Եվա Էռնստ-Ձիձիչ. «Էրդողանը չպետք է «կրակի վրա յուղ լցնի»»

Իրադարձային 01.10.2020   16:11   39

Ավստրիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում սեպտեմբերի 29-ին  տեղի են ունեցել քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին։

Ավստրիական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հանձնաժողովի անդամներին իրավիճակի վերաբերյալ զեկուցել է Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

Նախարարը շեշտել է դեէսկալացիայի «հրատապ անհրաժեշտությունը»: Նա տեղեկացրել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում նա նույնպես կոչ է արել դադարեցնել բոլոր մարտերը շփման գծի երկայնքով և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Շալլենբերգն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամն ապացուցում է, թե որքան արագ կարող է լարվածությունը վերածվել թեժ հակամարտության: «Լարվածությունը պետք է նվազեցվի խոսքով և գործով»,-նշել է արտգործնախարարը՝ նկատի ունենալով տարածաշրջանի բոլոր դերակատարներին:

Կանաչների խմբակցության ղեկավարի տեղակալ, կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Եվա Էռնստ-Ձիձիչի կարծիքով ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի վերջնական կարգավորման։ «Ուժի կիրառումը վստահաբար սխալ միջոց է այս հակամարտության համար վերջնական ​​լուծում գտնելու համար, որը տասնամյակներ շարունակ մարում և կրկին բռնկվում է», - նշել է նա։

Եվա Էռնստ-Ձիձիչը նույնպես քննադատել է Թուրքիային՝ ռազմատենչ հռետորաբանության և, ըստ շրջանառվող լուրերի, Սիրիայից ջիհադիստ վարձկաններ Ադրբեջան ուղարկելու համար։

Նա անհապաղ հրադադարի և հակամարտության հարցում միջազգային միջնորդության կոչ է արել: «Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և փոխարենը օգտվեն միջազգային միջնորդական առաջարկներից», - նշել է Էռնստ-Ձիձիչը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով այսօր նույնպես կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել մարտերը, և ԵԱՀԿ միջնորդական ձևաչափին:

Եվա Էռնստ-Ձիձիչը նշել է նաև, որ «այս իրավիճակում Թուրքիայի նախագահ Էրդողանը չպետք է «կրակի վրա յուղ լցնի» և դրանով է՛լ ավելի թեժացնի հակամարտությունը: Խոսքը մարդկային կյանքի մասին է, որն ավելին է, քան ներգրավված մեծ ուժերի խաղերը»:
 



 Պիտակներ
         Եվա Էռնստ-Ձիձիչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb