Գարեգին Նժդեհ. Առասպել և իրականություն. Մաս 1

Հայեր 19.04.2021   20:00   207

Այս պատմությունը նրանց համար չէ, ովքեր վախենում են ճանաչել եւ ընդունել փաստը, եթե այն սպառնում է հիասթափության ցավ պատճառել իրենց: Եվ հակառակը, այս պատմությունը նրանց համար է, ովքեր նույնիսկ երկար տարիների ագրեսիվ, տգետ ու վնասակար «հայրենասիրական» քարոզչության արդյունքում դեռեւս վերջնականապես չեն կորցրել  տրամաբանելու եւ անաչառ վերլուծելու կարողությունը, ում համար ինքնահարգանքը չկորցնելն ավելի կարեւոր է, քան ցուցադրական ու կեղծ հավատարմությունը քարոզչական բլեֆներից կարկատած «հերոսի» հնարովի կերպարին:Նրանց համար է, ովքեր ընդունակ են թեկուզեւ ցավոտ վերագնահատումներ անել իրենց տեսակետների մեջ եւ ընդունել, որ մածունը, այնուամենայնիվ, սպիտակ է, չեն վախենում խոստովանել դա եւ պատրաստ են դրան:

Մենք հասկանում ենք, որ այս պատմությունը եւ այստեղ ներկայացված արխիվային վավերագրերը կարող են խարխլել Նժդեհի՝ արդեն մեզանում արմատավորված «հերոսական» համբավը, հասկանում ենք, որ անակնկալի եկած ընթերցողը ինքնաբերաբար կարող է հարց տալ՝ «իսկ ես ինչու՞ պետք է հավատամ այդ կգբ-ական թղթերին, չէ որ դրանք կարող են սարքված լինել, չէ որ այդպիսի բաներ էլ են լինում»: Այո, լինում են, հենց դրա համար էլ մենք ինքներս մեզ այդ հարցը տվել ենք, եւ ոչ մեկ անգամ, ձեր դատին ներկայացվող փաստաթղթերը քննել ենք, ինչպես ասում են, «խոշորացույցի տակ», եւ այն էլ երկար ժամանակ:

Մանրախնդրության հասնող ուշադրությամբ փորձել ենք գտնել այդ փաստաթղթերի խոցելի ու կասկածելի կողմերը, որեւէ բառ, որեւէ տրամաբանական կամ փաստական հակասություն, որը մեզ թույլ կտար ասել, որ չեկիստները իրենք կարող են դրանք «սարքած» լինել, համադրել ենք Նժդեհի հարցաքննությունների արձանագրությունները նրա բանտային գրառումների ու նամակների հետ եւ մենք, խղճի ամենայն հանգստությամբ ձեզ ասում ենք, ոչինչ էլ «սարքված» չէ:

Քննության ենք ենթարկել նույնիսկ ամենածիծաղելի ու անհավանական վարկածները, միայն թե համոզվենք, որ եղած արխիվային նյութերը «սարքված եւ կեղծված» լինել չեն կարող, որ խորհրդային պետանվտանգությունը այս դեպքում դրա անհրաժեշտությունը չի ունեցել, եթե պետք լիներ, իհարկե, կարող էին «սարքել», ինչ է, այդպիսի գործեր էին «սարքում»: Սակայն, բոլոր, այսպես ասած, «սարքած» գործերի դեպքում կեղծիք կատարելու մեջ միշտ նպատակ եւ շարժառիթ է եղել, միշտ կարելի է առանց դժվարության կռահել կեղծելու տրամաբանությունը, միշտ կարելի է պատասխանել այն հարցին, թե դա ինչու են արել:

Նժդեհի գործի մեջ այդ «ինչուն» պատասխան չունի, հենց այն պատճառով, որ ոչինչ «սարքված» չէ,Նժդեհի գործը «սարքած» լինելու վարկածի մեջ ոչ մի տրամաբանություն չկա: Ասենք, որեւէ անմեղ ու անտեղյակ հողի աշխատավոր մարդու պետք է մեղադրել «ժողովրդի թշնամի տրոցկիստական խմբի» պատկանելու մեջ, մեկ  ուրիշին, պետք է մեղադրել «հակասովետական լրտեսական» գործունեության մեջ, այդպես է պետք, սա նշանակում է, որ նրանցից պետք է փորձեին «խոստովանություն» կորզել, խոշտանգելով, թե ոչ, միեւնույն է, գործի մեջ այդ «խոստովանությունը» պետք է երեւար, եւ այդպես էլ լինում էր:

Նման դեպքերում մեղադրյալի ցուցմունքները պետք է «սարքեին» այնպես, որ դրանք տրամաբանական հակասություն չունենային ներկայացված մեղադրանքի հետ, որ մեղադրյալի «հանցանքը» այդ ցուցմունքներում ակնառու լիներ, նույնիսկ եթե մեղադրանքը անհամոզիչ է: Իսկ չէի՞ն կարող որեւէ մեկին դատապարտել առանց «սարքովի» խոստովանական ցուցմունքների, դա էլ կարող էին, մեղադրյալի «խոստովանությունը» կամ

«Ժխտումը», բնականաբար, էական նշանակություն չի կարող ունենալ, ասենք, ցուցմունքներում ոչ մի «սարքած» խոստովանություն էլ չկա, բայց մարդուն կարող էին տանել ու գնդակահարել:Սա հենց նշանակում է, որ ցուցմունքներ «սարքելը» պարտադիր անհրաժեշտություն չի, ուրեմն, դրանք կարող են թողնվել այնպես, ինչպես որ կա, դրանցում պետք է լիներ հենց այն, ինչ ասել է մեղադրյալը, եթե նա ժխտել է իրեն մեղսագրվող հանցանքը, ուրեմն ցուցմունքի մեջ այդ «ժխտումն» է արձանագրվել, եւ եթե դա է արձանագրվել, ուրեմն, էլ ի՞նչը պետք է «սարքված» լինի մեղադրյալի ցուցմունքի մեջ, ընդգծում ենք՝ մեղադրյալի ցուցմունքի մեջ:

Այս դեպքում, կարող է «սարքված» լինել մեղադրանքը, կարող են «սարքված» լինել ապացույցները, վկաների ցուցմունքները, բայց ոչ մեղադրյալի «ժխտողական» ցուցմունքը, որովհետեւ, «խոստովանություն» սարքելը տրամաբանորեն բացատրելի է, իսկ «ժխտում» սարքելը ինչի՞ համար է: Բոլոր «սարքովի» գործերում այդ «սարքելու» մեջ նպատակ է եղել, առաջադրանք է եղել, «սարքելու» մեջ տրամաբանություն կա:Նժդեհի գործի «սարքած» լինելու վարկածը, ինչպես ասացինք, ոչ մի խելամիտ բացատրություն չունի, նրա ցուցմունքները «սարքելու» կարիք չի եղել, որովհետեւ չի եղել հենց նպատակը, չի եղել հենց առաջադրանքը, չի եղել անհրաժեշտությունը: Այս հարցին մենք նորից կվերադառնանք պատմության վերջում, ավելի մանրամասն ու բծախնդիր կքննարկենք առանձին հատվածներ, երբ ընթերցողը արդեն ծանոթ լինի փաստերին ու փաստաթղթերին: Ուրեմն, հենց հիմա էլ եկեք ծանոթանանք դրանց հետ…

Գարեգին Նժդեհը 1944 թ հոկտեմբերին խորհրդային ռազմական հակահետախուզության եւ բուլղարական ժողովրդական միլիցիայի կողմից  ձերբակալվել է Սոֆիայում (Բուլղարիա), որտեղից շուտով  նրան տեղափոխում են ԽՍՀՄ: 1946 թ նոյեմբերին քննչական  գործողություններ կատարելու համար որոշ ժամանակով Նժդեհը  բերվում է Երեւան: Մեկ անգամ եւս՝ 1952-ին նա երկրորդ անգամ է ուղարկվում Երեւան:Հակախորհրդային գործունեության եւ գերմանական նացիստների հետ համագործակցության  համար 1948-ի ապրիլի 24-ին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:Մահացել է Վլադիմիրի բանտում, 1955-ին, մոտ 70 տարեկանում:

Ձերբակալությունից հետո Նժդեհն իր ծառայություններն է առաջարկում խորհրդային պետանվտանգության  մարմիններին: Ի՞նչ էր նրա ուզածը եւ որոնք էին նրա  վարքագծի իրական դրդապատճառներն ու տրամաբանությունը, կփորձենք հասկանալ արժանահավատ արխիվային փաստաթղթերի ու վավերագրերի օգնությամբ: Այս տեսակետից առավել հարմար է ներկայացվող պատմությունը սկսել Նժդեհի եւ նրա բանտընկեր, դաշնակցական Հովհաննես Դեւեջյանի նամակից, ուղղված Սիմոն Վրացյանին: Նժդեհը եւ Դեւեջյանը 19521953-ին գտնվել են պետանվտանգության Երեւանի բանտում:

Գարեգին  Նժդեհի եւ Հովհաննես Դեվեջյանի նամակը Սիմոն Վրացյանին, նամակի առաջին  մասը  գրել է Նժդեհը, այնուհետեւ նրան շարունակել է Դեւեջյանը (այս նամակը  այդպես էլ չի  ուղարկվել հասցեատիրոջը, քանի  որ ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավարությունը ինչ-ինչ  պատճառներով  արդեն հրաժարվել էր Նժդեհի միջոցով  դաշնակցության  հետ  կապի մեջ   մտնելու գաղափարից-Ա.Ա.):

«Թանկագին  Սիմոն

Գիտեմ, որ  դու իմ ձեռագիրը ճանաչելով, կարող ես տագնապել՝ մի՞թե Նժդեհը ողջ է, սա  հավատալու՞ բան է: Այո, իմ ձայնը լսվում է  ոչ  թե  գերեզմանից, այլ  բանտից, որտեղ  ինձ  վիճակված է անմռունչ  ապրել՝ միախառնելով  կյանքն  ու  մահը… Լսիր, թե ինչու եւ ինչպես  դա պատահեց: 1944-ի աշնանը, երբ Կարմիր բանակն արդեն Ռումինիայում էր, հազարավոր  մարդիկ սկսեցին հեռանալ՝վախենալով քաղաքական ճնշումներից: Ես մնացի

Բուլղարիայում, չնայած փայլուն հնարավորություններ ունեի ցանկացած պահի հեռանալ ցանկացած  երկիր:Ես մնացի, քանզի պետք է մնայի: Մնացի, որովհետեւ ուրիշների նման ես էլ էի կարծում, որ Կարմիր բանակը կշարժվի Թուրքիայի վրա, դրանով իսկ իրականացնելով  մեր  ազգային  երազանքը: Մի տանջող միտք էլ կար, որ իմ հեռանալը կարող է շատերի  ձերբակալության պատճառ դառնալ:

Ասեմ նաեւ, ես վստահ էի, որ իմ ասպետական – հայրենասիրական քայլը՝ այն, որ ես չհեռացա, բավական կլինի ստիպելու խորհրդային իշխանությանը մոռանալ իմ հակախորհրդային անցյալը: Ահա սրանք էին, հիմնականում, այն  շարժառիթները, որոնք դրդեցին ինձ չհեռանալ: Ցավոք,Կարմիր բանակը չշարժվեց  դեպի Թուրքիա: Հենց սա էլ եղավ իմ ողբերգությունը: Հարգելիս, դու գիտես, որ իմ կյանքում վիշտն ու ուրախությունը միայն մի անուն ունեն՝ Հայաստան:Երբ կյանքիս մայրամուտին  չկարողացա զոհվել հայոց հողի համար,ես որոշեցի մեռնել իբրեւ գաղափարի նահատակ: Այսպիսին էր իմ վիճակը երբ անսպասելիորեն հայտնվեց  Հովհաննես Դեւեջյանը : Նրան բերեցին նույն բանտն ու նույն  բանտախցիկը, որտեղ ես էի:

Դու գիտես, որ մենք տարիներ  շարունակ խորշում էինք միմյանցից: Խորին տառապանքը մարդուն դնում է դեմ հանդիման Ճշմարտության հետ: Բավական էր, որ մենք մեկմեկու աչքերի մեջ ուրախության արցունքներ  տեսնեինք, որպեսզի լռությամբ հաշտվեինք ու եղբայրանայինք:Մենք սկսեցինք մտորել: Գտնվելով նոր համաշխարհային պատերազմի վտանգի առջեւ, որը կարող է անուղղելի  հետեւանքներ ունենալ մեր ժողովրդի համար, մենք մտածում էինք ու անհանգստանում: Թե ինչ կլինի վաղը՝մեզ հայտնի չէ … Դու գիտես, որ ժամանակին թուրքերը փորձեցին իրենց ուժերով ոչնչացնել հայ ժողովրդին ու  հայոց  հարցը: Հիմա  նրանք կփորձեն հայ ժողովրդին ոչնչացնելու ծրագիրն իրականացնել եւ  իրենց եւ ուրիշի ձեռքով:

Ճիշտ է, Հայաստանի պաշտպանական ուժը մեծ է եւ անսպառ են  Խորհրդային Միության կարողությունները: Այսուհանդերձ, նկատի ունենալով  Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը եւ նրա ատելությունը  հայերի նկատմամբ, եւ այն հանգամանքը, որ  պատմության մեջ առաջին անգամ քրիստոնեական Արեւմուտքի եւ Թուրքիայի շահերը  համընկնում են ՝ լուրջ հիմքեր են տալիս մեր ժողովրդի ճակատագրով խորապես   անհանգստանալու համար: Իմացիր, թուրքերը հակասովետական  օդային  ուժերի  համար  «ուղղորդիչի» դեր են կատարելու եւ իրենց  քրիստոնյա  դաշնակիցներին ցույց են տալու իրենց  ուզած  օբյեկտներն  ու  ուղղությունները:

Սադրանքներով ու ամեն տեսակ  խաբեություններով  նրանք  իրենց  դաշնակիցներին տրամադրելու են  Հայաստանի եւ  հայերի դեմ: Այսօր, բազմաթիվ  թուրքամետ  ուժերի առկայության պայմաններում, ինչ  երաշխիք կա, որ  թուրքերը չեն կրկնի իրենց չարագործությունները: Ի՞նչ պետք է անել,  որպեսզի պատերազմի դեպքում հաշվի առնենք առաջին աշխարհամարտի ժամանակ մեր  ժողովրդիաննախադեպողբերգությանփաստըեւ նրա այժմյան բացառիկ վիճակը, որպեսզի  Հայաստանը  չենթարկվի միջուկային  ռմբակոծման: Նամակը շարունակելու համար գրիչը տալիս եմ Հովհաննեսին»:

Հովհաննես  Դեւեջյան-սիրիահայ, իրավաբան, դաշնակցության ականավոր գործիչներից էր, 1919 – 1921 թ.թ. բնակվել է Երեւանում: Փետրվարյան խռովության ակտիվ   կազմակերպիչներից   էր: Խռովության պարտությունից  հետո  անցել է Զանգեզուր: Այստեղ  դառնում է Վրացյանի փախստական կառավարության արդարադատության եւ   լուսավորության նախարարը: Զանգեզուրից հեռանալուց հետո բնակվել է նախ՝Բուլղարիայում, ապա ՝ Ռումինիայում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին եղել է Դրոյի  մերձավոր օգնականը, սփյուռքում ակտիվորեն հանդես էր գալիս գերմանական   նացիստներին աջակցելու օգտին: Պատերազմից հետո որոշ ժամանակ կարողացել է  թաքնվել, բայց 1947– ապրիլին հայտնաբերվում է Ռումինիայում եւ ուղարկվում է Մոսկվա, իսկ այնտեղից էլ՝ Երեւան:

Քաղվածք Հովհ. Դեւեջյանի գործունեության մասին ՀԽՍՀ ՊԱԿ-ի ավագ քննիչ, լեյտենանտ Խաչատրյանի  կազմած տեղեկանքից (արդեն Դեւեջյանի վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո-Ա.Ա.).

«Հայրենական պատերազմի ժամանակաշրջանում (1941-1945թ.թ.) Դեւեջյանը արտասահմանում հակասովետական պրոֆաշիստական աշխատանք էր տանում: Կապեր է ունեցել գերմանական հետախուզական մարմնի ղեկավարի եւ դաշնակցության առաջնորդ Կանայան Դրոյի հետ:Այդ նույն ժամանակ եղել է գերմանացիների կազմակերպած քաղմարմնի անդամ…Ներկայացված մեղադրանքներում Դեւեջյանը իրեն մեղավոր է ճանաչել, ժխտել է միայն գերմանական հետախուզական մարմնի եւ դաշնակցության առաջնորդ Կանայան Դրոյի հետ ունեցած կապերը:

Հանցանքը ապացուցվել է ինչպես  դաշնակցական հայտնի գործիչ Գ.Ե. Տեր-Հարությունյանի (Նժդեհ) եւ Հ.Ա.Սիրունիի ցուցմունքներով, այնպես էլ, պետարխիվի նյութերով ու անձամբ իր գրած փաստաթղթերով, որոնք կցվել են գործին…»:

1948 –ի  հունիսին Դեւեջյանը  դատապարտվում է 20  տարվա  ազատազրկման: Նժդեհի հետ  գտնվել  է  նույն  բանտախցում: 1955-ին վաղաժամկետ ազատ է արձակվել եւ մեկնել է Արգենտինա:

Հարգելիս (արդեն շարունակում է Հովհաննես Դեւեջյանը-Ա.Ա.), հայրենասերները դիմում են  հայրենասերին բացառապես  հայրենասիրական գործով: Մենք կարծում ենք, որ պետք է  համախմբել  արտասահմանի հայությանը խաղաղության համար պայքարում, ընդդեմ  պատերազմի: Հենց այդպիսի վարքագիծ է մեզնից պահանջում մեր ոչ այնքան հեռավոր  արյունոտ  անցյալը, երբ հայ ժողովրդի կեսը զոհ գնաց  թուրքական յաթաղանին:

Խաղաղության համար պայքարում կարելի է մի շարք քայլեր իրականացնել:

Մասնավորապես, Եվրոպայի հայ մտավորականությունը կարող է դիմել եվրոպական բոլոր ակադեմիաներին, Հայաստանում պահվող տասնյակ հազարավոր ձեռագիր մատյանները  փրկելու համար, որոնց համամարդկային արժեքը հայտնի է գիտական շրջանակներին:

Ոչ  պակաս, թերեւս, շատ ավելի կարեւոր է պատերազմի ժամանակ արտասահմանի հայության  ցուցաբերելիք վարքագիծը Հայաստանի նկատմամբ, երբ անպատասխանատու տարրերը  իրենց արարքներով կարող են դժբախտություններ պատճառել հայ ժողովրդին, եթե ոչ ոք նրանց  չսանձահարի: Շատ չծավալվենք: Հատկապես կարեւոր է, որ դու եւ քեզ նման  հայրենասերները այժմվանից արդեն սկսեք ակտիվորեն աջակցել հայրենիքին,մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները  բոլշեւիկների  հետ, քանի որ հայրենիքը կանգնած է մեծագույն վտանգի առջև:

Առիթից  օգտվելով, ուզում եմ հայտնել, որ մեզ՝ որպես  քաղաքական հակառակորդների, ովքեր չէին  հավատում այն ամենին, ինչ ասվում էր ներկայիս Հայաստանի մասին խորհրդային մամուլի, կինոյի կամ  ռադիոյի միջոցով, հնարավորություն տրվեց, կալանավորյալ լինելով հանդերձ, սեփական աչքերով տեսնելու  Երեւանը: Այն, ինչ մենք տեսանք, աննախադեպ է եւ տեսնողի մեջ հարգանք ու հիացմունք է  առաջացնում հայ ժողովրդի հանդեպ, նրա շինարարական հանճարի ու ստեղծագործ  աշխատանքի համար: Ժողովուրդ, որը խորհրդային իշխանության պայմաններում  հնարավորություն ստացավ դրսեւորելու իր ունակությունները: Այս ամենը, իհարկե, անհնարին կլիներ առանց ռուս մեծ ժողովրդի եղբայրական օգնության եւ առանց մեր  երկրում գոյություն ունեցող  քաղաքական  անվտանգության: Եթե սրան էլ ավելացնենք, որ միայն ռուս ժողովուրդը կարող է ցանկանալ  հայ  ժողովրդի համախմբումը  միասնական  Հայաստանում, ապա պարզ կդառնա, թե ինչու ամեն մի  հայ  վտանգի պահին պետք է լինի  իր  հայրենիքի հետ: Գտնվելով անազատության մեջ, մենք խորապես մխիթարված կլինենք, եթե ստանանք քո հավաստիացումն այն մասին, որ կկատարես պարտքդ Հայաստանի հանդեպ որպես հայ եւ որպես հայրենասեր: Ընդգծում ենք մեր այս նամակի գաղտնիությունը եւ խնդրում ենք նույն մարդու միջոցով հայտնես մեզ քո վերաբերմունքի մասին:

12 մարտի 1953 թ. ք. Երեւան

Գարեգին Նժդեհ, Հովհաննես Դեւեջյան

Ինչպես  արդեն  ասվել է, մեզ  անհայտ  պատճառով  նամակը այդպես էլ չի ուղարկվել հասցեատիրոջը: Ստալինի մահից  ընդամենը մի քանի օր էր անցել, բոլորին, այդ թվում  երկրի քաղաքական ղեկավարությանը  համակել էր անորոշության  զգացողությունն  ու  մոտալուտ  փոփոխությունների սպասումը:

Այս պայմաններում պետական անվտանգության մարմինները  շատ  ավելի լուրջ անելիքներ  ունեին, քան Նժդեհի միջոցով դաշնակցության հետ  գործարքի մեջ մտնելու ծրագիրը: Ամենայն հավանականությամբ, այդ  հարցը  նոր  իրավիճակում  կորցրել էր իր կարեւորությունը: Սակայն, այս  նամակը հետաքրքիր է որպես պատմական փաստաթուղթ, որը ցույց է տալիս նրա  հեղինակների անուղղելի պարզունակությունը կամ պարզունակ  խորամանկությունը:

Կողմերի ցանկությունները, իհարկե, տարբեր էին: Խորհրդային ՊԱԿ-ը  իր նպատակը չէր թաքցնում՝ Նժդեհի օգնությամբ  շահավետ գործարք  առաջարկել Դաշնակցությանը, համոզել նրան դադարեցնել հակախորհրդային քարոզչությունը եւ կողմնորոշել դեպի խորհրդային իշխանության հետ  համագործակցության  ուղին:

Նժդեհի խորհրդով այս  ծրագրին մասնակից  դարձրին նաև Դեւեջյանին, որպես Սիմոն Վրացյանի համար ավելի վստահելի ու հավատ ներշնչող անձնավորության, քան Նժդեհն էր, նկատի ունենալով Վրացյանի եւ դաշնակցության սառն ու փշոտ վերաբերմունքը Նժդեհի նկատմամբ: Հիմա մի փոքր հետ գնանք, հասկանալու համար այդ վերաբերմունքի ակունքները, որ գալիս էին դեռ 1921-ից: Հայաստանի Հանրապետության երբեմնի ֆինանսների նախարար Ջաղեթյանը պատմում է.

«…Դաշնակցականները, փախչելով Երեւանից, իրենց հետ տարել էին Հայաստանի պետական բանկի եւ գանձարանի դրամները, ոսկիները եւ արտասահմանյան վալյուտան: Թե նահանջի ճանապարհին եւ թե Զանգեզուրում ոչ մի օգնության չգալով խուճապի մատնված անգիտակից ժողովրդին եւ զինվորությանը, նրանք ըստ իրենց քմահաճույքի վատնել եւ վատնում են պետական ստացվածքը: Ինչպես երկրի ներսում, այնպես էլ այստեղ՝ Թավրիզում այս առթիվ առաջացել էր մի անասելի զայրույթ…»:

Այդ «անասելի զայրութը» համակել էր նաեւ Նժդեհին ու նրա  զինվորներին:Արտակարգ հանձնաժողովի տեղեկագրում կարդում ենք.

«Վրացյանի հեռանալուց մի քանի օր առաջ կառավարության անդամ Դեւեջյանը կարողացավ շահել Նժդեհի վստահությունը…Նժդեհը ցույց տվեց նրան իր բոլոր փաստաթղթերը…, որոնք ապացուցում  էին Վրացյանի եւ մյուս նախարարների հանցավոր արարքներն ու չարաշահումները:

Դեւեջյանը սրա մասին հայտնեց Վրացյանին եւ նրա հետ միասին էլ հեռացավ: Նժդեհը խաբված դուրս եկավ՝ չնայած Դեւեջյանի խոստումներին, Վրացյանը նրան իր հետ չտարավ, եւ, որ կարեւորն է, նա մնաց առանց գոյության միջոցների…

Այս ամենը Նժդեհին տրամադրեց Վրացյանի, կառավարության եւ կենտրոնական բյուրոյի դեմ: Նժդեհը նրանց անվանում էր սրիկաներ ու ստորներ, մտերիմների հետ զրույցների ժամանակ եւ ասում էր, որ կուզենար դաշնակցությունը տեսնել վերջնականապես ոչնչացված: Նա չէր թաքցնում, որ եթե Խորհրդային Հայաստանը սոցիալիստական խոսք տա, որ իրեն չի հալածի, ինքը կցանկանար վերադառնալ Հայաստան եւ ապրել Էջմիածնում: Բայց է՛լ ավելի շատ նա ուզում էր Վրացյանի հետեւից գնալ արտասահման եւ թույլ չտալ, որ նա ցեխ շպրտի իր վրա…»:

Իսկ խորամանկ ու հեռատես Վրացյանը հասկանում էր, որ առանց այդ փողերի ինքը՝ պարտված մի փախստական, որի նմանները բոլորից արհամարհված թափառում էին աշխարհով մեկ, այլեւս չի կարող ոտքի կանգնել, չի կարող պահպանել կուսակցությունը եւ իր ուժը կուսակցության ու սփյուռքի մեջ: Այդ փողն ու ոսկին էին, որ Դաշնակցության վարձու «հայրենասերների» խայտառակված, սոված ու տկլոր զանգվածները կապում էին Վրացյանի հետ եւ դարձնում նրա հլու հնազանդ կամակատարները: Այն ժամանակների մասին Նժդեհը բանտում այսպես է գրել.

«1921թ, Զանգեզուրը թողնելու հաջորդ օրը, Արաքսի պարսկական ափին ես «անտակտություն» թույլ տվեցի, պատժելով երկու դաշնակ նախարարների՝ Հակոբ Տեր-Հակոբյանին եւ Եփրեմ Սարգսյանին, ովքեր նաեւ Գերագույն մարմնի անդամ էին: Այդ միջադեպից մի քանի օր անց ես նամակ ստացա Ս. Վրացյանից, նա գրում էր. « Դու թո՛ղ քո այդ անդրանիկական բաները:

Անդրանիկն էլ էր իրեն այդպես պահում, ինչպես դու, իսկ հիմա անօգնական թափառում է Եվրոպայում: Կուսակցությունը որոշակի հուսեր է կապել քեզ հետ: Լսող եղիր հին ընկերներիդ, իսկ եթե ոչ՝ վատ կլինի քեզ համար: Ես գիտեմ միայն, որ մարդիկ մեծ դժվարությամբ են բարձրանում, շատ տարիների ընթացքում, բայց խորտակվում են մի ակնթարթում»: Այս նամակը ստանալու օրը ես խորապես ափսոսացի, որ մտրակելու փոխարեն չեմ գնդակահարել Դաշնակցության Գերագույն մարմնի այդ երկու անդամներին:

Նույն օրն իսկ ես ինձ զգացի Դաշնակցությունից հեռացած ու կտրված… Իր քաղաքական կուրսը Դաշնակցությունը չէր պայմանավորում բացառապես հայ ժողովրդի դրությամբ: Հանցավոր անփութությամբ  Դաշնակցությունը արհամարհում էր մեր ժողովրդին սպառնացող վտանգները…Նրա անդամներից շատերը համոզված էին, որ Հայաստանի ցուցադրական անկախության գաղափարը կարող է դառնալ նրա գերեզմանափորը: Նրանք դա գիտեն, բայց  մինչեւ այժմ ինքնանպատակ կուսակցականությունը եւ կուսակցական էգոիզմը թույլ չի տալիս Դաշնակցության ղեկավարներին խելամիտ հարաբերություններ հաստատել խորհրդային իշխանության հետ… Դաշնակցությունը այժմ կանգնած է երկընտրանքի առջեւ, թե ում հետ նա պետք է լինի՝ թուրքերի հետ, կամ ռուս մեծ ժողովրդի հետ: Նա դավաճան կլինի, եթե վճռականորեն չպատասխանի. «Ռուսների հետ ընդդեմ թուրքերի»:

Հենց այսպիսի քաղաքական կողմնորոշում է պահանջում մեզնից  թե՛ մեր ազգային ու մարդկային արժանապատվությունը եւ թե հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը ապահովելու շահերը… Հիմա արդեն Դաշնակցությունը մեռնող երեւույթ է: Նրա գոյությունը այսուհետեւ պետք չէ, անօգուտ է ու անտրամաբանական: Նա հակասության մեջ է հայտնվել ներկա դարաշրջանի հետ: Նա պետք է չքվի: Այս գիտակցությամբ էր, որ ես հեռացա Դաշնակցությունից»:

Մենք չենք մեկնաբանի Դաշնակցության մասին Նժդեհի դատողություններն ու «հին ընկերներին» ներկայացրած մեղադրանքները, դրանք շատ առումներով արդարացի են  ու տեղին:

Բայց արդարացի չէ, որ Նժդեհը անմեղսունակ ձեւանալով փորձում է այդ ամենին մի տեսակ «դիտորդական անաչառ  գնահատականի» երանգ տալ,  կարծես այդ ամենի հետ  ինքը երբեւէ կապ չի ունեցել, կարծես ինքը բաժին  չի ունեցել  այդ սխալների ու մեղքերի մեջ: Նժդեհի հոդվածների ու գրառումների մեջ մեզ  այդպես էլ չհաջողվեց  գտնել «հայրենասեր ասպետի» թեկուզեւ ուշացած դատապարտման խոսքը, կամ գոնե վերաբերմունքը Ալեքսանդրապոլի՝ Հայաստանը թուրքերի ոտքի տակի փալասը դարձնող պայմանագրի մասին, արյունաքամ  երկրին  նոր աղետ պատճառած  «փրկության կոմիտեի» ու նրա փետրվարյան հանցագործության մասին,  որը կատարվեց ոչ առանց Նժդեհի եռանդուն օժանդակության,  եւ, վերջապես,Երեւանը թուրքերին հանձնելու Վրացյանի խայտառակ հեռագրի մասին:Բոլոր այս իրադարձությունների ժամանակ նա ակտիվ նամակագրական կապ է ունեցել Սիմոն Վրացյանի հետ, եղել է նրա համախոհն ու աջակիցը:

Նորից կարդանք. «Դաշնակցությունը այժմ կանգնած է երկընտրանքի առջեւ, թե ում հետ նա պետք է լինի՝ թուրքերի հետ, կամ,  ռուս մեծ ժողովրդի հետ: Նա դավաճան կլինի, եթե վճռականորեն չպատասխանի. «Ռուսների հետ՝ ընդդեմ թուրքերի», սա Նժդեհն է գրում եւ նա իրավացի է, բայց մի՞թե այդ երկընտրանքը նոր էր, միայն «այժմ» ու հանկարծակի առաջացած: Այդ երկընտրանքը չկա՞ր արդյոք, երբ Հայաստանը դարձավ խորհրդային: Մինչ այդ Նժդեհի վարքագիծը դեռ կարելի էր հասկանալ եւ նույնիսկ գովեստի ու հավանության արժանացնել նրա համառությունը Զանգեզուրում, բայց հետո… Մի՞թե Նժդեհը նրանց հետ չէր, ովքեր Ալեքսանդրապոլում եւ դրանից հետո էլ այդ երկընտրանքին հակառակ պատասխանը տվեցին՝ «թուրքերի հետ՝ ընդդեմ ռուսների», այդ ամեն տեսակ վրացյանների եւ  ռուբենների հետ, նրանց «փրկության կոմիտեի» հետ… Այս մասին է, որ նա խոհեմաբար «մոռանում» է:

Իրականում, Նժդեհի հակասություններն ու բախումները Դաշնակցության շեֆերի հետ երբեք էլ չեն եղել  «սկզբունքային ու գաղափարական  հողի վրա», ինչպես ինքն է փորձում համոզել: Դրանց  հիմքում միշտ  եղել են «միակ առաջնորդը» լինելու նժդեհյան անհագուրդ  հավակնություններն ու պաթոլոգիական փառատենչությունը:Սակայն, նեղն ընկած  ժամանակ «Խուստուփի արծիվը» թեթեւ սրտով կարողանում էր մոռանալ ամեն տեսակ «սկզբունքային տարաձայնությունները», առանց խորն ու տեսանելի ապրումների կարողանում էր փառասիրությունը զոհաբերել նպատակահարմարությանը, կարողանում էր իր «ասպետական վեհությունից» իջնել մեղավոր երկրի վրա, հարմարվել նոր իրավիճակին, հաճոյանում էր, դառնում  լպրծուն, հեզ ու խոնարհ, հուսալով ու սպասելով ճակատագրի հերթական բարեհաճությանը:

Այդպիսին էր նա Զանգեզուրում, երբ բարեկամության  հորդորներ էր հղում թուրքերին, այդպիսին էր նա, երբ կրկին վերադարձավ Դաշնակցության սնուցող գիրկը, այդպիսին էր նա բանտում, երբ խորհրդային իշխանությանը «ուշացած սիրո խոստովանություն» էր անում. «Ցեղակրոնի համար ռուս մեծ ժողովուրդը հայության միակ բնական դաշնակիցն է: Նրա համար գոյություն չունեն հայաստաններ, այլ կա Հայաստան: Եթե Հայաստանն այսօր խորհրդային է, դա նշանակում է, որ պատմական զարգացման օրենքների համաձայն, այն միայն այդպիսին կարող էր լինել…», կամ, «…Թուրքերը, որոնք երազում են բոլոր թուրքական ցեղերը տեսնել իրենց տանիքի տակ, չեն կարող երբեւէ լինել Խորհրդային Միության հետ, նույն այդ պատճառով հայ ժողովուրդը չի կարող ապրել պետականության պայմաններում առանց հզորագույն բարեկամի՝ ռուս ժողովրդի»:

1925թ. Նժդեհը նորից խնդրում է իրեն վերականգնել կուսակցության մեջ, այս ժամանակ նա դեռ  բավականաչափ ճանաչում եւ ազդեցություն չուներ սփյուռքում, թերեւս, ապրուստի պայմաններն էլ սուղ էին: Դաշնակցության համար դա ծանր շրջան էր, կուսակցությունը բարոյալքված էր, վարկաբեկված ու ներքին գզվռտոցներից պառակտված:Այդ տարիներին սփյուռքում տիրող մթնոլորտի մասին է գրում Զապել Եսայանը.

«…Լոզանի կոնֆերանսի խայտառակությունը  վերջին հարվածը տվավ անոնց, որոնք դեռ խաբուսիկ հավաստիացումներով կրնային հանրային կարծիքը տատամսումի մեջ պահել…Այլեւս մարդ  չիկա, բացի իրենց լաքեներեն, որ հավատա իրենց խոսքերուն, զանազան հերոսներու  զեկուցումները կը լսվին  հեգնական ակնարկություններով,Վրացյաններու, Ռուբեններու եւ Խատիսյաններու ջանքերը գոնե որոշ կարգի երիտասարդության  համախոհությունը ունենալու, անցան ապարդյուն: Բայց այս տրամադրությունները  ցրիվ են, անորոշ եւ անկապակից  եւ շնորհիվ  այն բանին, որ դժգոհությունները չեն բանաձեւվիր, մյուսները կը համարեն  ինքզինքնին  ազատ հաշվի չառնելու  դժգոհությունները»:

Պետք էր շտապել օգտվել այդ «ցրիվ ու անորոշ տրամադրություններից», քանի դեռ սփյուռքը շփոթի մեջ էր: Այստեղ է ահա, որ Հայաստանից գողացած փողերն ու ոսկին գործի մեջ դրվեցին: Կամացկամաց Սիմոն Վրացյանն ու նրա լաքեյները իրենց ձեռքը վերցրին  սփյուռքի ազգային հաստատությունները, դպրոցը, մամուլը: Նժդեհը նորից պետք եկավ Դաշնակցությանը եւ Դաշնակցությունն էլ պետք եկավ Նժդեհին, սփյուռքում իր տեղը գտնելու համար: Կուսակցական քարոզչամեքենան նրան վերստին բարձրացրեց, սփյուռքը մոլորեցնելու համար օգտագործելով նրա անունը իբրեւ խորհրդանիշ, իբրեւ աննկուն դաշնակցականի կերպար, ով հարազատ կուսակցության  ղեկավար ձեռքի տակ անասելի մի քաջությամբ  դիմադրել է անկախ հայրենիքի վերջին պատառը բոլշեւիկ զավթիչներից փրկելու համար:

Ինքը՝ Նժդեհն էլ հաճույքով խրախուսում էր իր «առասպելական քաջագործությունների» մասին լեգենդների տարածումը, չէր զլանում սփյուռքի մամուլում իր «անմահ սխրանքների» մասին  հոդվածներ պատվիրելուց:Ավելի վաղ նա իր «հերոսական մաքառումի» պատմությունն արդեն  թելադրել էր ռումինահայ Վարդան Գեւորգյանին, որն էլ մի գիրք տպագրեց «Լեռնայաստանի հերոսապատումը» պերճախոս անունով: Կարծես թե, ինքն էլ արդեն սկսում էր հավատալ իր «բացառիկ անձի հատուկ պատմական առաքելությանը»: Խորհրդային Հայաստանի կյանքից ու անցուդարձից անտեղյակ սփյուռքը սերնդափոխության  ընթացքի մեջ էր, հենց այդ նոր սերնդի ուղեղը լվանալու եւ դեպի Դաշնակցություն քաշելու գործին էլ լծվեց Նժդեհը կուսակցության հետ միասին: Հենց այդ նպատակին պետք է ծառայեին, այսպես կոչված, «ցեղակրոն ուխտերը»: Բայց տարիներ էին անցել, ոչ առանց Դաշնակցության օգնության Նժդեհն արդեն  հայտնի անուն էր դարձել, իսկ հաջող ամուսնությունը  ոսկերիչ ձեռնարկատիրոջ դստեր հետ  նաեւ նյութական անկախություն էր խոստանում: Հիմա արդեն Նժդեհը կարող էր չվախենալ, որ Վրացյանը իրեն եւս «Անդրանիկի նման անօգնական ու թափառական կթողնի»: Թող նորից վտարեն կուսակցությունից, կամ, ինքը կհեռանա:

Դա կլինի հետո՝ 1937-ին… Զանգեզուրը  Նժդեհին  սովորեցրել էր լինել «միակը, անառարկելին ու անփոխարինելին»: Նա նորից անզսպելի ցանկություն զգաց «տեր ու առաջնորդ» դառնալու: Ճիշտ է, դրա համար ինչ-որ մի նոր «գաղափարախոսական» խայծ պետք էր մոգոնել, Դաշնակցությունից տարբերվելու եւ թերուս երիտասարդությանը հրապուրելու համար, բայց դա մեր «ասպետին» չէր վախեցնում, նա ճառ ասել կարողանում էր…Այսպես ստեղծվեց «Ցեղակրոնը», որը միայն իրենը պետք է լիներ եւ իրենից անբաժանելի:Սփյուռքը նոր «հերոս» էր ուզում եւ ահա նա՝ Խուստուփի արծիվը, Զանգեզուրի  փրկիչը, թուրքերի ահուսարսափը, անկախ  հայրենիքի անպարտելի սպարապետը: Բայց  սեփական հնարավորություններն ու հռետորական կարողությունները մշտապես չափազանցնող Նժդեհը սխալվեց իր հաշիվներում:Սփյուռքի հիացումը նորահայտ փրկիչով երկար չտեւեց: Նույնիսկ «հայրենասեր»  ճառասացների նկատմամբ հատուկ թուլություն ունեցող գաղութահայությունը  նրա մեջ իր երազած ասպետի փոխարեն տեսավ միայն հերթական  դատարկախոս «փանջունուն» եւ ո՛չ ավելի: Սփյուռքը Դաշնակցության քթի տակից  փախցնելը  դժվար գործ դուրս եկավ:

«…Գրեթե մեր բոլոր գաղթավայրերից  դիմում էին ինձ, առաջարկելով այցելել իրենց երկրները տեղի երիտասարդությանը համախմբելու եւ Ցեղակրոն շարժմանը միացնելու համար – գրում է Նժդեհը, — հենց դա էր պատճառը, որ Դաշնակցությունը վախենալով կորցնել իր դիրքը, թշնամաբար վերաբերվելով  հայ իրականության մեջ առաջացած ցանկացած նոր ուժի՝ հանդես եկավ Ցեղակրոնության դեմ»:

Նժդեհը մեծ չափով իրավացի է, Դաշնակցությունը, իհարկե, վախենում էր կորցնել սփյուռքը, որին հիմարացնելու մենաշնորհը միայն իրենն էր, կուսակցության ընտրանին միայն այդպես կարող էր պահպանել իր քաղաքական գոյությունը եւ պարազիտանալ «հայ դատի» անունով: Նժդեհը եւ Դաշնակցությունը գործի դրեցին բոլոր ընդունելի եւ անընդունելի միջոցները մեկը մյուսին վարկաբեկելու եւ մեկուսացնելու համար: Նրանց կռիվը, կռիվ էր միայն սփյուռքի վրա իշխելու համար եւ ուրիշ ոչինչ:Եվ Նժդեհը տանուլ տվեց: Նա միայն կարողացավ իր շուրջը ծվարած պահել մի քանի տասնյակ պարզունակ ու դյուրահավատ ջահել «ցեղակրոնների»: Ձերբակալվելուց  քիչ առաջ սփյուռքի նկատմամբ իր դառն  հիասթափությունը նա կարտահայտի որքան տպավորիչ, նույնքան էլ անարդար կշտամբանքի մեջ.«Սփյուռք…Ամոթ քեզ եւ խայտառակություն»:

Անկասկած, Նժդեհին եւ ապա  Դեւեջյանին Երեւանը ցույց  տալու մտահղացումը  եւս  նախապատրաստվող լրտեսական սցենարի բաղկացուցիչ մասն էր: Իհարկե, Խորհրդային Հայաստանի փառահեղ մայրաքաղաքը  պետք է որ ուժեղ  տպավորություն  թողներ այն մարդկանց վրա, ովքեր Երեւանը վերջին անգամ  տեսել էին ավելի  քան 30 տարի առաջ: Մոնումենտի բարձունքից Նժդեհի աչքերի առաջ  բացված նոր Երեւանի համայնապատկերը ինքնըստինքյան ամենաանվիճելի եւ անառարկելի փաստարկն էր  հօգուտ խորհրդային կարգերի: Նժդեհին ուղեկցող Հայաստանի  պետանվտանգության  ղեկավարներից մեկը այս դրվագի մասին գրում է .

«…Նժդեհը զարմացած էր քաղաքի գեղեցկությամբ, նա  արտասվեց: Մենք  հավատացինք նրա  անկեղծությանը…»:

Իսկ Նժդեհի բանտընկեր Հովհաննես Դեւեջյանը իր հուշերում պատմում է, որ Նժդեհը վերադառնալով երեւանյան զբոսանքից՝ չի թաքցնում իր գոհունակությունը.

«Տպավորություններս դրական են, հին Երեւանը կերպարանափոխվել է, անճանաչելի է դարձել»:

Շուտով Դեւեջյանը եւս  հնարավորություն է ստանում անձամբ  համոզվելու դրանում:

Իսկ ինչ շարժառիթներով էր ղեկավարվում Նժդեհը, երբ ձերբակալվելուց հետո համառորեն ու թախանձագին իր ծառայություններն էր  առաջարկում խորհրդային պետանվտանգության  մարմիններին, որոնք էլ, ի վերջո, որոշեցին փորձել՝ իսկ ինչու ոչ: Նժդեհը իր  ցուցմունքներում եւ գրառումներում, հաճախ, չգիտես ինչու, անհրաժեշտություն է զգում  հիշեցնելու, որ ինքը՝ հին զինվորը արհամարհում է մահը, որ եթե ինքն ուզում է ապրել, ապա  միայն այն բանի համար, որպեսզի նորից նետվի Թուրքիայի դեմ պայքարի  հորձանուտը: Նժդեհը մշտապես դիմում է բազմակի օգտագործման այս փաստարկին, կարծես իր կենդանի հանձնվելը արդարացնելու համար: Նժդեհը հենց  սրանով է բացատրում իր մնալը Սոֆիայում, թեեւ, ինչպես ինքն է գրում, հրաշալի հնարավորություն ուներ հեռանալու Բուլղարիայից: Բայց  դարձյալ  իր «համեստ» ինքնաբնորոշմամբ, «ասպետական-հայրենասիրական քայլ» կատարելով՝ մնաց, որպեսզի իր աջակցությունն առաջարկի խորհրդային իշխանությանը.

«Ես վստահ էի, որ իմ ասպետական – հայրենասիրական քայլը՝ այն, որ ես չհեռացա, բավական կլինի ստիպելու խորհրդային իշխանությանը մոռանալ իմ հակախորհրդային անցյալը… Ցավոք, Կարմիր բանակը  չշարժվեց դեպի Թուրքիա»:

Հետաքրքիր է, ինչու՞ Նժդեհը որոշեց, որ Կարմիր բանակը պետք է շարժվի Թուրքիայի վրա: Այդ ով էր ասել, այդ երբ էր Կարմիր բանակը այդպես մտածելու հիմք տվել նրան:Սա, իհարկե, Նժդեհի հերթական փոքրիկ խորամանկությունն է, իր կասկածելի վարքագիծն արդարացնելու եւ «ասպետի» դեմքը փրկելու համար:

Սեփական հնարավորությունների մասին Նժդեհի խոսքերի մեջ, մեղմ ասած, դարձյալ չափազանցություն կա:Ստեղծված պայմաններում, երբ  նացիստներին շատ  թե քիչ  ծառայություններ մատուցած եւ ճանաչում ունեցող գործիչները հայտնվել էին հակաֆաշիստների համակ ուշադրության ներքո, Նժդեհի համար արդեն դժվար պիտի լիներ հեռանալը: Համենայնդեպս, Նժդեհի հնարավորություններն ավելին չէին, քան Գյորինգի կամ Մուսոլինիի (իմիջիայլոց, Մուսոլինին մահապատժի ենթարկվեց, իսկ Գյորինգը բանտում վերջ տվեց կյանքին): Եվ  հետո հետաքրքիր է, որ Նժդեհը խոսում է «ասպետավարի» Սոֆիայում մնալու եւ ոչ թե խորհրդային զինվորական իշխանություններին  հանձնվելու մասին: Համաձայնեք, որ սրանք տարբեր  բաներ  են: Թույլ տվեք պնդել, որ նա մնացել է Սոֆիայում, որովհետեւ չի կարողացել  հեռանալ:

Նժդեհի «ասպետականությանը», ճիշտ  է, դժվարությամբ, բայց  կարելի էր հավատալ, եթե գոնե նա ինքնակամ ներկայացած լիներ  խորհրդային զինվորական հրամանատարությանը կամ բուլղարական ժողովրդական միլիցիայի մոտակա բաժանմունք եւ ասեր. «Ես Գարեգին Նժդեհն եմ…»: «Գարեգին Նժդե ի ԿԳԲ» ռուսերեն հուշագրության հեղինակ Վ. Հովսեփյանը, երբ ինքը դեռեւս ՊԱԿ-ի երիտասարդ կապիտան էր, առիթ է ունեցել անձամբ շփվելու Նժդեհի հետ եւ ընդգծված համակրանքով է խոսում նրա մասին: Բայց դա չէ, որ ուշագրավ է դարձնում նրա գործը, Նժդեհին ձոնված տափակ ներբողները բնորոշ են մեր ժամանակներին, դրանց արդեն սովոր ենք: Մեզ համար կարեւորը գրքում ներկայացված անհերքելի վավերագրերն են, որոնք արժանի երախտագիտություն են առաջացնում հուշագրության հեղինակի նկատմամբ: Գրքում գտնում ենք նաեւ ԽՍՀՄ  ՊԱԿ-ի  փոխգնդապետ Գուրգեն Աղայանի հետեւյալ տեղեկագիրը. «…Խորհրդային զորքերի  մոտենալուն պես Նժդեհը ընդհատակ է անցնում:

Որոշ ժամանակ նա  թաքնվում  է Պանագյուրիցե  քաղաքում, գորգագործ  Բեդիկյանի  տանը: Սեպտեմբերի 9-ի նախօրյակին (այդ օրը խորհրդային զորքերը մտան Սոֆիա–Ա.Ա.) տեղափոխվել է Պլովդիվ քաղաք, որտեղ  ապրել է  «Կոմերցիալ» հյուրանոցում, հետո նորից վերադարձել է Պանագյուրիցե, այստեղից Բեդիկյանի ավտոմեքենայով մեկնել է Սոֆիա, որտեղ էլ ձերբակալվել է»: Այս  ամենը տպավորություն է ստեղծում, որ Նժդեհը, այնուամենայնիվ,  աշխատել է ելքեր  գտնել  Բուլղարիայից դուրս պրծնելու համար: Նա, ամենայն հավանականությամբ, փորձել է թաքնվել, հավանաբար, այս հարցում իրեն օգնելու խնդրանքով դիմել է ծանոթներին ու մտերիմներին, բայց  տեսնելով, որ բոլորը մտածում են միայն իրենց գլխի ճարը տեսնելու մասին, որ ինքը ոչ ոքի այլեւս պետք չէ՝ հուսահատ վերադարձել է տուն եւ այստեղ էլ  հորինել է «չհասկացված ու չգնահատված ասպետի» իր հայտնի պատմությունը.

«չհեռանալով Սոֆիայից ես դրսեւորեցի բարձր հայրենասիրություն… չեմ կարծում, որ շատերը կգտնվեն, ովքեր կվարվեին այնպես, ինչպես ես»:

Պարզ է, իհարկե, էլ ով կարող է, իրենից բացի, միայն ինքը՝ միակը, անզուգականը, անկրկնելին…

Արդեն 1944-ի սեպտեմբերն էր, բուլղարական ժողովրդական միլիցիայի մարտիկները ամենուրեք փնտրում էին տեղական նացիստական վարձկաններին: Ճակատագրի հետ հաշտված, բոլորից  լքված, մոռացված ու դառնացած «ասպետը» հասկանում էր, որ հատուցման ժամը եկել է: Բայց նա Նազովրեցու նման անսասան մնաց իր Գեթսիմանյան այգում: Իսկ մի՞թե բոլորը հասկացան ու գնահատեցին «ասպետի» ինքնազոհողության ու նահատակության սխրանքը: Ոչ բոլորը: Հայտնի բան է, որ ամեն ժողովուրդ իր տականքն ունի, հայերն էլ, ինչ կարող ես անել, բացառություն չեն: Նա ստեղծեց «Ցեղակրոնը», սփյուռքը «հոգեւոր սնանկացումից» փրկելու համար, դարձյալ չգնահատեցին այդ անարժանները. «հայության անցեղ ու պարտվողական մասը իմ դեմ խարդավանքներ էր նյութում…Ես ներում եմ բոլորին…»: Ներել կարողանալը, իհարկե, վայել է մեծահոգի ասպետին, մանավանդ, եթե պատժել չես կարող, բայց  արժե մի երկու լավ բան ասել այդ «երախտամոռ հուդաներին»: Ազատության վերջին օրերի նրա գրառումներում կարդում ենք.

«Հավերժորեն նողկալի են ստրուկները, որոնք միշտ  օգտագործել են արտաքին ուժերին իրենց անզոր չարությունը հագեցնելու եւ հայրենակիցների մեջ իրենց «թշնամիներին» ոչնչացնելու համար: Սակայն ոչ պակաս նողկալի են ազգայնականները, ովքեր միայն անվանապես են այդպիսին: Բազարի բարոյականությամբ այդ արարածները իջան մինչեւ անասունի աստիճան: Ծանոթներ, բարեկամներ, ազգականներ՝ ոչ ոք քեզ համար դուռը չի բացի, եթե անգամ Նազովրեցու խաչը մեջքիդ եւ արյունածոր ճակատիդ փշե պսակ դրած նրանցից պաշտպանություն խնդրես: Մոռացել են, մոռացել են բոլորը, որ միայն իմ ջանքերի շնորհիվ խուսափեցին հրեաների ճակատագրից, ամբողջ չորս տարի դրանք բոլորը միայն հարստանում էին ու հարստանում: Նրանք, ովքեր դեռ երեկ քո հայացքն էին փնտրում ու քո մի «բարեւը», այսօր նույնիսկ քո անունից են փախչում ու քո ստվերից…Սփյու՛ռք, դու նորից ստիպեցիր ինձ վերապրել  անարգանքի  ողբերգությունը: Ամո՛թ քեզ եւ խայտառակություն»:

«Չհասկացված ասպետի» մոտիվը նա դեռ շատ անգամներ կկրկնի, նաեւ Ստալինին գրած  նամակում, որը նույնպես չի հասել հասցեատիրոջը: Այս նամակը ավելի  ուշ  կներկայացնենք: Խորհրդային չեկիստները, իհարկե, լուրջ նշանակություն չէին տալիս  Նժդեհի պարզունակ բացատրություններին ու նրա ծիծաղելի «աշխարհաքաղաքական» խրատներին, նրանք  իրենց  նպատակն ունեին, որի մասին վերեւում արդեն  ասվեց: Ուրեմն, ինչ էր մնում  Նժդեհին այն  բանից  հետո, երբ «ասպետավարի» տանը նստած ձերբակալվեց եւ ուղարկվեց ԽՍՀՄ: Նրան մնում էր սպասել դատավճռին, իսկ այդ դատավճիռը կարող էր ահեղ  լինել: Պատերազմում իր միլիոնավոր զավակների կորուստը վերապրած երկիրը ամենայն իրավունքով կարող էր Նժդեհին գնդակահարել առանց հետաքննության, առանց դատ ու դատաստանի, որպես հիտլերականների սպասյակի եւ դա կլիներ արդարացի ու հասկանալի:Նժդեհը գիտեր այդ: Նրա ձերբակալությունից մինչեւ դատավճռի կայացումը տեւել է գրեթե  չորս  տարի:

Ողջ այդ  ընթացքում գնդակահարված լինելու հավանականությունը եղել է միանգամայն  ռեալ եւ ողջ այդ  ընթացքում Նժդեհը մի գլուխ հավաստիացնում էր խորհրդային իշխանության նկատմամբ իր երբեմնի վերաբերմունքի կտրուկ փոփոխության  մասին, այն  մասին, թե ինչպես եւ ինչու ինքը խորհրդային կարգերի երդվյալ թշնամուց դարձավ այդ կարգերի ջատագովն ու բարեկամը: Սեփական հայացքների վերանայումն ու վերաիմաստավորումը, առհասարակ, նորմալ է յուրաքանչյուր մարդու համար եւ դրանում ոչ մի դատապարտելի բան չկա, ավելին, դա նույնիսկ գովելի է: Բայց այս դեպքում կարեւոր է դառնում դրդապատճառը, նպատակը, անկեղծությունը: Արդեն ասվեց, որ Նժդեհը դա բացատրում է Թուրքիան պարտված տեսնելու իր հայրենասիրական միակ իղձով ու բաղձանքով: Իսկ այդ բաղձանքը իրականացնել կարող է միայն խորհրդային պետությունը:

Ոչ հեռավոր անցյալում, մինչեւ ձերբակալվելը, նույն այդ երազանքով Նժդեհը իր ծառայություններն առաջարկեց գերմանական նացիստներին, բայց այն ժամանակ գնդակահարությանը սպասող  բանտարկյալի ապրումները ծանոթ չէին նրան: Թվում է, թե Նժդեհը երկու դեպքում էլ չի ստում, թե գերմանական ծառայության մեջ, թե խորհրդային բանտում, երկու դեպքում էլ, կարծես թե շարժառիթը Թուրքիայի դեմ պայքարի անզուսպ  ցանկությունն է:

Բայց, իհարկե, այս ամբողջությամբ եւ արմատապես տարբեր իրավիճակներում նրա նպատակներն էլ տարբեր էին: Հիմա մի վավերագիր էլ հիշենք, դա 1920-ի դեկտեմբերի 25-ին Տաթեւում գումարված 69  գյուղերի  պատգամավորների, այսպես կոչված, համազանգեզուրյան համագումարի  բանաձեւի  արձանագրությունն է:

Բայց նախ ասենք, որ այդ ժամանակ արդեն Հայաստանի հիմնական տարածքի վրա հաստատվել էր խորհրդային իշխանություն: Շուտով  բոլշեւիկները Խորհրդային Հայաստանին միացրին Լոռին, որը թունդ «ազգային հայրենասերները» դեռ 1920-ի  նոյեմբերի 13-ի պաշտոնական համաձայնագրով շռայլորեն զիջել էին  մենշեւիկների Վրաստանին: Մի փոքր ավելի ուշ բոլշեւիկները Հայաստանին վերադարձրին նաեւ Գյումրին: Բայց գանք վերոհիշյալ բանաձեւին: Արձանագրության 4 րդ  կետում  կարդում ենք. «համագումարը միաձայն որոշում է  հրավիրել իր ազատարար, իր հերոս Նժդեհին որպես Սյունյաց սպարապետ եւ բուռն  ծափահարություններով իր կատարյալ քվեն տալով նրան, իր բախտն է հանձնում նրան»: Համագումարը իր միակ թշնամին հայտարարելով խորհրդային իշխանությունը, իրեն   հռչակում է Խորհրդային Հայաստանից անջատված: Այսպիսով, թշնամին հայտնի է, դա  Խորհրդային Հայաստանն է: Իսկ ինչպիսին էին լինելու 69 գյուղերի 118 պատգամավորների եւ իհարկե, «ազատարար ու հերոս» Նժդեհի կողմից ինքնավար հռչակված Սյունիքի հարաբերություններն ու վերաբերմունքը մյուս հարեւանների նկատմամբ: Արձանագրության 6-րդ կետը պարզաբանում է. «Զանգեզուրի վերաբերմունքը դեպի Ադրբեջանի կառավարությունը լինելու է բարեկամական, բայց նա առայժմ չի կարող սերտ  հարաբերությունների եւ երթեւեկության մեջ մտնել Ադրբեջանի հետ, մինչեւ երկու հարեւան ժողովուրդների փոխադարձ վստահությունը կատարյալ չլինի»: Եկեք հիշենք, որ Ադրբեջանը եւս խորհրդային էր: Հիմա թուրքերի նկատմամբ վերաբերմունքի մասին՝ նույն  6-րդ կետը  հռչակում է.

«Զանգեզուրի փոխհարաբերությունները իր հարեւան թուրքերի հետ երեք  տարուց ի վեր, շնորհիվ արտաքին պրովոկացիաների եւ  քաղաքական  միջամտությունների եղել է  թշնամական, այսօրվանից համագումարը  լիահույս  է, որ այդ  անտեղի թշնամանքը  կդադարի երկու դարավոր հարեւանների միջև, տեղի տալով սերտ բարեկամության»:

Համագումարը  իր  բարեկամական զգացմունքներն է հայտնում նաեւ Պարսկաստանին:

Ինչպես ասվեց, Սյունիքի եւ Նժդեհի միակ թշնամին Խորհրդային Հայաստանն էր: Ուրեմն, Խորհրդային Ադրբեջանի հետ կարելի էր բարեկամանալ: Թուրքերի հետ էլ պետք էր  բարեկամանալ, մոռանալով «անտեղի  թշնամանքը», իսկ ահա Խորհրդային Հայաստանի հետ պետք էր  միայն կռվել, ավերել, ոչնչացնել, նրա հետ բարեկամանալ չէր կարելի, որովհետեւ դա կնշանակեր Զանգեզուրը միացնել հայրենիքին, իսկ դա էլ կնշանակեր կորցնել  իշխանությունը, անձնական անսահմանափակ իշխանությունը:

Այստեղ՝ Զանգեզուրում Նժդեհը միայն սպարապետ չէր, այստեղ նա ինքնիշխան էր, կարող էր ներել ու պատժել, այստեղ նա «թագավոր էր ու աստված», իսկ ով էր լինելու նա խորհրդային կարգերի  պայմաններում: Փառասիրությունն ու իշխանատենչությունը, որ երբեմն հասնում էին  զավեշտի, դարձել էին նրա վարքագծի գլխավոր շարժառիթը, որն էլ հենց նրան տարավ գերմանացիների մոտ: Հիտլերականները որեւէ առիթ չէին տվել Նժդեհին կարծելու, որ իրենք  Թուրքիայի դեմ ինչ-որ նախապատրաստություններ են տեսնում: Դա նրանց ինչի՞ն էր պետք:

Թե՞ գերմանացիները այնքան հիմար էին, որ Թուրքիային իրենց կողմը հրապուրելու փոխարեն, ընդհակառակը, մի քանի բախտախնդիր հայերի խելքին ընկնեին ու թուրքերին վերջնականապես վանեին իրենցից, նետեին հակառակորդի ճամբարը, այսպիսով, մի նոր ճակատ ստեղծելով իրենց դեմ: Իրո՞ք Նժդեհը այնքան միամիտ էր, որ ենթադրեր, թե ինքը հայերից խումբ է  հավաքագրում Թուրքիայի դեմ օգտագործելու համար, իսկ գերմանացիներն էլ իրենց  դարդը թողած այդ խառնիխուռն զանգվածը մարզում էին ու հոգում նրա ծախսերը, որպեսզի քաջ Նժդեհը գնա ու ազատի իր պատմական հայրենիքը: Ավելի ուշ, խորհրդային բանտում Նժդեհը կպատմի, թե ինքը որքան է հիասթափվել նացիստներից, երբ նրանք իր հավաքագրած մի քանի  հոգուն թուրքերի դեմ նախապատրաստելու փոխարեն, իրենից  վերցրել են, տվել «հայրենիքի դավաճան Դրոյին» եւ ուղարկել են Ղրիմ, Կարմիր բանակի դեմ:

Գերմանացիների օգնությամբ թուրքերի դեմ ռազմական գործողությունների ծրագիրը գոյություն ուներ միայն Նժդեհի երեւակայության մեջ: Կամ, որ ավելի հավանական է,Նժդեհը ձեւացնում էր, իբր հավատացել  է, որ այդպես կլինի, հարմար էր այդպես ձեւացնել: Պատերազմի առաջին տարիներին շատերը վստահ էին, որ այն կավարտվի շատ շուտ եւ անպայման գերմանացիների հաղթանակով:Նժդեհն էլ շտապեց իրեն գցել «հաղթողի» ճամբարը, ապագայում հայ  ժողովրդի միակ ու անվիճելի առաջնորդը լինելու համար, ցեղի  առաջնորդը… Թուրքիայի դեմ պայքարի մաշված խաղաքարտը Նժդեհը հետո էլի  կօգտագործի, այս անգամ  արդեն բացատրելու համար, թե ինքն ինչու է իր  ծառայություններն առաջարկել  խորհրդային պետանվտանգությանը:

Դե, իհարկե, ինքը  Նժդեհն է, ասպետ, իսկ ասպետին վայել չէ այնպիսի մարդկային թուլություն, ինչպիսին մահից  վախենալն է: Իր ուզածը միայն Թուրքիայի հախից գալն է, էլ ո՞վ, եթե ոչ ինքը: Այն, ինչը չհաջողվեց գերմանացիների օգնությամբ, կհաջողվի հաղթանակած խորհուրդների հետ միասին: Խորհրդային բանտում էլ փառքի նկատմամբ թուլությունը չլքեց նրան, ճիշտ է, հիմա  արդեն «ասպետի» հիվանդագին ինքնահիացումն ու սեփական անձի  բացառիկության սինդրոմը ավելի ծիծաղելի դրսեւորումներ էին ստանում, մանավանդ, այն թշվառ վիճակի համապատկերի վրա, որի մեջ  նա հայտնվել էր:

Շարունակելի

Աղբյուրը՝ politsturm.com


 Պիտակներ
         Նժդեհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb