Ֆիզիկական թերակտիվությունը` որպես ռիսկի գործոն

Իրազեկիչ 10.08.2020   20:15   1323

Ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնի կմախքային մկանների յուրաքանչյուր շարժումն է, որի ժամանակ ծախսվում է ավելի շատ էներգիա, քան հանգիստ վիճակում:

Ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է, որն իր հերթին նպաստում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (սրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ և չարորակ նորագոյացություններ) զարգացմանը:

Ըստ վիճակագրության՝ Հայաստանի 45-69 տարեկան բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության տարածվածությունը կազմում է 28.6%, հատկապես` տղամարդկանց շրջանում, ընդ որում, այդ տոկոսն աճում է տարիքի ավելացման հետ: Հարկ է նշել, որ այս ռիսկի գործոնը մոդիֆիկացվող է, այսինքն` կարելի է փոփոխել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ շաբաթական 150 րոպե (օրական 30 րոպե) տևողությամբ չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է վաղաժամ մահացության, սրտի իշեմիկ հիվանդության, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինսուլտի, արյան գերճնշման և դեպրեսիայի զարգացման ռիսկը, իսկ շաբաթական 150-300 րոպե (օրական 30-60 րոպե) տևողությամբ՝ նվազեցնում է հաստ աղու, կրծքագեղձի քաղցկեղի և ավելորդ քաշի զարգացման ռիսկը:

Բոլորովին պարտադիր չէ, որ ֆիզիկական ակտիվությունը դրսևորվի սպորտի կամ պրոֆեսիոնալ պարապմունքների միջոցով: Հաշվի է առնվում ցանկացած տեսակի ակտիվություն, այդ թվում` պարելը, երեխաներին դպրոց ճանապարհելը, խանութ գնալը և անգամ տնային աշխատանքների իրականացումը։



 Պիտակներ
         թերակտիվություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb