Էթնիկ, թե՞ կենցաղային կոնֆլիկտ. Դմանիսիի միջադեպի հետքերով. Aliq.ge

Աշխարհ 18.05.2021   14:04   78

Կոնֆլիկտը հանգուցալուծված է. ասում են Դմանիսիում մոտ մեկ օր տևած բախումների կողմերը՝ ազգությամբ ադրբեջանցի տեղի բնակիչներն ու էկո միգրանտ ազգությամբ վրացիները՝ Սվանեթիի բնակիչները, ովքեր Դմանիսի գյուղում հող են մշակում. գրում է aliq.ge-ն:

«Շարունակել խաղաղ համակեցությունը, խաղաղ հարաբերություններ ունենալ ցանկացած էթնոսի ներկայացուցչի հետ». սա է կողմերի մոտեցումը, որ արձանագրվել է հատուկ հանդիպման ժամանակ՝ տեղական ինքնակառավարման, խորհրդարանի անդամների, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև ադրբեջանական համայնքի հոգևորականների կողմից:

Կարծիքներ

Խորհրդարանական մեծամասնության անդամ Սոզար Սուբարին նախօրեի կոնֆլիկտը համարում է կենցաղային, իսկ այսօրվա շարունակությունը՝ կազմակերպված:

«Հուսանք՝ սրա պատասխանը կստանանք: Այս մարդիկ այստեղ կհաշտվեն, նրանց ընտանիքներն այստեղ են ապրել ու կապրեն: Որոշ երիտասարդների արյունը եռում է, կարծում են՝ ինչ-որ բան է կատարվում, սակայն սա ընդամենը կենցաղին հողի վրա զարգացած կոնֆլիկտ էր»,- այսպես է արձագանքել հարցին Սուբարին:

Բախումների վերաբերյալ անդրադարձերի հետ կապված մեկնաբանություն է արել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին․

«Բոլորս վրացիներ ենք, էթնիկ ադրբեջանցիները մեր եղբայրներն են, մեր քաղաքացիները: Չի կարելի կոնֆլիկտն այնպես ներկայացնել, կարծես երկիրը քանդվում է: Ցավոք, մարդիկ, հեռուստաընկերությունները լուսաբանում էին միջադեպն այնպես, կարծես երկրում մեծ դժբախտություն է տեղի ունենում, վրացիները սպանում են ադրբեջանցիներին, կամ հակառակը՝ ադրբեջանցիներն են սպանում վրացիներին»:

Մայիսի 17-ին բախումների հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև Վրաստանի քաղաքացիական հավասարության ու ինտեգրման պետնախարարությունը: Հաղորդագրության մեջ դրական է ներկայացված պետության արձագանքը` որակելով «տեղին, արագ»: Նաև, նշվում է, որ այս կոնֆլիկտի պատճառները փնտրելիս պետք է բացառել էթնիկ պատկանելությունը:

Հարցին անդրադարձել է նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը, կոչ է արել սադրանքների չտրվել ու քաղաքական պատասխանատվություն ցուցաբերել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի համապատասխան մարմինների հետ, հետևում է իրադարձությունների զարգացմանը:

«Դուք մշտապես եղել եք Ադրբեջան-Վրաստանի բարեկամության վառ օրինակ: Դեսպանությունը միշտ պատրաստ է այս կարևորագույն առաքելությունն իրականացնելուն աջակցել»:

Սպեցիֆիկ շրջանը

Դմանիսին քաղաք է Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում, Հայաստանի սահմանից շուրջ 10 կմ հեռավորության վրա: 2014թ. տվյալների համաձայն՝ 19 141 բնակիչ ունեցող քաղաքը հիմնականում ադրբեջանաբնակ է, նրանք կազմում են բնակչության 65,46 %-ը, իսկ 33,15 %-ը՝ վրացիներ են: Այս շրջանն առանձնահատուկ է էթնիկ բազմազանությամբ ու էթնիկ փոքրամասնությունների համակեցության օրինակով:

Տեղացի, ազգությամբ ադրբեջանցիները մեզ հետ զրույցում նշում են, թե նման խնդիր տարածքում միշտ էլ եղել է, ու տեղի ունեցածը որակում են էթնիկ հողի վրա հրահրված կոնֆլիկտ:

Քաղաքագետ, գրող Դավիթ Զուրաբիշվիլին իր հոդվածներից մեկում գրում է, որ նման դեպք տեղի է ունեցել 1989 թվականին ևս.

«Մառնեուլիում զոհեր չկան, մահացել է երկու թաթար: Այս արտահայտությունը լսել եմ իմ ականջներով 1989թ. հունիսին, ժողովրդական ֆրոնտի հանրահավաքին, մեծ համերգասրահում, որ հիմա Իվենթ հոլ է կոչվում»:

Մանրամասներ

Մայիսի 16-ին Դմանիսիի էթնիկ ադրբեջանցիների և Սվանեթիից եկած էկո միգրանտների միջև վիճաբանությունը վերածվել էր մահակներով ծեծկռտուքի, որին մի քանի տասնյակ մարդ է մասնակցել: Կան տուժածներ: Իրավիճակը լարվել է երեկոյան, պարետային ժամի պայմաններում: Վնասվել է առևտրի կենտրոնը, որի մոտ սկսվել էր բախումը:

Առավոտյան Դմանիսիի գյուղերից ադրբեջանցիները եկել են աջակցություն հայտնելու նախօրեին տուժած անձանց, ինչից հետո նորից բախումներ են տեղի ունեցել կողմերի միջև:

Ոստիկանությունը կենդանի պատ է ստեղծել տարածքում, սակայն իրավիճակը կայունացնել չի հաջողվել, ժամեր անց բախումները վերսկսվել են, ինչից հետո տարածվել է ՆԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը.

«Մայիսի 16-ին, Դմանիսիում, տեղացիների միջև կենցաղային հողի վրա տեղի է ունեցել ընդհարում, ինչը վերածվել է խմբակային բռնության: Ոստիկանությունը պարզել է առճակատման մեջ ներգրավված անձանց, հետաքննության շրջանակներում կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:

Դմանիսիում առճակատման կրկնությունը կանխելու և իրադարձությունների արհեստական ​​սրացումից խուսափելու համար ՆԳՆ աշխատակազմը մոբիլիզացվում է և պահպանում հասարակական կարգը», — ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

Իրավիճակը հանդարտվել է, երբ տարածք են այցելել Վրաստանի Ներքին գործերի նախարարն ու ադրբեջանցի հոգևորականներ։

ՆԳ նախարարն անդրադարձել է հարցին՝ արդյոք կան ձերբակալվածներ: Ըստ նրա՝ դեռևս հարցաքննություն է ընթանում:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։


 Պիտակներ
         կոնֆլիկտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb