Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարը Հայաստանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

Իրադարձային 11.01.2019   09:47   314

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակում կայացել է ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը: 

Շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՀՀ ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի և անձամբ իր աջակցությունը նրա առաքելության իրականացման ընթացքում:

Լուիզ Մուշիկիվաբոն, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման կապակցությամբ, նշել է, որ այն իր առաջին պաշտոնական հանդիպումն է, ինչը նաև խորհրդանշական է:

Գլխավոր քարտուղարն իր հիացմունքն է արտահայտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի բացառիկ ներդրման ու ջերմ ընդունելության, ՀՀ ներկայացուցչի անձնական նվիրումի շնորհիվ` ՖՄԿ Երևանի գագաթաժողովը պսակվեց մեծ հաջողությամբ: Այդ կապակցությամբ գլխավոր քարտուղարը խնդրել է իր շնորհավորանքները փոխանցել նաև ՀՀ ԱԳ նախարարին և ՀՀ իշխանություններին:

Հանդիպման ժամանակ ՀՀ ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցությանը, հատկապես` Երևանի գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների և Հայաստանի, որպես Գագաթաժողովի նախագահի, ստանձնած նախաձեռնությունների իրականացմանը: Ի պատասխան՝ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանի հետ միասին սերտորեն աշխատելու իր պատրաստակամությունը` վերոնշյալ որոշումների և նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև՝ ՖՄԿ 50-ամյակի միջոցառումը Հայաստանի հետ համատեղ կազմակերպման համար:



 Պիտակներ
         Քրիստիան Տեր-Ստեփանյան, Ֆրանկոֆոնիայի ՄԿ, Լուիզ Մուշիկիվաբո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon