Էս խայտառակությունը չհասկացող երեխաներին փոխանցել ավելի ապահով երկիր․․․

Տեսանկյուն 15.11.2020   20:00   71

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Բոլորիս կյանքում լինում են ցավոտ կորուստներ, անհուսալի պահեր, նպատակիդ հասնելու ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ։ Քչերը կլինեն, որ սրա միջով անցած չլինեն։ Ի՞նչ կարելի ա անել նման դեպքերում։ Մեկը կկոտրվի, կնահանջի, կծախվի, հույսը կկորցնի, արժեքները կվերաիմաստավորի, կհրաժարվի էդ նպատակից։

Մյուսը կպարզի մեջքը, կբուժի վերքերը, արժեքներն ավելի կամրացնի, թույլ չի տա մտքերի ապակողմնորոշում, կհաղթահարի խոչընդոտներն ու էլի առաջ կգնա։ Երևի թե էդ ընտրությունը նպատակի վեհության աստիճանից ա գալիս, արժեքների ամրությունից, որովհետև աղետներին արժանապատիվ դիմակայումը ոգու հարց ա, իսկ ոգին նպատակները, գաղափարներն ու արժեքներ են սնում։

Ես իմ գաղափարները փոխողը չեմ։ Անկախ նրանից, թե ոնց կվերաբերվեն դրան, ես իմ ուղին շարունակելու եմ ավելի ամրացած, ավելի շատ սխալներ գիտակցած։ Մեղավորներ չեմ փնտրելու։ Եթե նման բան էլ լինի երբևէ, մեղավորները հաստատ ժողովրդի, դիրքապահ զինվորների ու սպաների մեջ չեն, ոնց ոմանք փորձում են ներկայացնել։ Ժողովուրդը տվեց ավելին, քան կարող էր, հավատաց ավելի, քան թույլատրելի էր, կռվեց ավելին, քան հնարավոր էր։ Ճիշտ ա՝ վիրավոր եմ։

Վերքը մեր զոհերն են, էն հրաշքները, որոնց էլ երբեք հնարավորություն չի լինելու ընկերաբար գրկել։ Էդ վերքը երբեք չի սպիանալու։ Պետք ա սովորել ապրել դրա հետ ու կսովորեմ դա անել առանց հրապարակային էմոցիաների, ինքս իմ մեջ։ Ու իմ առաջ դրված նպատակներն ավելանալու են՝ հասնել նրան, հանուն ինչի իրենց կյանքը տվեցին էդ մարդիկ։

Հարցը տարածքները չեն, դրանք հետևանք են։ Հարցը իմ ու իրենց, մեր հայրենակիցների ապահով, երջանիկ ու բարեկեցիկ ապրելու իրավունքի իրացումն է էնտեղ, որտեղ իրենք կուզեին՝ Հադրութում, Քաշաթաղում, Շուշիում, Բերձորում, Ստեփանակերտում, Կապանում, Ստեփանավանում։ Ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ նրան,որ այլևս ոչ մի թշնամու մտքով չանցնի, որ կարող ա հարձակվել խաղաղ ապրող մեզ վրա։ Չգիտեմ՝ իմ կյանքը կհերիքի՞ դրան հասնել, թե չէ, բայց անելու եմ հնարավորը։

Իմ երազանքն ա՝ տեսնել էդ ամեն ինչը ու հիմա էս խայտառակությունը չհասկացող երեխաներին փոխանցել ավելի ապահով երկիր։ Նրանք պետք ա չապրեն էն, ինչ մենք ենք ապրել։ Նրանք պետք ա ապրեն բարօրության մեջ ու երջանիկ։


 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb