Գարեգին Նժդեհ. Առասպել և իրականություն. Մաս 2

Հայեր 20.04.2021   20:00   1715

Սկիզբն՝ այստեղ։

Կարող է թվալ, թե Նժդեհը վերջնականապես կորցրել է  իրականության հետ կապը, մի բան, որ սովորական է  յուրաքանչյուր եսակենտրոն ու ինքնամեծար խառնվածքի համար, բայց արդյո՞ք այն չափով, որպեսզի  սեփական դատողությունների մեջ հասնի կատարյալ աբսուրդի: Շատ դժվար է խուսափել  այն  տպավորությունից, որ Նժդեհը ամեն անգամ հիշեցնում է «թուրքական  գործոնի» մասին, իր այս կամ այն արարքը հիմնավորելու եւ արդարացնելու համար, սակայն, մտքում ունենալով բոլորովին այլ  բան:

Այս անգամ էլ Նժդեհը դիմում է նույն խորամանկ հնարքին, բացատրելու եւ արդարացնելու համար ԽՍՀՄ ՊԱԿ-ին ծառայելու իր  պատրաստակամությունը: Այստեղ եկեք նախ  ծանոթանանք Նժդեհի, նրա դեմ հարուցված քրեական գործով վկաների եւ գործին առնչվող այլ բանտարկյալների հարցաքննությունների արձանագրություններին, որպեսզի ավելի հեշտ լինի կռահել նրա վարքագծի իրական շարժառիթները:

Նժդեհի առաջին հարցաքննության արձանագրությունը, 12 հոկտեմբերի 1944թ., քննիչներ՝ Կարմիր բանակի «Սմերշ» հակահետախուզության սպաներ (քաղվածք), թիվ 1

ՔՆՆԻՉ

— Դուք ի՞նչ դիրք էիք զբաղեցնում դաշնակցություն կուսակցության մեջ:

ՆԺԴԵՀ

— Կուսակցության մեջ ես աչքի ընկնող դիրք եմ զբաղեցրել… հանդիսանալով Դաշնակցության կենտկոմի անդամ: Կուսակցությունից հեռացել եմ 1937-ին Դաշնակցության բյուրոյի ղեկավար Ռուբեն Տեր-Մինասյանի նկատմամբ անձնական հակակրանքի   շարժառիթով:

ՔՆՆԻՉ

– Բեռլինում ու՞մ հետ եք հանդիպել գերմանական հետախուզությունից:

ՆԺԴԵՀ

-Ես զրույց եմ ունեցել գերմանական հետախուզության ներկայացուցչի հետ, որն  իրեն անվանեց մայոր Դրում:

ՔՆՆԻՉ

— Ինչի՞ մասին էր ձեզ հետ խոսում մայոր Դրումը:

ՆԺԴԵՀ

— Դրումը հետաքրքրվեց իմ մասին, ասացի, որ ես դաշնակցական բանակի գեներալ եմ, հայ ազգայնական…նա  ինձ հարցրեց, թե մենք՝ հայերս ինչո՞վ կարող ենք օգնել Գերմանիային: Ես առաջարկեցի Բեռլինում դպրոց  բացել  հայերի համար, որտեղ  գերմանացիները նրանց  կմարզեն եւ կօգտագործեն իրենց հայեցողությամբ: Դրումը կառչեց  այդ առաջարկությունից եւ հանձնարարեց Բուլղարիայի հայերից մի խումբ ընտրել՝ մոտավորապես երեսուն հոգի եւ ուղարկել Բեռլին, որտեղ նրանց կպատրաստեն դիվերսիոն  նպատակների համար եւ կանցկացնեն Խորհրդային Հայաստան:

ՔՆՆԻՉ

— Գործնականում ի՞նչ արեցիք գերմանացիների հանձնարարությունը կատարելու  համար:

ՆԺԴԵՀ

— Ես գրեցի Հայկ Ասատրյանին, որ  նա Բուլղարիայում հայերից խումբ հավաքագրի  Բեռլին  ուղարկելու  համար…այդ խումբը  հավաքագրվեց՝ 31 մարդ: Նրանց Բեռլին ուղեկցեց ոմն Աստվածատրյան ( Ներսես Աստվածատրյան, ձերբակալվել է- Ա.Ա.), որը Սոֆիայում ամրակների խանութ ունի: Նրանք երկու  հոսքով  ուղարկվեցին  Բեռլին…այնտեղից  նրանց  փոխադրեցին Հոհեն-Բինդե, որտեղ դպրոց էր բացվել:

ՔՆՆԻՉ

— Թվարկեցեք այն անձանց, ովքեր մարզվում էին Հոհեն-Բինդեում:

ՆԺԴԵՀ — Դպրոցում հիմնականում երիտասարդներ էին, դրա համար էլ բոլորին չեմ ճանաչում, միայն դեմքով գիտեմ: Նրանցից մի քանիսին էի մոտիկից ճանաչում՝ Մարկոս Մարկոսյան՝ Սլիվեն քաղաքից, Գրիգոր Բոստանջյան՝ Բուրգասից էր, Օնիկ Պետրոսյան՝ Սլիվենից, Աբրո Գրիգորյան՝ Սոֆիայից, Մարտիկ, ազգանունը չեմ հիշում, Պլովդիվից էր: Մյուսների ազգանունները չեմ  հիշում, բայց  բոլորին դեմքով ճանաչում եմ, այնտեղ ես մի քանի անգամ եղել  եմ, բոլորի հետ հանդիպել եմ:

ՔՆՆԻՉ

— Ինչպե՞ս դասավորվեց դպրոցի ունկնդիրների հետագա ճակատագիրը:

ՆԺԴԵՀ — Բոլոր ունկնդիրներին ուղարկել են Ղրիմ…որպեսզի այնտեղից անցկացվեն   Հայաստան դիվերսիաներ կատարելու համար:

ՔՆՆԻՉ

— Ինչու՞ դիվերսանտների ուղարկումը չիրականացվեց:

ՆԺԴԵՀ

— Այդ ամենը կատարվում էր 1943-ի գարնանը, այդ ժամանակ  արդեն սկսվել  էր Կարմիր բանակի հարձակումը, այնպես որ խումբը ուղարկելու մասին արդեն խոսք չէր  կարող  լինել, գերմանացիները նահանջում էին:

Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք)17 հոկտեմբերի 1944թ., թիվ 2   

ՔՆՆԻՉ

— Ի՞նչ կասեք Զամբերգ քաղաքի ճամբարի մասին:

ՆԺԴԵՀ

— Դա էսէս-ական ճամբար էր, որտեղ մի քանի խմբեր կային կովկասյան տարբեր ազգություններից… ես իմացա, որ իմ խմբի ներսում, որը պատրաստվում էր Թուրքիայի դեմ գործողությունների՝ քայքայիչ աշխատանք է տարվում  եւ  այդ աշխատանքը կատարում էր Դրոյի կողմից հավաքագրված Սեդրակ Ջալալյանը, նրանց նպատակն էր խմբին գրավել իրենց կողմը, հետագայում Կարմիր բանակի թիկունք  անցկացնելու համար: Դրոն այդ ամենով զբաղվում էր դեռ պատերազմի սկզբից:

Խմբի ներսում խռովություն առաջացավ Ջալալյանի դեմ, խմբի անդամները կալանավորեցին նրան եւ վերցրին մոտը եղած գրագրությունները գերմանական հրամանատարության  հետ, դրանց մեջ Ջալալյանը ինձ եւ Հայկ Ասատրյանին մեղադրում էր գերմանացիների դեմ աշխատելու մեջ եւ պահանջում էր խմբի տնօրինումը  հանձնել Դրոյին:

Ես մեկնեցի Բեռլին այս միջադեպը հարթելու համար, գերմանացի մայոր Էնգելհաուպտից հրավեր ստացա այցելելու «Էդեն» հյուրանոց, որտեղ կանգ էր առել նաեւ Դրոն: Դրոն խնդրեց մոռանալ անցյալի վիրավորանքները, միավորել մեր ջանքերը Գերմանիայի օգտին եւ ակտիվացնել սփյուռքահայերի գործողությունները  Խորհրդային Միության դեմ: Դրոն ասաց, որ գերմանացիները դժգոհ  են  մեր  տարաձայնություններից: Այս բանը հաստատեց նաեւ մայոր Էնգելհաուպտը: Նա ավելացրեց, որ իմ խումբը բաժանվելու է երեք մասի՝ մի մասը պետք է ցրվի, որպես ոչ պիտանի, մի մասը պետք է ուղարկվի լեգեոնում  ծառայելու, իսկ երրորդ մասը պետք է անցնի Դրոյի  տրամադրության տակ…

ՔՆՆԻՉ

— Շարունակեք ձեր ցուցմունքը Բեռլին կատարած ուղեւորության մասին

ՆԺԴԵՀ

— …Ես նամակ գրեցի Սոֆիա, Հայկ Ասատրյանին, առաջարկելով մի 30 մարդուց բաղկացած խումբ հավաքել և նրա հետ միասին գալ Բեռլին: Իմ նամակը ստանալուց մի քանի օր անց Հայկ Ասատրյանի գլխավորությամբ Բեռլին ժամանեց երիտասարդ հայերի մի խումբ: Չէ, շփոթեցի, նախ Բեռլին եկան Հայկ Ասատրյանը, Սեդրակ Ջալալյանը եւ Ս.Պետիկյանը: Իսկ խումբը, որը ընտրված էր Բեռլինում պատրաստություն անցնելու համար՝ ժամանեց երկու հոսքով: Խմբի տեղ հասնելուն պես, Ջալալյանն ու Պետիկյանը գնացին Հոհեն-Բինդե գյուղը, որտեղ էլ խումբը հանգրավանել է ճամբարում: Իսկ ես եւ Հայկ Ասատրյանը մնացինք Բեռլինում, հայկական հարցի հետ կապված մեր գործերով զբաղվելու:

ՔՆՆԻՉ

-Ներկայացրեք խմբի մեջ մտնող հայերի անուն-ազգանունները, ովքեր ժամանել էին Բեռլին, նախապատրաստություն անցնելու:

ՆԺԴԵՀ

— Այդ խմբի կազմում ժամանել էին հետեւյալ անձինք՝

  • Մարկոսյան Մարկոս, 25 տարեկան, գաղթական է Արեւմտյան Հայաստանից, ապրում է Սլիվենում, մասնագիտությամբ, կարծես թե, կոշկակար է:
  • Պետրոսյան Օնիկ, 30 տարեկան, թուրքահայ է, վերաբնակիչ, վարսավիր է, Սլիվենում է ապրում:
  • Բոստանջյան Գրիգոր, 30 տարեկան, թուրքահայ, գրավաճառատուն ունի, Բուրգասում է ապրում (ձերբակալվել է.-Ա.Ա.):
  • Պետիկյան Սրվասար, 30 տարեկան, թուրքահայ, բուլղարական բանակի պահեստի սպա:
  • Գորգագործական ձեռնարկատիրոջ զավակ է, Պանապորիցա գյուղում է ապրում, դա Պլովդիվից հեռու չէ:
  • Ջալալյան Սեդրակ, 60 տարեկան, Խորհրդային Հայաստանից է արտագաղթել 1920-
  • 1921թվերին: Ուսուցիչ է, Վառնա քաղաքից: Հիմա Բեռլինում է, որտեղ միացել է Դրոյի խմբին: Թամազյան Արամ, 25 տարեկան, թուրքահայ, առեւտրական է՝ Վառնայից, Ջալալյանի հետ միասին մնացել է Բեռլինում, միացել է Դրոյի խմբին:
  • Գրիգորյան Աբրամ (Աբրո), 60 տարեկան, թուրքահայ, բանվոր է, Սոֆիայում էր ապրում, Սաֆրոնի փողոց: Բեռլին գալու առաջին իսկ օրերից հիվանդ էր, տեղափոխվել էր հիվանդանոց, բայց չգիտեմ, թե հիմա որտեղ կարող է լինել:
  • Մինասյան, անունը չգիտեմ, 27 տարեկան է, բանվոր, թուրքահայ, ապրում է Վառնայում: Մարտիկ, ազգանունը չգիտեմ, 50 տարեկան է, թուրքահայ վերաբնակիչ, փականագործ է, Պլովդիվում փականագործական արհեստանոց ունի (ձերբակալվել է.-Ա.Ա. ):
  • Օնիկ, ազգանունը չգիտեմ, 25-30 տարեկան է, թուրքահայ, Սոֆիայում է ապրում,կոշկակար է:
  • Մյուսների ազգանունները չգիտեմ: Նրանց լավ գիտի դոկտոր Հայկ Ասատրյանը, նա Սոֆիայում է, իր  քենակալի տանը, որը սրճարանատեր է: Նրա հասցեն կարելի է իմանալ հայկական եկեղեցու միջոցով: Բեռլին մեկնած ամբողջ խմբի ցուցակը կազմել է դոկտոր Ասատրյանը (մենք չգիտենք, Ասատրյանին գտնելու համար դիմեցի՞ն արդյոք չեկիստները տեղի եկեղեցու օգնությանը, ինչպես Նժդեհն է խորհուրդ տալիս, բայց շատ չանցած Սոֆիայում Հայկ Ասատրյանը հայտնաբերվում եւ ձերբակալվում է-Ա.Ա.):

Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք)17 հոկտեմբերի 1944թ., թիվ  3

ՔՆՆԻՉ

— Ասացեք, ի՞նչ է ձեզ հայտնի գերմանական հետախուզության օգտին Դրոյի  ծավալած գործունեությունից:

ՆԺԴԵՀ

— Պատերազմի առաջին իսկ օրերին Դրոն Բուխարեստում ժողով հրավիրեց, այստեղ նա  ներկայացրեց Գերմանիայի օգտին  դաշնակցական կազմակերպությունների  անելիքների  ծրագիրը: Մասնավորապես, Խորհրդային Միության դեմ ուժեր հավաքագրելու մասին: Այս  հավաքում  ընտրվեց քաղաքական հանձնախումբ, որը  բաղկացած էր  հինգ  մարդուց՝ Վահան  Փափազյան, թուրքահայ, ներկայումս  գտնվում  է  Բեռլինում, Դավիթխանյան, խորհրդային  վտարանդի, գտնվում է Բեռլինում, Սարգսյան Եփրեմ, վտարանդի, ներկայումս գտնվում է Բուխարեստում, Արարատյան Սարգիս, մահացել է, Կանայան Դրո: Քաղաքական  հանձնախումբը պետք է  բանակցություններ վարեր գերմանաֆաշիստական կառավարության հետ  եւ  կապեր հաստատեր Իտալիայի  հետ:

Նժդեհի հարցաքննության արձանագրությունը ( քաղվածք) 18 հոկտեմբերի 1944թ.թիվ 4

ՔՆՆԻՉ

— Շարունակեք ցուցմունքը Դրոյի՝գերմանական հետախուզության օգտին կատարած գործունեության մասին

ՆԺԴԵՀ

— Անձամբ ինձ հայտնի է, որ Բուխարեստում գտնվող Սարգսյան Եփրեմը երկու անգամ Բեռլին է գնացել հետախուզության եւ հավաքագրման գործով: Սարգսյանը Դրոյի մերձավոր բարեկամներից է եւ տեղյակ է գերմանական հետախուզական մարմինների օգտին կատարած նրա ամբողջ գործունեությունից:

Դրոյի մտերիմ մարդկանցից էր դաշնակցություն կուսակցության Ռումինիայի կոմիտեի անդամ Սարգիս Սարունին, նա Բուխարեստում է ապրում:

Դրոյի շտաբի պետը…Բաղդասարյան Տիգրանն էր…Նա շրջում էր Ուկրաինայի օկուպացված մասերում, ասում էին, որ  հետախուզական ծառայության մեջ գերմանացիների օգտին մեծ ակտիվությամբ է աշխատել: Թե հիմա որտեղ է՝չգիտեմ:

Դրոյի խմբի մեջ էր նաեւ հին դաշնակցական մաուզերիստ ոմն Հարութիկ, ազգանունը ինձ հայտնի չէ, Հարութիկն էլ էր Դրոյի հետ Ուկրաինայի ու Կովկասի օկուպացված շրջաններում, գերմանացիների օգտին ակտիվորեն լրտեսությամբ է զբաղվել (մաուզերիստ Հարութիկը ձերբակալվում է, 1955-ին ազատ է արձակվում-Ա.Ա.):

Դրոյի վստահելիներից էր Հայաստանից տարագրված  դաշնակ Արտոն, դաշնակների իշխանության ժամանակ Աշտարակում ոստիկանապետ է եղել, կամ օգնական …Նա էլ էր գերմանացիների օգտին լրտեսությամբ զբաղվում օկուպացված տարածքներում: Արտոն հիմա պետք է Բուխարեստում լինի, այնտեղ բոլոր հայերը նրան ճանաչում են:

1941-ի վերջին հունական անձնագրով Սոֆիա եկավ Ժան Միանսարյանը, որը ավանտյուրիստի տպավորություն էր թողնում, ասելով, որ նյութական կարիքի մեջ է, Սոֆիայում եւ Պլովդիվում մի քիչ փող հավաքեց ճանապարհի համար: Մի 20 օր անց Միանսարյանը նորից հայտնվեց Սոֆիայում, նա դոկտոր Հայկ Ասատրյանին հայտնել էր, որ ուզում է ֆինանսավորել նրա հրատարակած «Ռազմիկ» թերթը: Սրա մասին ես հայտնեցի բուլղարական ոստիկանությանը, որն էլ նրան ձերբակալեց: Բայց  հետո միջամտեցին գերմանացիները եւ նրան տարան Բեռլին: Թե հիմա որտեղ է գտնվում, ինձ հայտնի չէ:  Ավելացնեմ, որ Դրոյի կազմակերպած քաղաքական հանձնախմբի անդամ Դավիթխանյանը դեռ պատերազմից էլ շատ առաջ Գերմանիայի արտգործնախարարության ծպտված լրտեսն էր: Նրա գաղտնի համագործակցությունը Բեռլինում շատ հայերի է հայտնի:

Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք) 19.10.1944թ.թիվ 5

ՔՆՆԻՉ

— Ինչու՞ Դուք գնացիք Բերդյանսկ

ՆԺԴԵՀ

— Ղրիմից վերադառնալիս ես կանգ առա իմ հին ծանոթ Մանուչարյան Գասպարի մոտ, որի իսկական ազգանունը Գասպարյան է, ծնունդով Նախիջեւանից է… դաշնակ է եղել: Նա այժմ Բերդյանսկում պետք է լինի, որտեղ գերմանական օկուպացիայի ժամանակ մի ճաշարան ուներ, շուկայի մոտ…

Նա ինձ  պատմեց, որ Դրոն հորդորել է  նրան եւ նրա  ընկերներին, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել  Զանգեզուրի եւ Ղարաբաղի տարածքներում, այնտեղ ընդհատակյա խումբ ստեղծելու  եւ ԽՍՀՄ-ի դեմ խափանարար գործողություններ ու դիվերսիաներ կատարելու համար: Սակայն ես չգիտեմ, Դրոն անցկացրե՞լ է այդ մարդկանց Կարմիր բանակի թիկունքը, թե ոչ: Կարծում եմ, այդ մասին Հրայրը պետք է որ իմանա: Բերդյանսկում գտնվելուս ժամանակ ես Գասպարյանից իմացա, որ Կովկասի օկուպացված մասում գործել է Դրոյի խումբը՝ բաղկացած մի քանի երիտասարդ ուսանող դաշնակցականներից, որոնք սովորում էին Բեռլինում:


Իր բանտային գրառումներում էլ Նժդեհը չի խնայում «հայրենիքի դավաճան» Դրոյին, եկեք կարդանք.

«Սովետա- գերմանական պատերազմը սկսվելուն պես ասպարեզում անմիջապես հայտնվեց Դրոն: Նա մի ժողով հրավիրեց  Բուխարեստում: Այդ ժողովից հետո Բուլղարիա ժամանեց  Դրոյի մերձավոր օգնական  Հովհաննես Դեւեջյանը հայ  բնակչության շրջանում աշխատանքներ տանելու համար: Նա ցուցակներ էր կազմում եւ միաժամանակ  գերմանացիների օգտին քարոզչություն  ծավալում: Ռումինիայում  ստեղծվում է  քաղաքական կոմիտե, որը սկսեց հսկայական գումարներ հավաքել  դեռեւս գոյություն չունեցող հայկական կորպուսի համար, որի հրամանատարը  Կանայանն էր նշանակվել: Ավարտելով այս նախապատրաստությունները Դրոն մեկնեց Գերմանիա, որտեղ գերմանացիների օգտին աշխատելուն զուգահեռ  զբաղվում էր նաեւ իրեն բնորոշ խարդախություններով…

Մի քանի գերմանացի սպաների հետ միասին  նա մի խոշոր թալանչիական գործ նախաձեռնեց՝ ոսկի եւ արծաթ հավաքելով միլիոններ դիզեց: Բացի այդ, նա գերմանական  որոշ հաստատությունների կեղծ փաստաթուղթ էր ներկայացնում դաշնակցության Ֆրանսիայի կենտկոմի  կեղծված  ստորագրությամբ: Դրոյի այս մութ խարդավանքների մասին իմանալով  Արարատյանը նրա հետ վիճաբանություն ունեցավ:

Դրոյին սանձելու նպատակով Հայկ Ասատրյանի հետ միասին  մենք  մի մեղադրական ակտ ստորագրեցինք Կանայանի դեմ…սպառնալով, որ նրան  հասարակության դատին կհանձնենք, եթե նա հետ  չվերադառնա  արեւելյան ճակատից: Մեր այս նամակը հանձնվել է Դրո Կանայանին: Գերմանացիների մոտ իր վարկը բարձրացնելու համար եւ նրանց ձեռքով մեզ եւ Արարատյանին ոչնչացնելու ստոր մտադրությամբ Դրոն մեր նամակը փոխանցել  է  էսէսականներին: Հարստություն կուտակելու  խելահեղ  ցանկությամբ տարված, Դրոն այդպես էլ մնաց  անուղղելի»:

Կալանավոր Հովհաննես Դեւեջյանի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք), 28 օգոստոս 1947թ., թիվ 6

ՔՆՆԻՉ

— Ի՞նչ է ձեզ հայտնի Նժդեհի՝ Գարեգին Տեր-Հարությունյանի մասին:

ԴԵՎԵՋՅԱՆ

— Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը 60-ից անց է, ծնվել է Նախիջեւանի ԻՍՍՀ-ի գյուղերից մեկում, հին դաշնակցական է, Բալկանյան պատերազմի ժամանակ՝1912 – 1913 թթ  հայտնի խմբապետ Անդրանիկի հետ միասին կամավորական ջոկատ է գլխավորել, որը կռվել է թուրքերի  դեմ: Առաջին աշխարհամարտի տարիներին Կովկասում ակտիվորեն  մասնակցել է կամավորական ջոկատների ձեւավորման գործին, թուրքերի դեմ կռվելու  համար: Հայաստանում դաշնակցության իշխանության ժամանակ  ուղարկվել է Զանգեզուր, տեղի  ադրբեջանցիներին զսպելու եւ ապա կարմիր բանակի դեմ կռվելու համար, այստեղ նա իրեն սպարապետ հռչակեց: Զանգեզուրում կառավարություն ձեւավորվեց, Նժդեհը  դարձավ վարչապետ ինչպես նաեւ զինված ուժերի նախարար եւ արտաքին գործոց  նախարար: Այդ կառավարության մեջ ես նշանակվել եմ լուսավորության եւ  արդարադատության նախարար: Նժդեհը  Զանգեզուրում գազանաբար սպանել էր  կոմունիստներին, նրանց  Տաթեւի ժայռից կենդանի նետելով անդունդը: Այս մասին ես նախ  տեղեկացա  դաշնակցության ղեկավարներից, իսկ հետո Նժդեհը ինքն էլ ինձ հայտնեց դրա  մասին, ասելով, թե վարվել է որպես պետական գործիչ, այլ ոչ որպես քրիստոնյա: Նժդեհի  այս  արարքը նույնիսկ քննարկվեց կուսակցական ատյանի կողմից, որը կայացել է Թավրիզում եւ որտեղ Նժդեհը մեղադրվում էր դաշնակցական զինվորական Ասլանյանի  սպանության  մեջ: Կուսակցական դատարանը Նժդեհին հեռացրեց կուսակցությունից: Թավրիզում Նժդեհը ապրում էր կիսագաղտնի, վախենում էր իր կողմից խաբված ժողովրդի  դատաստանից: 1925-ին Նժդեհը վերականգնվեց կուսակցության մեջ… 1932-ին նա մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ դաշնակցության օգտին քարոզչություն անելու, միաժամանակ ստեղծել է այսպես կոչված «Ցեղակրոնների» խմբեր, որոնց մեջ  մտնում էին երիտասարդ դաշնակցականները:

ՔՆՆԻՉ

– Ի՞նչ եք հասկանում «Ցեղակրոն» ասելով:

ԴԵՎԵՋՅԱՆ

-Ասել է թե՝ խոնարհվել ցեղին ու պահպանել նրա  մաքրությունը, սա հավասարազոր է նացիզմ–հիտլերիզմին: Այսինքն, Նժդեհը իր «Ցեղակրոնով» ֆաշիզմ  էր  քարոզում  հայ  իրականության  մեջ: 1936  թե 1937 թվին Նժդեհը երկրորդ անգամ հեռացվեց  կուսակցությունից պառակտողական գործունեության համար: Երկրորդ համաշխարհային  պատերազմի  տարիներին Նժդեհը ակտիվորեն համագործակցում էր գերմանացիների հետ: Նա ճառերով  հաճախակի հանդես էր գալիս հայ ռազմագերիների առաջ, կոչ անելով  զինված  պայքար  սկսել Խորհրդային Միության դեմ՝ ասելով. «Գերմանիայի համար զոհվելը՝ նշանակում է զոհվել Հայաստանի համար»:

ՔՆՆԻՉ

— Ասացեք, քանի՞ մարդ է սպանվել Տաթեւի ժայռերից նրանց անդունդը նետելով:

ԴԵՎԵՋՅԱՆ

— Սպանվածների ճշգրիտ թիվը ինձ հայտնի չէ, էսէռ Խոնդկարյան Արշամը  Նժդեհի  արարքից  զայրացած, Թավրիզում ինձ հետ զրույցի ժամանակ ասաց. «Այդ  սրիկան  նույնիսկ կանանց չի խնայել»:

Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք ) 2 սեպտեմբեր 1947թ., թիվ 7

ՔՆՆԻՉ

— Ձեր վերջնագրի մեջ Դուք գրել եք. «Թուրքերին եւ ռուսներին ես բավականությամբ եմ  ոչնչացնում՝ ինչպես կռվի ժամանակ, այնպես էլ՝ կռվից  դուրս»: Ասել եք. «Իմ վերաբերմունքը  ռուս մարդու նկատմամբ ավելի մարդասիրական է եղել, քանզի չէի կարող տանել, որ կարմիրբանակայինի հետ անմարդկային վարվեն»: Ինչպես տեսնում եք, փաստաթղթերը վկայում են, որ Դուք անկեղծ չեք հետաքննության հետ: Հետաքննությունը պահանջում է, որ Դուք ճշմարտությունն ասեք Զանգեզուրում ձեր հրամանով կատարված սպանությունների մասին:

ՆԺԴԵՀ

– Իմ բառերի հոգեբանությունը՝ «Թուրքերին եւ ռուսներին ես                                                            բավականությամբ եմ ոչնչացնում, ինչպես կռվի ժամանակ, այնպես էլ՝ կռվից  դուրս», նրանում է, որ ցանկանալով կարմիր բանակի հետ ընդհարումներից խուսափել, փորձել եմ  վախեցնելու միջոցով խուճապ առաջացնել Քուրդքենդ եկած դիվերսանտների մեջ, ես նրանց  առաջարկել եմ հեռանալ:

ՔՆՆԻՉ

– Իսկ քանի՞ մարդ է սպանվել ձեր հրամանով «կռվից դուրս»:

ՆԺԴԵՀ

– Կռվից դուրս իմ հրամանով ոչ մի մարդ չի սպանվել:

ՔՆՆԻՉ

– Ասացեք, ի՞նչ նպատակ է հետապնդել 1920-ի դեկտեմբերի 25-ին Տաթեւում  հրավիրված համազանգեզուրյան համագումարը, ի՞նչ որոշումներ են ընդունվել եւ Դուք այնտեղ ի՞նչ դեր եք ունեցել:

ՆԺԴԵՀ

– Այդ  համագումարում ես որեւէ դեր չեմ ունեցել, չնայած սպարապետ եմ ընտրվել: Համագումարը նպատակ է հետապնդել  նորմալ վիճակ ստեղծել Զանգեզուրում եւ սպասել հարմար պահի Հայրենիք-Հայաստանին միանալու համար:

ՔՆՆԻՉ

– Ո՞ր Հայաստանին պետք է միանար Զանգեզուրը:

ՆԺԴԵՀ

– Խորհրդային Հայաստանին:

ՔՆՆԻՉ

– Ոչ, դա այդպես չէ, համագումարի աշխատանքը ուղղված է եղել բացառապես  խորհրդային  իշխանության դեմ եւ նպատակ է ունեցել ուժեղացնել պայքարը կարմիր Հայաստանի դեմ:

ՆԺԴԵՀ

– Ինքնավար  կառավարության ամբողջ  գործունեությունը մի նպատակ է ունեցել՝ որպեսզի  հասկանան, թե ինչու է նա  դեմ Զանգեզուրը Ադրբեջանին  միացնելուն եւ որ  ձգտում է միանալու իր հարազատ Խորհրդային Հայաստանին: Հենց դրա համար էլ  բանակցություններ էր վարում Խորհրդային Հայաստանի կառավարության հետ

ՔՆՆԻՉ

— Դուք դա պնդու՞մ եք:

ՆԺԴԵՀ

— Այո:

ՔՆՆԻՉ

— Այդ դեպքում, ինչու՞ Դուք խռովություն բարձրացրիք եւ կռիվներ սկսեցիք կարմիր բանակի դեմ:

ՆԺԴԵՀ

— Դաշնակների 1921-ի խռովությունը կազմակերպել էր Վրացյանի գլխավորած  «Փրկության կոմիտեն»:

ՔՆՆԻՉ

— Իսկ մի՞թե Դուք կապված չէիք եւ չէիք ենթարկվում «Փրկության կոմիտեին»:  ՆԺԴԵՀ — Ոչ, «Փրկության կոմիտեի» հետ ես որեւէ առնչություն չեմ  ունեցել:

Գործով վկա Արսեն Հոյլունցի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք )16 սեպտեմբերի 1947թ., թիվ 8

Ասացեք Դուք ճանաչու՞մ եք Նժդեհ-Գարեգին Տեր-Հարությունյանին:

ՀՈՅԼՈՒՆՑ

— Այո, Գարեգին Նժդեհին ես ճանաչում եմ Զանգեզուրից: Նժդեհը գլխավորում էր  դաշնակցական զինված ուժերը Ղափանի շրջանում:

ՔՆՆԻՉ

— Ասացեք, ի՞նչ գործողությունների է դիմել Նժդեհը Զանգեզուրի հեղափոխական  կոմունիստների դեմ:

ՀՈՅԼՈՒՆՑ

— 1920-ի մայիսի 27-ին Խնձորեսկի ընդհատակյա կոմունիստական կազմակերպությունը ապստամբություն սկսեց  դաշնակների դեմ: Այն ճնշվեց Դրոյի ու  Նժդեհի գլխավորած զինված ուժերի կողմից: Նժդեհի հրամանով գնդակահարվեցին ակտիվ մասնակիցներ Իթիբարյան Իսկանդարն ու Ղարագյոզյան Մակիչը:

ՔՆՆԻՉ

— Կատարվածի մասին Դուք  որտեղի՞ց գիտեք եւ ո՞վ կարող է դա հաստատել:

ՀՈՅԼՈՒՆՑ

— Ես  ինքս ապստամբության ակտիվ  մասնակից եմ եղել, ինձ գերի վերցրին: Գնդակահարության օրը ես կալանավորված էի  դպրոցի մոտ  գտնվող  շինության  մեջ: Պատուհանից ես տեսա, որ Իթիբարյանին ու Ղարագյոզյանին դուրս  բերեցին այդ  նույն շինությունից, որտեղ  ես փակված էի: Հիշում եմ, որ Նժդեհը մոտեցավ զինվորներին, ինչ-որ բան ասաց, որից հետո գնդակահարությունը ի կտար ածվեց: Նրանց գնդակահարեցին  հրապարակավ՝ Խնձորեսկի բնակչության աչքի առաջ: Զինվորները շրջապատել էին  ժողովրդին, որպեսզի ոչ ոք չհեռանա, բոլորը տեսնեն գնդակահարությունը: Այս փաստը կարող են  հաստատել Ջանունց Ավագը, Մարտիրոսյան Սերգեյը, Ասատրյան Մաթեւոսը:

1920-ի դեկտեմբերին եւ 1921-ի հունվարին Նժդեհի հրամանով Խնձորեսկում գնդակահարվեցին վեց  հայ կոմունիստներ՝ Բալոյան Հովհաննեսը,Մարտիրոսը (ազգանունը չեմ հիշում ), մի կին՝ Սոնա անունով եւ էլի ուրիշներ: Այդ վեց կոմունիստները հողին են  հանձնվել գյուղի դպրոցի  բակում: 1921-ի սկզբին Ղափանում Նժդեհի հրամանով  գնդակահարվել են կուսակցության Զանգեզուրի գավառկոմիտեի նախագահ Սեյլին, Ղափանի կազմակերպության ղեկավար Բագրատ Հարությունյանը եւ մի քանի ուրիշ աչքի ընկնող կոմունիստներ: Այս փաստը կարող են հաստատել Մանուչարյան Գերասիմը, Պետրոսյան Մակիչը:

ՔՆՆԻՉ

— Ի՞նչ է ձեզ  հայտնի Տաթեւում Նժդեհի կատարած գազանային սպանությունների  մասին:

ՀՈՅԼՈՒՆՑ

— 1920-ի վերջին եւ 1921-ի սկզբին Նժդեհի հրամանով գնդակահարել կամ կենդանի անդունդն են  նետել  400-ից  ավելի  ռուս կարմիրբանակայինների, գյուղացիների  ու  հայ  բանվորների: Զանգեզուրում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո ես  նշանակվեցի կուսշրջկոմի Տաթեւի տեղամասի  քարտուղար: Տաթեւում սպանվածների  դիակները իմ ղեկավարությամբ դուրս են  բերվել  անդունդից եւ հողին են հանձնվել:

Մոտավորապես 400 դիակ է  եղել: Տաթեւի դեպքերը  կարող են հաստատել Խուրշուդյան  Ասատուրը, Կարապետյան Սողոմոնը,Պարոնյան Ասատուրը,Ղարիբյան Ռուբենը եւ ուրիշներ:

ՔՆՆԻՉ

— Որեւէ բան ունե՞ք ավելացնելու:

ՀՈՅԼՈՒՆՑ — Նժդեհի չարագործությունների մասին ինչ որ գիտեի, ներկայացրի, միայն  ավելացնեմ, որ  Զանգեզուրի ժողովուրդը, թե բանվորները, թե գյուղացիները Նժդեհին  համարում են հայ ժողովրդի դահիճը:

Գործով վկա Ավագ Ջանունցի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք ) 17 սեպտեմբերի 1947թ., թիվ 9

Ասացեք, ի՞նչ է ձեզ հայտնի Զանգեզուրում Նժդեհի ծավալած  հակախորհրդային  գործունեության մասին:

ՋԱՆՈՒՆՑ

— 1920-ի մայիսի 28-ին Խնձորեսկում ու մոտակա մի քանի գյուղերում խռովություն սկսվեց դաշնակների իշխանության դեմ, որը ճնշվեց Նժդեհի կողմից, ապստամբների մի մասը, այդ թվում նաեւ ես, թաքնվեցին անտառներում, իսկ մի մասին  Նժդեհը ձերբակալեց: Ապստամբության ղեկավար Իթիբարյան Իսկանդարին եւ կոմունիստ  Մակիչի հորը անձամբ Նժդեհն է գնդակահարել:

ՔՆՆԻՉ

— Ո՞վ կարող է հաստատել Իթիբարյանի եւ Ղարագյոզյանի հոր գնդակահարության  փաստը:

ՋԱՆՈՒՆՑ

— Հոյլունց Արսենը եւ Ասատրյան Մաթեւոսը, գնդակահարության օրը նրանք  գտնվելիս են եղել Խնձորեսկում: 1921-ի հունվարի 6-ին Նժդեհի հրամանով  հրապարակորեն  գնդակահարվել են Հովհաննիսյան Ստեփանը, Թառյան Սոնան եւ Թեւունց  Թադեւոսը…Բայց  Նժդեհի  ամենազազրելի չարագործությունն այն էր, որ  նրա հրամանով  Տաթեւի  անդունդն  են նետել 263 ռուս  կարմիրբանակայինի՝ մի  մասին կենդանի, մի մասին էլ՝ գնդակահարելուց  հետո:

Սա կարող են հաստատել Թովմասյան Հարությունը, Խուրշուդյան Ասատուրը, Խուրշուդյան  Արշակը: 1920-ի դեկտեմբերին Նժդեհի հրամանով Ղափանի՝ ջրով լցված խորը  հանքահորերում խեղդել են շատ հեղափոխականների՝ հայերի եւ  կարմիրբանակայինների:Այս փաստը ես անձամբ եմ ստուգել, լինելով Ղափանի միլպետը, կարող են  հաստատել Մարտիրոսյան Արտաշեսը եւ Մարտիրոսյան Մարտիկը: 1920-ի  նոյեմբերին Նժդեհը Գորիսում գերի էր  վերցրել կուսակցության Գորիսի քաղկոմի քարտուղար Սեյլիին, որը Նժդեհի հետ էր  սովորել: Մեկուկես ամիս բանտում պահելուց  հետո  Նժդեհը  հրաման է տալիս իր օգնական Գերասիմ Աթաջանյանին՝ գնդակահարել Սեյլիին: Հրամանը անհապաղ կատարվում է: Այս փաստը կարող են հաստատել արդեն վերը  հիշատակված Մարտիրոսյան Արտաշեսը եւ Մարտիրոսյան Մարտիկը: Սեյլիին ես եմ գտել  տան նկուղում, որտեղ գնդակահարել էին:

Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք)18 սեպտեմբերի 1947թ., թիվ 10 

ՔՆՆԻՉ

— Դուք ճանաչու՞մ եք Սեյլիին:

ՆԺԴԵՀ

— Այո, ես Սեյլիին ճանաչում եմ Թիֆլիսից, միասին խմբագրում էինք «Պատանի» գրական ալմանախը: Չգիտեմ թե ինչու, նա հայտնվել էր Զանգեզուրում: Խորհրդային զորքի նահանջից հետո ես մտա Գորիս: Բանտը դիտելու ժամանակ ես այնտեղ տեսա խորհրդային իշխանության կողմից կալանավորված մարդկանց, նրանց մեջ նաեւ Սեյլին էր: Իր կալանավորման մասին նա՛ ինձ պատմեց: Ասաց, որ ինքը պետք է աշխատանք տաներ իմ դեմ, բայց քանի որ մենք մտերիմներ էինք՝ նա հրաժարվել է կատարել առաջադրանքը, հենց դրա համար էլ կալանավորել են: Ես նրան ազատ արձակեցի, բնակվում էր Ղափանում, որտեղ իմ շտաբն էր: 1920 –ի  ձմռանը Սեյլին սպանվում է, մի վարկածով նրան սպանել է դաշնակների ռազմական նախարար Ռուբեն Տեր–Մինասյանը, մեկ այլ վարկածով՝տեղի բնակիչներն են սպանել, փախուստի փորձ կատարելու ժամանակ:

ՔՆՆԻՉ

— Դուք ճիշտ չեք ասում,Սեյլիին Դուք եք սպանել, իմանալով, որ նա  կոմունիստ է:

ՆԺԴԵՀ

— Ես պնդում եմ իմ ցուցմունքը:

Եթե նա հրաժարվել էր հանդես գալ ձեր դեմ, ասել է թե՝դաշնակների դեմ, Տեր – Մինասյանը ինչու՞պետք է նրան սպաներ:

ՆԺԴԵՀ

— Տեր-Մինասյանը չարությամբ էր լցված կոմունիստների հանդեպ…նա իմ  դեմ էլ էր, քանի որ ես ապաստան էի տվել Սեյլիին:

ՔՆՆԻՉ

— Ձեզ է ներկայացվում գործով վկա Ջանունց Ավագի ցուցմունքը, որով  հայտնում է, որ Դուք գերի եք վերցրել…Սեյլիին եւ մեկուկես ամիս բանտում պահելուց  հետո հրաման եք տվել ձեր օգնական Գերասիմ Աթաջանյանին՝գնդակահարել նրան, ինչն էլ կատարվել է:

ՆԺԴԵՀ

— Ես դա ժխտում եմ:

ՔՆՆԻՉ

— Ձեզ է ներկայացվում գործով վկա Հոյլունց Արսենի ցուցմունքը, նա հայտնում է, որ Գորիսում Դուք գնդակահարել եք Սեյլիին: Դուք դարձյա՞լ ժխտում եք, որ Սեյլիի սպանությունը կատարվել է ձեր հրամանով:

ՆԺԴԵՀ

— Այո, ժխտում եմ:

ՔՆՆԻՉ

— Հետաքննությունը ձեզ առաջարկում է ճշմարտությունն ասել:

ՆԺԴԵՀ

— Ես պնդում եմ իմ ցուցմունքը:

Նժդեհի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք)19 սեպտեմբերի 1947թ., թիվ 11

ՔՆՆԻՉ

-Հետաքննությունը տվյալներ ունի, որ 1920-ի վերջերին եւ 1921-ի սկզբներին ձեր հրամանով Տաթեւի անդունդն են նետել հարյուրավոր մարդկանց՝ կոմունիստներ եւ կարմիրբանակայիններ, ի՞նչ կասեք այս մասին:

ՆԺԴԵՀ

-Տաթեւի վանքից անդունդը նետել են միայն երկու մարդու,նրանց այնտեղ էր բերել Վրացյանի գլխավորած «Փրկության կոմիտեն», որի հրամանով էլ հենց կատարվել է այդ սպանությունը:

ՔՆՆԻՉ

— Ես ձեզ ներկայացնում եմ Հոյլունցի ցուցմունքը. «…Նժդեհի հրամանով գնդակահարել կամ կենդանի անդունդն են նետել 400-ից  ավելի ռուս կարմիրբանակայինների, կոմունիստների, գյուղացիների եւ հայ  բանվորների…»

ՆԺԴԵՀ

— Ես դա ժխտում եմ:

ՔՆՆԻՉ- Ես ձեզ ներկայացնում եմ գործով վկա Ջանունց Ավագի ցուցմունքը. «…Նժդեհի  հրամանով Տաթեւի անդունդն են նետել 263 ռուս  կարմիրբանակայինների, մի մասին՝ կենդանի, մի մասին էլ գնդակահարելուց հետո»: Դուք դարձյա՞լ ժխտում եք:

ՆԺԴԵՀ

— Այո, ժխտում եմ, վկաներ Հոյլունցի եւ Ջանունցի ցուցմունքները ճշմարիտ չեն: Ես կարծում եմ, հնարավոր է, որ վկա Հոյլունցը եւ Ջանունցը նկատի ունեն Զավալ փաշայի ջոկատի այն 200 թուրքերին, որոնց խորհրդային իշխանությունը  օգտագործում էր մեր դեմ եւ որոնց գնդակահարել են ու նետել անդունդը:

ՔՆՆԻՉ

— Նրանք թուրքեր չեն եղել, այլ կոմունիստներ եւ կարմիրբանակայիններ: Հետաքննությունը նորից պահանջում է ճշմարիտ ցուցմունքներ տալ:

ՆԺԴԵՀ

— Ես պնդում եմ, որ սպանվածները թուրքեր էին, որոնք կարմիրբանակայինի  համազգեստ էին հագել, երեւի հենց այդ պատճառով էլ վկաներ Հոյլունցն ու Ջանունցը  ենթադրել են, որ նրանք ռուս եւ հայ կարմիրբանակայիններ են եղել:

Գործով վկա Ասատուր Պարոնյանի հարցաքննության արձանագրությունը (քաղվածք) 22 սեպտեմբերի 1947թ., թիվ 12

ՔՆՆԻՉ

— Ասացեք, որտե՞ղ եք Դուք գտնվել 1920 -1921-ի ժամանակահատվածում:

ՊԱՐՈՆՅԱՆ

— Կարմիր բանակի բրիգադի կազմում ես ծառայում էի Լեռնային  Ղարաբաղում, ինձ գերի վերցրեց խմբապետ Թեւանի գլխավորած դաշնակցական  զինված խմբավորումը: Դա կատարվել է 1920-ի նոյեմբերին կամ դեկտեմբերին: Ինձ ու եւս  յոթ ռուս կարմիրբանակայինի տեղափոխեցին Գորիս, որտեղ բանտում մնացինք չորսուկես ամիս, իսկ ապա մեզ տարան Տաթեւի վանք:

ՔՆՆԻՉ

— Ի՞նչ է ձեզ հայտնի Տաթեւում կոմունիստների եւ կարմիրբանակայինների  սպանությունների մասին:

ՊԱՐՈՆՅԱՆ

— Բանտում ինձ հետ նստած էր 23 մարդ, որոնցից 7-ը ռուս  կարմիրբանակային էին, մնացածը հայեր էին: Նրանցից 15-ին գնդակահարեցին եւ անդունդը նետեցին, իսկ 8 հոգի, այդ թվում՝ ես ազատ արձակվեցին: Գնդակահարվածներից մի քանիսի անունը հիշում եմ, Սիսիանից՝ Ալեքսանը, Շինուհայրից՝ Կոստանդը, Իվան Մարգարյանը՝ Քարաշենից:

ՔՆՆԻՉ

— Ու՞մ հրամանով նրանց գնդակահարեցին:

ՊԱՐՈՆՅԱՆ

— Հրաման տվողը եղել է սպարապետը՝ Նժդեհը, իսկ գնդակահարությունների կատարումը անմիջականորեն ղեկավարում էր խմբապետ  Քուրդ Եփրեմը:

ՔՆՆԻՉ

— Տաթեւում գնդակահարության էլ ի՞նչ փաստեր են ձեզ հայտնի :

ՊԱՐՈՆՅԱՆ

— Երեւանից նահանջելով դաշնակցականները իրենց հետ Տաթեւ բերեցին շուրջ 500  ձերբակալված կոմունիստների:Նրանց մտադիր էին գնդակահարել, բայց Ռուբեն փաշան (Ռուբեն Տեր–Մինասյան-Ա.Ա.) թույլ չտվեց կատարել Նժդեհի հրամանը: Այդ 500-ից գնդակահարվեց մոտ 40-ը:

ՔՆՆԻՉ

— Ընդհանուր առմամբ, Տաթեւում քանի՞ մարդ է սպանվել 1921-ին:

ՊԱՐՈՆՅԱՆ

— Սպարապետ Նժդեհի հրամանով Տաթեւում սպանվել են շուրջ 400  կոմունիստներ ու կարմիրբանակայիններ:

ՔՆՆԻՉ

— Մի գուցե նրանց մեջ թուրքեր է՞լ են եղել:

ՊԱՐՈՆՅԱՆ

— Ոչ, այդ սպանվածների մեջ ոչ մի թուրք չի եղել:


Ներկայացված վավերագրերը, կարծես, կասկածելու տեղ չեն թողնում ՊԱԿ-ին իր ծառայությունները առաջարկելու Նժդեհի իրական շարժառիթների մասին: Թուրքիայի դեմ պայքարի պատրվակը մատի փաթաթան դարձնելով,Նժդեհը իրականում շատ  պարզ ու մարդկայնորեն հասկանալի  նպատակ ուներ, այն է՝ ողջ մնալ: Բայց ամեն գնով կյանքից կառչելը «ասպետի» ինքնահնար կերպարին կարծես թե, այնքան էլ սազական չի, եւ Նժդեհը  դա  հասկանում էր:

Արժե՞ ապրել, հիմա էլ ՊԱԿ-ի խամաճիկը դառնալու համար: Այս  հարցին, ինչպես տեսանք,Նժդեհն ուներ իր ավանդական ու ամենափրկիչ պատասխանը՝ այո, արժե, եթե ապրում ես թուրքերի դեմ պայքարելու համար: Իսկ թե գործնականում ինչպե՞ս է պայքարելու, ի՞նչ եղանակով, այդ ի՞նչ ուժերով ու միջոցներով, այդ ո՞ւմ հետ, այ, այս հարցերի պատասխանը նա չի տալիս: Գերմանացիները այդպիսի պայքար նրան չէին խոստացել, այդպիսի պայքար նրան չէր խոստացել նաեւ խորհրդային իշխանությունը:

Նժդեհի համար կարեւոր չէ, իրեն կհավատան, թե ոչ, նրա  համար կարեւոր է, որ ինքը մի ինչոր «համոզիչ» փաստարկ ունենա, թե ինչու անպատիվ կյանքը գերադասեց  պատվավոր մահից, երբ դեռ այնտեղ՝ Սոֆիայում, մինչեւ ձերբակալվելը, կարող էր մեռնել իբրեւ իսկական ասպետ, իբրեւ իր քարոզած «ցեղակրոն» եւ «գաղափարի նահատակ», որպեսզի չստացվեր այնպես, ինչպես ինքն է գրել ձերբակալվելուց  քիչ առաջ, «յոթնապատիկ ստոր է նա, ով բոլոր հանգամանքներում կյանքը գերադասում է մահից»: Ահա թե ինչ, ուրեմն, սա ասված է ուրիշների համար, սա իր համար չէ, դե, իհարկե, չէ որ ինքը «բացառիկ» է, ախր ինքը դեռ գործ ունի անելու, ախր Թուրքիան դեռ ոչնչացված չէ, դրա համար էլ որոշեց, այնուամենայնիվ, «կյանքը գերադասել մահից»…

Ահա նրա նամակը Հայաստանի պետանվտանգության նախարար Խրիմյանին. (քաղվածք)

«Հայը կարող է եւ չլինել բոլշևիկ, բայց չի կարող չլինել Խորհրդային Միության հետ, եթե նա անկեղծ ու քաղաքականապես հասուն հայրենասեր է: Հայը ամբողջ հոգով ու մտքով պարտավոր է լինել պրոսովետական, քանզի հետպատերազմյան աշխարհում մի նշանակալի ուժ կա, որը պետական ու մարդասիրական նկատառումներով ցանկանում է  Թուրքահայաստանի մեր տարածքները եւ Խորհրդային Հայաստանը վերամիավորված տեսնել: Այդ միակ ուժը Խորհրդային Միությունն է…Ահա թե ինչու ես համարում եմ անգլոամերիկասիրությունը համարժեք է թուրքասիրությանը եւ դավաճանություն է Հայաստան– Հայրենիքին …»:

Սփյուռքում Խորհրդային Միության օգտին քարոզչություն անելու համար Նժդեհը, դարձյալ զոռ տալով երեւակայությանը, նույնիսկ առաջարկում է իրեն ազատ արձակել եւ արտասահման ուղարկել.

«Այս պատասխանատու օրերին ես պետք է ազատության մեջ լինեմ, որպեսզի ցնցեմ սփյուռքահայերի միտքը, խիղճն ու գիտակցությունը, որպեսզի հետ պահեմ նրանց Հայրենիքը ուրանալուց: Քաղաքացի նախարար, ժամանակը խաղաղության օգտին չի աշխատում, ինչքան ուշ, այնքան դժվար պետք է լինի կատարել այն խնդիրները, որոնց մասին ես ասել եմ ձեր համապատասխան մարմիններին: Բացի այդ իմ առողջությունը օրեցօր վատանում է, ինձ լուրջ բուժում է անհրաժեշտ, ուստի, խնդրում եմ արագացնել իմ հարցի լուծումը…»:

Ոչ ավել, ոչ պակաս:

Իսկ մի՞թե Բեռլինը գրաված, հզոր ու հաղթանակած Կարմիր բանակը Նժդեհի կասկածելի  «ռազմական հանճարի» կարիքը պետք է ունենար, եթե անգամ Թուրքիայի հետ պատերազմի իրական հնարավորություն ստեղծվեր: Ի՞նչ մասնակցություն կարող էր ունենալ Նժդեհը այդ ամենի մեջ, ով էր նա, կամ ինչ կարող էր անել: Մի՞թե աշխարհի կեսը նվաճած Կարմիր բանակը մնացել էր «Խուստուփի թեւաթափ արծվի» հույսին: Մի՞թե էլ ուրիշ զորավար չուներ, որ պիտի աշխարհով մեկ իրեն խայտառակեր ու վարկաբեկեր հիտլերականներին ծառայելու մեղադրանքով կալանավորված մեկի օգնությանը դիմելով:

Մի՞թե իր փառապանծ հաղթանակով հպարտ խորհրդային զինվորը կուզենար մարտի գնալ այդպիսի մեկի հետ, այդպիսի մեկին տեսնել իր կողքին եւ ինչպես նրան դա կարելի էր բացատրել: Եկեք մտածենք, եթե Խորհուրդները նրա հետ կապված շատ թե քիչ լուրջ «աշխարհաքաղաքական» ծրագրեր ունենային, էլ ինչու՞ էին նրան բանտում պահում, մի՞թե այդպիսի «հազվագյուտ» մեկին բանտում կմաշեին, եթե ցանկանային օգտագործել նրա «վիթխարի հեղինակությունն ու անգերազանցելի միտքը», ոչ, իհարկե, այնպես որ, մենք մեզ չխաբենք: Չէ որ այդ մարդը, որը ձերբակալվելու պահին 60 տարեկան էր, 25 տարի որեւէ կռվի կամ հատուկ գործողության չէր մասնակցել: Այս դեպքում նա պետք է գտնվեր ինչ-որ համապատասխան ռազմական- հետախուզական կենտրոնում, հատուկ դասընթացներ ու հատուկ պատրաստություն պետք է անցներ, շփվեր ու ծանոթանար նոր իրավիճակին, նոր պայմաններին եւ ինքն էլ իր հերթին իր «հակաթուրքական հսկայական փորձն ու հարուստ գիտելիքները» պետք է փոխանցեր նոր «բարեկամներին»:

Իրականում, խորհրդային պետանվտանգությունը իր առջեւ տեսնում էր ընդամենը երկչոտ ու կամազուրկ թշնամու, որը ամենաշատը ժանգոտ մանրադրամ կարող էր լինել Դաշնակցության հետ ենթադրվող լրտեսական խաղի մեջ, ընդամենը «քարոզչական խայծ», մի փառամոլ ֆանֆարոն եւ ոչինչ ավելի: Չեկիստները, ինչպես ասվեց, դա չէին էլ թաքցնում եւ թաքցնելու կարիք էլ չունեին: Նրանք գործում էին բաց ու հասկանալի, տեսնելով, որ իրենց եսասեր ու ինքնահմայված

«գործընկերը» այնքան էլ չի ուզում մեռնել, իսկ այդպիսիների հետ հեշտ էր աշխատել:Մի՞թե Նժդեհը այս պարզ բաները իսկապես չէր հասկանում, հասկանում էր, այն էլ ոնց էր հասկանում: Մի անգամ բանտախցում Նժդեհը կարճ ժամանակով մի փոքր բարձրացնում է «միամիտ ասպետի» դիմակը եւ սիրտը բացում է Դեւեջյանի մոտ. «…Երեւում է, էս շները հայ ազգի ճակատագրով չեն հետաքրքրված, այլ նրանով միայն, թե ինչպես օգտագործեն իմ անունը իրենց մարդկանց Դաշնակցության մեջ խցկելու եւ այն ներսից պայթեցնելու համար»: Ճիշտ է, իսկ ավելի ստույգ, ԿԳԲ-ի ուզածը նա էր, որ իր կողմը գրավի Դաշնակցությանը, չեզոքացնի նրա հակախորհրդային քարոզչությունը: Իսկ ի՞նչ է, «էդ շները» երբեւէ  ուրիշ բան խոստացե՞լ էին, ինչ է, «էդ շնե՞րն» էին մեղավոր, որ մահվան երկյուղից լեղաճաք եղած «հայրենասեր ասպետին» պատրվակ էր պետք, կաշին փրկելու համար, որ նա իր ամոթալի անկումը սքողելու համար, չեղած տեղը ինչ-որ ծիծաղելի, առասպելական առաքելություն էր վերագրել իրեն, ինչ-որ գոյություն չունեցող «հակաթուրքական ճակատի» մեջ:

Այնպես որ, Նժդեհը շատ լավ էր հասկանում, որ ինքը միայն էժան պանիր է, մուկ բռնելու թակարդի համար, հասկանում էր ու համաձայնեց այդ դերին: Որպեսզի իր գինը բարձրացնի, նա չարչարվում էր, նվաստանում էր, ստորաքարշություն էր անում, անդադար շողոքորթում էր, բացահայտում էր, խոսում էր, գրում էր, պատմում էր, ասում էր նույնիսկ ավելին, քան իրենից ակնկալում էին, միայն թե խուսափի գնդակահարությունից:

Առաջին իսկ հարցաքննությունների ժամանակ Նժդեհն իրեն պահում է զանցանք կատարած եւ պատժից շատ վախեցող դեռահաս դպրոցականի նման: Ասում է՝ ինչ գիտի, մեղավոր են բոլորը՝ թուրքերը, գերմանացիները,Դրոն,Վրացյանը, Ռուբենը, բոլորը, միայն թե ոչ ինքը: Ասում է բաներ ու տալիս անուններ, որոնք նրանից չէին էլ պահանջվում: Ինչ արժե հենց միայն թիվ 3 արձանագրության այն դրվագը, որտեղ նա  քննիչին պատմում է Դեւեջյանի մասին. «…ներկայումս ապրում է Վառնայում, իր քրոջ մոտ », կամ, մեկ ուրիշի մասին.

«…Բուխարեստում է ապրում, առեւտրով է զբաղվում», կամ, «…Պլովդիվում փականագործական արհեստանոց ունի» կամ, «…Սոֆիայում է ապրում, կոշկակար է», կամ, «…այժմ Բերդյանսկում պետք է լինի, ճաշարան ուներ, շուկայի մոտ», կամ, թիվ 1 արձանագրության մեջ. «ոմն Աստվածատրյան, Սոֆիայում ամրակների խանութ ունի… Մյուսների ազգանունները չեմ  հիշում, բայց  բոլորին դեմքով ճանաչում եմ, այնտեղ ես մի քանի անգամ եղել  եմ, բոլորի հետ հանդիպել եմ»,  կամ, թիվ 4 արձանագրության մեջ.« Դրոյի վստահելիներից էր… դաշնակ Արտոն, դաշնակների իշխանության ժամանակ Աշտարակում ոստիկանապետ է եղել, կամ օգնական…Նա էլ էր գերմանացիների օգտին լրտեսությամբ զբաղվում…

Արտոն հիմա պետք է Բուխարեստում լինի, այնտեղ բոլոր հայերը նրան ճանաչում են», կամ, ավելի պերճախոսը, թիվ 2 արձանագրության մեջ՝ «…մյուսների ազգանունները չգիտեմ: Նրանց լավ գիտի դոկտոր Հայկ Ասատրյանը, նա Սոֆիայում է ապրում, իր քենակալի տանը, որը սրճարանատեր է: Նրա հասցեն կարելի է իմանալ հայկական եկեղեցու միջոցով»: Իհարկե, այսպիսի մանրամասներ, եւ նույնիսկ խորհուրդ՝ թե, ում ինչպես գտնել, որտեղ եւ ում միջոցով՝ իրենից չէին էլ կարող սպասել:

Ինքնին հասկանալի է, որ նա կարող էր եւ չիմանալ, թե որտեղ է ապաստան գտել այս կամ այն մարդը, այն էլ այն խառը ժամանակներում: Նժդեհի այս ցուցմունքից երեք ամիս անց, հայտնաբերվում ու ձերբակալվում է նրա համախոհ ու մտերիմ ընկեր Հայկ Ասատրյանը, իսկ Դեւեջյանը փախչում է Սոֆիայից, որտեղ, ինչպես Նժդեհն է տեղեկացնում քննիչին, հանգրվանել էր քրոջ տանը, բայց նրան էլ գտան: Չեկիստների հետ այսպիսի շռայլ անկեղծությունը, համաձայնեք, շատ նման է այն բանին, ինչին սովորաբար «մատնություն» անունն են տալիս… Այսքան ընկնել… Սա պարզապես պարտադրված վարքագիծ չէր, որը թեկուզեւ մեծ ճիգերով կարելի է փորձել հասկանալ, դե, մարդ է, հայտնվել է չեկիստների ճիրաններում, երեւի  տանջել են, խոշտանգել են, չի դիմացել:

Այժմ կարդանք թերթի անունը՝«Սյունիք», տպագրվել է Գորիսում, 1920-ին:

Չզարմանաք, եթե օրերից  մի օր «Դիոգենեսի լապտերը վերցրած  ապագա պատմաբանը» հանկարծ «քրքրե ու գտնե», որ այս փառահեղ ներբողի  հեղինակը հենց  ինքը Նժդեհն է: Բայց  գնանք առաջ: Ինչպես երեւում է թիվ 5 արձանագրությունում, նա իր պատասխանների մեջ երբեմն հասնում է կատարյալ զառանցանքի:

Այն հարցին, թե ո՞ր Հայաստանին էր ուզում միացնել  Զանգեզուրը, վախվորած «հերոսը» քննիչին դուր գալու համար անվարան պատասխանում է՝ Խորհրդային Հայաստանին: «Գոյությունդ քարշ տալու համար մի՛սողա, մի՛ստորանա եւ մի՛ ստիր:Ստել` նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ` նշանակում է դադարել մարդ լինելուց …»,- սա էլ է «ասպետի» հաճախ մեջբերվող «իմաստուն պատվիրաններից», եւ դարձյալ ուրիշների համար ասված, սա էլ իր համար չի, որովհետեւ, իրեն «կարելի» է եւ՛ սողալ, եւ՛ ստորանալ, եւ՛ ստել, ախր ինքը դա հենց այնպես չի անում, իրեն պետք է ողջ մնալ, իհարկե,«ազգի համար եւ ի հեճուկս թուրքերի»:Դե, այսքանից հետո, «վշտապատկեր  ասպետը» միայն նողկանք է առաջացնում:

Մահապատժի սարսափը նրան խուճապի է մատնել, նա կորցրել է տրամաբանված ստելու կարողությունն անգամ: Չէ, դուք միայն պատկերացրեք, Զանգեզուրը նախ «հերոսականորեն» հայտարարել Խորհրդային Հայաստանից անջատ, կռվել Խորհրդային Հայաստանի դեմ, հեղել հայ մարդկանց արյունը, իսկ հետո բացատրել, որ դա արել է Խորհրդային Հայաստանին միացնելու համար:Քննիչը, իհարկե, շատ լավ գիտեր ում է հարցաքննում, գիտեր, որ նա ստում է:

Եվ Նժդեհն էլ գիտեր, որ նա գիտի: Բայց, դարձյալ, ինչ կարեւոր է իրեն կհավատան, թե՝ ոչ, միայն թե կարողանա ցույց տալ, որ ինքը պատրաստ է ծառայելու, թող չհավատան, բայց տեսնեն իր ծառայակամությունը, տեսնեն իր նվաստացումը, տեսնեն իր անկումը, տեսնեն ու մի գուցե, խնայեն: Եկեք ծանոթանանք այս կապակցությամբ, համագումարի ընդունած բանաձեւին. «Զանգեզուրը միշտ ձգտել է եւ ձգտում է լինել մայր երկրի՝ Հայաստանի Հանրապետության անբաժան մասը, բայց նկատի առնելով Հայաստանի վերջին քաղաքական փոփոխությունները, որ նա ստիպված մի շարք քաղաքական  անբարեհաջող  հանգամանքներից  հայտարարել է իրեն խորհրդային, մի  իրավակարգ, որի հետ երբեք չի կարող հաշտվել մեր ժողովուրդը, համագումարը որոշեց մինչեւ նրա իրավակարգից բաժանվելը գործել սեպարատ եւ ապրել ուրույն կյանքով» (25.12.1920):

Կյանքը փրկելու լեյտմոտիվը շատ  ավելի գունեղ ու պատկերավոր է արտահայտվում հատկապես Ստալինին գրած նամակում, որը, բնականաբար, նրան չեն հանձնում՝ կարեւորություն չտալով: Հիշեցնենք, որ նամակը գրվել է դեռ մինչեւ դատավճռի հրապարակումը,Նժդեհը դեռեւս չէր կարող վստահ լինել, որ իրեն ողջ  կթողնեն:Այս նամակում Նժդեհը կարծես թե որեւէ նոր բան չի ավելացնում այն ամենին, ինչ արդեն ասել էր ու գրել: Բայց նամակը ինքնին տպավորիչ է իբրեւ թշնամուց կյանք աղերսող «չհասկացված ասպետի» տրագիկոմեդիայի կուլմինացիա, իբրեւ սրտաճմլիկ մեղայականի գլուխգործոց, իբրեւ ժանրի ապոթեոզ:

Մինիստրների խորհրդի նախագահ Ստալինին

(նամակը Ստալինին չի հանձնվել )

Իմ գործը ուղարկվել է Մոսկվա: Ես չէի սպասում երկու բան. նախ, որ ինձ կձերբակալեն այն  բանից  հետո, երբ ես մնացի Սոֆիայում, խորհրդային  իշխանության  հետ լեզու գտնելու նպատակով, երկրորդ՝ որ ինձ դատի կտան:

Դատական կոդեքսներից բացի եւ նրանից  բարձր գոյություն ունի  ասպետականության չգրված  օրենքը, որը անտեսելու դեպքում անհետանում է ամենայն վստահություն մարդկանց  ու ժողովուրդների միջեւ: Իմ կատարած ասպետական քայլի հոգեբանությունը վերլուծելու դեպքում հնարավոր չէ իմ  նկատմամբ արդարացի չլինել: Քանզի նա, ով  կատարել է այդպիսի քայլ, ինչպես ես, երկու բան է ապացուցում.

ա /որ նա դադարել է իրեն զգալ այն իշխանության հակառակորդը, որին վստահել է

բ / որ այն իշխանությունը, որին նա վստահել է իր կյանքն ու արժանապատվությունը, չի կարող ասպետականությանը չպատասխանել նույնպիսի ասպետականությամբ:

… Իմ կապը գերմանացիների հետ  հակաթուրքական նպատակ ուներ, եւ դա էլ այն  ժամանակ էր, երբ խորհրդա-գերմանական բարեկամությունը դեռ  ուժի մեջ էր: Ինչ  վերաբերում է իմ գործունեությանը Զանգեզուրում (այս կապակցությամբ ինձ  բազմիցս ասվել է, որ քաղաքական վաղեմությունը հաշվի առնելով, սրա մասին խոսք չի կարող լինել), ես պետք է հետեւյալն ասեմ. եթե չլիներ  թուրքական  գործոնը՝ չէր  լինի նաև Զանգեզուրի հակամարտությունը: Ժամանակին Խորհուրդները իրենց  պետական շահերի համար լուրջ աջակցություն ցույց տվեցին Թուրքիային: Այդ թուրքամետ քաղաքականությունը չէր կարող  չզայրացնել նրանց, ովքեր մտածում էին ինձ  նման:

Անկարա-Նախիջեւան-Բաքու գծի վրա պանթուրքիստների մութ ու չարամիտ գործողությունները եւ այդ  նույն  տարի Զանգեզուրում  թուրքական  գումարտակների  հայտնվելը չէին կարող կասկածի ու անվստահության մթնոլորտ  չստեղծել, ինչն էլ հենց հակամարտություն հրահրեց: Կարմիր բանակի լիազոր  ներկայացուցիչ Հեկկերը ինձ հասցեագրված պաշտոնական նամակում մասնակիորեն պարզաբանեց  կատարվածը. «Իսկապես Զանգեզուրում ամոթալի դեպքեր են եղել, որի համար մենք մեզ չենք  գովում»: Խոսքը թուրքական գնդի մասին  է:

Քաղաքացի  գեներալիսսիմուս

Դուք իմ մասին ինչ որ չափով  տեղյակ կլինեք: Ես չէի ուզենա ապրել, եթե չիմանայի, որ  բաներ կան, որոնց համար արժե ապրել: Մեռնե՞լ: Հին հայրենասերի ու հեղափոխականի  համար մեռնելուց  էլ հեշտ  բան  կա՞: Մահվան հանդեպ արհամարհանքո՞վ չի բացատրվում արդյոք իմ չհեռանալը Սոֆիայից: Կյանքն ու մահը ինձ չեն հետաքրքրում, այլ միայն այս աշխարհում իմ վերջին ցանկությունը՝ մասնակից լինել ֆեոդալական Թուրքիայի կործանմանը: Դրա համար էլ ես չէի ցանկանա, որ իմ հազարավոր համախոհներ ու բարեկամներ ասեին. «թուրքերի բախտը բերում է, քանզի նրանց մի թշնամին սպանում է մյուսին»: Ես չէի ուզենա մեռնել ձեր բանտերում: Արտասահմանի հայերը պիտի ասեն. «բոլշևիկները սպանեցին Թուրքիայի պատմական թշնամուն»: Իմ մահից օգուտ կքաղեն ձեր թշնամիները: Ես չհեռացա վստահելով ձեզ եւ հավատալով, որ իմ ասպետական – հայրենասիրական քայլը ըստ արժանվույն կհասկացվի եւ կգնահատվի…

Ներկայումս, երբ Խորհրդային Միության թշնամիները հովանավորում են հակախորհրդային զանգվածներին, Թուրքիայի երդվյալ թշնամիներից մեկին զոհաբերելը թուրքերի կողմից կդիտվի որպես  թուլության նշան: Թույլ տվեք մի ճշմարտություն էլ ասել: Հայ վտարանդիության եւ խորհրդային իշխանության փոխհարաբերությունների խնդիրը չի կարող լուծվել մասնակի  հայրենադարձության միջոցով: Գլխավորը մի քանի հազար հայերի հայրենադարձությունը չէ, այլ վտարանդի հայերի մեջ խորհրդայնամետ տրամադրություններ ստեղծելը եւ նրանց  օգտագործելը Խորհրդային Միության ու Հայաստանի շահերի համար: Ես չեմ կարծում, որ ինձնից  ավելի հարմար մեկը կարող է լինել այդ հայրենասիրական առաքելությունը  կատարելու համար:

Քաղաքացի  գեներալիսսիմուս

Չհեռանալով Սոֆիայից, ես դրսեւորեցի մեծ հայրենասիրություն եւ խորհրդային  իշխանության հետ հաշտվելու անկեղծ ցանկություն: Ես մնացի, հավատալով ձեզ: Նա, ով  հավատում է իրոք մեծ մարդուն, իսկական մեծությանը, նա չի զղջում: Հավատում եմ, որ իմ  ասպետության պատասխանը ասպետությունը կլինի:

Գ.Տեր-Հարությունյան-ՆԺդեհ

16/10 դեկտեմբերի 1947թ. (փաստաթղթի տակ երկու ամսաթիվ է)

«…Առաջարկել ընկեր Չիչերինին հանձնարարական տալ այն մասին,որ ռուսական զորամասերը այլեւս առաջ չշարժվեն դեպի Հայաստան, սրա հետ կապված, կովկասյան ընկերներին հորդորել առավելագույնս զգույշ լինել, որպեսզի խուսափեն թուրքական հարձակում հրահրելուց»:

Հետագայում, այդ իրադարձությունների մասին Ռուսաստանի արտգործնախարար Չիչերինին իր տպավորություններն է հաղորդում Հայաստանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը, մի հատված էլ նրա ռադիոգրից ներկայացնենք.

«…Ադրբեջանում մեր ռազմական քաղաքականությունը շարունակում է սխալներ թույլ   տալ…Զանգեզուրի վրա թաթարական  ուժեր են նետվել, անմտորեն նաեւ թուրք ռազմագերիների ջոկատներ են ուղարկվել, որոնք գյուղեր են ավերել: Արդյունքում՝ ժողովրդի համընդհանուր խռովություն… Դժբախտությունը նրանում է, որ մեր հրամանատարությունը ենթարկվում է Ադրբեջանի ազգայնական տրամադրություններին, եւ բանակն էլ կոմիսարների լավ կազմ չունի: …Մենք որեւէ որոշակի գիծ չունենք հայ — թուրքական հարցում, եւ քարշ ենք գալիս իրադարձությունների պոչում…»:

Այնուհետեւ Նժդեհը շարունակում է շողոքորթել «ժողովուրդների առաջնորդին», որ ինքը նույնիսկ գերմանական  ծառայության մեջ աշխատել է օգտակար լինել կարմիրներին եւ անձամբ Ստալինին: Այդ հայրենիքի դավաճան Դրոն էր, որ մինչեւ վերջ անմնացորդ ծառայեց  նացիստներին: «Ես անիրագործելի եմ դարձրել հայրենիքի դավաճան Դրոյի նախաձեռնությունները, որոնք ուղղված էին Հայաստանի դեմ,- նամակում արդարանում է Նժդեհը,- Ես  նրա  պատրաստած դիվերսանտներին համոզեցի չգնալ Խորհրդային Հայաստան… Ես թույլ  չտվեցի, որ իմ տղաներին, ովքեր  պատրաստվել էին Թուրքիայի դեմ գործողությունների համար՝օգտագործեն  հակախորհրդային  ճակատում»:  Ինքը՝ Նժդեհը իր կյանքը վստահեց խորհրդային իշխանությանը, մեծ մարդուն, իսկական մեծությանը՝ Ստալինին, հավատալով, որ նա իր  ասպետությանը կպատասխանի նույնպիսի ասպետությամբ:

Ահա այսպես: Թե՞ Ստալինին գրած այս նամակն էլ են «սարքել»… Հայտնի է, որ նամակը Ստալինին չեն հանձնել, թե չէ, կարելի էր մտածել, որ Ստալինը հենց ինքն էլ «սարքել» է, էլ ուրիշ ով կարող էր համարձակվել առաջնորդին հասցեագրված նամակ «սարքել»: Մի հարցում, թերեւս, Նժդեհը չի ստում, կամ, շատ չի ստում, երբ ասում է, որ հետ է վերադարձրել դիվերսանտների խումբը, երբ իմացել է, որ այն ուզում են ուղարկել Հայաստան:

Նորից դիմենք Հայկ Ասատրյանի ցուցմունքին.

ՔՆՆԻՉ

-Ասացեք, ինչպե՞ս պետք է գործեր դիվերսանտների խումբը Խորհրդային Միության դեմ:

ԱՍԱՏՐՅԱՆ

-Գեներալ Նժդեհից ես իմացա, որ այդ խումբը գերմանացիները պետք է օգտագործեն Խորհրդային Հայաստանի տարածքում…Հենց այդ պատճառով էլ Նժդեհի համառ պահանջով այդ խումբը, բացի մի քանի հոգուց, 1943-ի դեկտեմբերին վերադարձավ Բուլղարիա:


Ինչպես տեսնում ենք, այս դրվագում եւս Հայկ Ասատրյանը հաստատում է Նժդեհի խոսքերը, նորից ասենք, որ նրանք գտնվել են տարբեր բանտերում եւ միմյանց հետ շփվելու հնարավորություն չեն ունեցել:Ամեն դեպքում, դա խելամիտ որոշում է եղել…1943-ի վերջերն էին,Ստալինգրադը եւ Կուրսկը շատերի գլխին սառը ջուր էին  լցրել, սկսվել էր Կարմիր բանակի հաղթարշավը:Եկել էր քարերը հավաքելու ժամանակը… Առնետավազք էր…

Ստալինի մահից հետո Նժդեհն ապրում էր վաղաժամկետ ազատ արձակվելու  լավատեսական  տրամադրություններով: Միայն ողջ մնալը նրան արդեն քիչ էր թվում: Իսկ այդ տրամադրությունները անհիմն չէին: Ստալինի մահը եւ մանավանդ Բերիայի մահապատիժը, խորհրդային կալանավայրերի շատ «բնակիչների» համակել էր շուտափույթ ազատ արձակվելու հույսով: 

Բնականաբար, Հայաստանն էլ  չխուսափեց «վհուկների որսից»: Հայաստանի պետանվտանգության նախարար Սերգեյ Ղորխմազյանը վտարվեց կուսակցության շարքերից եւ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, Նիկիտա Խրիմյանը, որը Հայաստանի պետանվտանգության նախարարն էր 1945-1947թ.թ., Բերիայի սպանությունից հետո հեռացվեց կուսակցության շարքերից եւ գնդակահարվեց, 1947- 1953 թ.թ.Հայաստանի ներքին գործերի նախարար Խորեն Գրիգորյանը գնդակահարվեց:

Բերիայի կերպարի հրեշացումը անհրաժեշտ էր նաեւ նրանից  դեպի Ստալինի «անձի պաշտամունքի դատապարտումը» սահուն  անցում կատարելու համար: Բերիայի «զազրելի հանցագործությունների» մասին իրական ու առասպելական պատմությունները հեղեղել էին խորհրդային մամուլը (որպես ասվածի օրինակ, եկեք այստեղ հիշենք մինչեւ այժմ էլ մեզանում մի հիմար համառությամբ թմբկահարվող սուտը Աղասի Խանջյանի եւ Խորեն կաթողիկոսի  սպանության մասին): Վերահաս ազատության հույսը կալանավայրերում տոնական մթնոլորտ էր ստեղծել: Ամեն օր կառավարության անունով հազարավոր դիմումներ էին ստացվում ներման խնդրանքով:

Այդ խնդրագրերը շփոթելու չափ նման էին մեկը մյուսին, բոլորը պատմում էին, թե որքան անարդար են վարվել իրենց հետ, որ «ժողովրդի թշնամի» Բերիայի քննիչները խոշտանգումներով իրենցից «խոստովանություններ» են կորզել ու իրենց վրա «գործ սարքել», որ իրենք անբիծ են ու անբասիր, ինչպես նորածինը եւ մաքուր են՝ մանկան արցունքի նման… Շուտով նրանցից շատերի համար բանտի դռները բացվեցին: Իհարկե, ազատություն ստացածները «անմեղ  գառներ» չէին, համենայնդեպս, ոչ բոլորը:

Բայց կառավարության մարդասիրությունը արդարացված էր, մանավանդ, նրանց նկատմամբ, ովքեր արդեն տարեց մարդիկ էին եւ որոնց ձեռքերն արյունոտված չէին պատերազմական հանցագործություններով, բացի այդ, նրանք արդեն տեւական  ժամանակ կրել էին իրենց արդար պատիժը: Մեզ արդեն ծանոթ,Նժդեհի բանտընկեր Հովհաննես Դեւեջյանը եւ Հակոբ Սիրունի-Չոլոյանը (նրա հետ եւս կծանոթանանք) ներման  արժանացան: Ստեղծված իրավիճակը հուսադրող էր եւ Նժդեհն էլ որոշեց բախտը փորձել: 1954-ի փետրվարին նա իր գործը վերանայելու խնդրանքով դիմեց  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Վորոշիլովին:Այդ նամակում Նժդեհը շարադրում է իր քաղաքական  կենսագրության առավել էական դրվագները, դարձյալ ընդգծելով իր պայքարի  բացառապես հակաթուրքական բովանդակությունը: «Ես,- գրում է Նժդեհը,- հայ միակ քաղաքական գործիչն եմ եղել, որը պարբերաբար ենթարկվել է թուրքական մամուլի  հարձակումներին»:

Իհարկե, միշտ, ամեն տեղ, ամեն ինչում ինքը միակն է, բացառիկն ու անկրկնելին:

Այնուհետեւ,Նժդեհը նորից ու նորից հիշեցնում է «ասպետավարի» Սոֆիայում մնալու մասին. «Ես մնացի Սոֆիայում, կատարելով ասպետական-հայրենասիրական քայլ…»: Հետո Նժդեհը բացատրում է, թե որքան անարդարացի է իրեն բանտում պահելը, մի մարդու, որը իր անկեղծ բարեկամությունն է առաջարկել  խորհրդային երկրին:

 

Շարունակելի

Աղբյուրը՝ politsturm.com


 Պիտակներ
         Գարեգին Նժդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb