կյանքը եղել է պայքար ավատական Թուրքիայի՝ ժողովուրդների և մշակույթների պատմական դահիճի դեմ: Իմ ամբողջ գործունեությունը պայմանավորված է եղել իմ ժողովրդի կեսը բնաջնջած Թուրքիայի դեմ անհաշտ և արդարացի ատելությամբ:
Ըստ Շոպենհաուերի մարդս ցավ է պատճառում ուրիշներին, իր սեփական ցավը մեղմացնելու համար: Այդ դեպքում՝ վայրագությունը մի տեսակ դարման է իր սեփական ցավի դեմ:

Թուրքական գազանությամբ էլ պետք է բացատրել անհատ, թե հավաքական թուրքի հոգեկան տկարությունը:



 Պիտակներ
         Նժդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb