ԵԽ զեկուցողը ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը

Աշխարհ 24.01.2019   14:45   484

Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով Եվրոպայի խորհրդի զեկուցող Տորխիլդուր Վարսդոտիրը ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում ներկայացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հուշագիր։

Ինչպես հայտնում է contact.az-ը, այդ ծավալուն փաստաթղթում կատարվում է իրավիճակի վերլուծություն ու գնահատում և հրապարակվում է 130 այն մարդկանց անունները, որոնք ենթադրաբար քաղբանտարկյալներ են

Ներածության մեջ զեկուցողը հիշեցնում է, որ այդ խնդիրն անհանգստություն էր առաջացնում դեռևս 2001թ․, երբ Ադրբեջանը մտնում էր Եվրոպայի խորհրդի կազմ։

ԵԽԽՎ-ն 2002թ․ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին իր 1272 բանաձևում հաստատել է, որ ոչ ոք չի կարող կալանավորվել քաղաքական պատճառներով։

1359 բանաձևում Վեհաժողովը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

2005թ․ Վեհաժողովն ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին 1457 բանաձևը և 1711 առաջարկությունը։

2010թ․ ընդունված՝ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին 1750 բանաձևը ևս վերաբերում էր այդ թեմային։

Բոլորովին վերջերս, 2017թ․, ԵԽԽՎ-ն վերանայել է խնդիրը Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին 2184 բանձևում՝ մտահոգություն հայտնելով ընդդիմության առաջնորդներին, իրավապաշտպաններին, քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին, բլոգերներին և փաստաբաններին դատական հետապնդումների ենթարկելու և կալանավորելու կապակցությամբ։

2185 բանաձևում ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներին, ովքեր դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով։

2013թ․ պատրաստվել էր Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին Շտրասերի զեկույցը, սակայն այդ մասին բանաձևի ընդունումը տապալվել էր։

Ավելի ուշ անկախ քննչական մարմնի զեկույցում նկարագրվում էր, թե ինչպես է կոռուպցիոն մեխանիզմը օգտագործվել ԵԽԽՎ-ում Շտրասերի զեկույցը արգելափակելու համար։

Վերջում զեկուցողը նշում է, որ Ադրբեջանում մեծ է այն մարդկանց թիվը, ում կարելի է քաղբանտարկյալ ճանաչել և ում ճակատագիրը պետք է ուսումնասիրի ԵԽԽՎ-ն։



 Պիտակներ
         Ադրբեջան, ԵԽԽՎ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon