Երկու քարի արանքում. Լուի-Ֆերդինանդ Սելին

Մտորման համար 20.01.2021   20:00   88

Լուի Ֆերդինանդ Սելինը (ծննդյան ազգանվամբ՝ Դետուշ, 1894-1961թթ.) ֆրանսիական գրականության ամենաաղմկահարույց և հալածված հանճարներից է: Հեղինակ է տասը վեպերի՝ գրված 1932-69 թթ. միջակայքում:

Մասնակցել է առաջին աշխարհամարտին, 1914-ին վիրավորվելով ֆլանդրիական ճակատում՝ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանացու, 1915-ին աշխատել է Լոնդոնում Ֆրանսիայի հյուպատոսի օգնական, 1916-ին ֆրանսիական զինվորական գերատեսչության կողմից գործուղվել է Կամերուն՝ տեղի ֆրանսապատկան պլանտացիաները վերահսկելու նպատակով, հիվանդանալով՝ վերադարձել է Ֆրանսիա: Տուբերկուլյոզի դեմ արշավի շրջանակներում 1918-ին գործուղվել է Բրիտանիա: Պատերազմից հետո հաստատվում է Ռեննում, 1919-24 թթ. բժշկագիտություն է ուսանում, 1924-ին «Ֆիլիպ Իգնաս Զեմմելվայսի կյանքն ու ստեղծագործությունը» թեմայով դոկտորական թեզ է պաշտպանում 19-րդ դարի հունգար նշանավոր բժիշկ-մանկաբարձի մասին, որն հետագայում կհամարվի նրա առաջին գրական ստեղծագործությունը: Ընտանիքի ապրուստը հոգալու նպատակով՝ 20-ականներին Փարիզում բացում է սեփական բժշկական կլինիկան:

Իր երախայրիքն հանդիսացող և մեծ հռչակ բերած «Ճամփորդություն գիշերից անդին»[1]  (1932) վեպում Սելինը մի ամբողջ շարք եղած ու չեղած առասպելներ է հյուսում սեփական անձի շուրջ, այդ թվում նաև իր բժշկագիտական գործունեության վերաբերյալ, որոնք հետագայում ամենայն սառնասրտությամբ կհերքվեն նրա կյանքի «աչալուրջ» հետազոտողների կողմից: Իր կյանքի այս շրջանի մասին է նա պատմում վեպի հակահերոս Ֆերդինանդ Բարդամյուի արկածախնդրությունների միջոցով, ինչպես և «Պարտքով մահ» (1936) վեպում: Այս շրջանում, «Ճամփորդության» լույս ընծայումից հետո, Սելինն արժանանում է քաղաքական ձախակողմյան թևի բարձր գնահատանքին: Լուի Արագոնն ապարդյուն հորդորում է նրան հարելու համայնավարներին:

20-30-ականներին Սելինը հարում է հակապատերազմական շարժումներին, ձախ-ընկերվարական ու համայնավարական հայացքներից անցում կատարալով դեպի անարխիստական գաղափարախոսությունը: Այս ընթացքում և երկրորդ աշխարհամարտի տարիներին նա աչքի է ընկնում մարտնչող հակասեմիտական և հակաֆրանկմասոնական հոդվածներով ու պարսավագրերով, հանգելով մինչև իսկ հրեական ողջակիզումի ժխտմանը: 1933-ին լույս է ընծայում դեռևս 1926-27 թթ. գրի առած իր հակասեմիտական «Եկեղեցի» դրաման: Նույն 1933-ին, Էմիլ Զոլայի մահվան տարելիցին նվիրված բանախոսության մեջ, որն ի դեպ նրա միակ հրապարակային ելույթն է, Սելինն իր որդեգրած արմատական հոռետեսության դիրքերից ոչնչացնող քննադատության է ենթարկում ֆրանսիայում գործող կապիտալիստական, ֆաշիստական և մարքսիստական բոլոր խմբավորումներին՝ անխտի՛ր, հայտարարելով, որ դրանք բոլորն էլ կեղծավոր քարոզչություն են իրականացնում և բոլորի նպատակն էլ մեկն է՝ նոր պատերազմի սանձազերծումը: 1933-ին ֆրանսիացի արվեստի պատմաբան Էլի Ֆորին (1873-1937) գրած նամակում նա իրեն հռչակում է «անարխիստ մինչև մատների ծայրը», դրանով իսկ վերջնականապես մերժելով այլազան ձախակողմյան (ընկերվարական, համայնավարական, ֆաշիստական ևն) քաղաքական ու արվեստագիտական խմբավորումնների շարքերն անցնելու իրեն ուղղված թախանձագին հրավերքները: Սակայն նա չի հարում նաև անարխիստներին՝ նրանց մեղադրելով պատմական անձանց հերոսացնելու ժամկետանց և մոլորյալ մտագարության մեջ:

«Պարտքով մահ» (1936) վեպի լույս ընծայումից հետո Սելինն ամենասուր քննադատության թիրախ է դառնում և՛ աջից և՛ ձախից, մի կողմից՝ վեպի ժողովրդախոսակցական լեզվական ատաղձի պատճառով, իսկ որ ամենագլխավորն է՝ Մարդուն նսեմացնելու նրա հակվածության համար: Գրողներն հրաժարվում են նրան իրենց համքարության անդամն համարելուց: Նրա առաջին վեպի ամենախանդավառ ջատագովները սսկվում են: Հեղինակը վիրավորվում է իր վեպի նման ընդունելությունից և միառժամանակ ձեռքն է առնում պարսավագրության ոչնչացնող գուրզը:

1930-ականների վերջերից Սելինն համագործակցում է նացիստական հակասեմական համաշխարհային քարոզության օրգանն հանդիսացող Welt-Dienst գործակալության հետ, որի մամուլի էջերում հրապարակում է իր երկու ամենաանողոք հակասեմիտական պարսավագրերը՝ «Մանրուք կոտորածի համար» (1937) և «Դիակների դպրոցը» (1938): Նույն ընթացքում նա մերձավոր կապեր է հաստատում Ֆրանսիայի աջ-ծայրահեղական պրոնացիստական շրջանների, ի մասնավորի՝ «Շղթայված Ֆրանսիա» ամսագրի խմբագրության հետ: Նացիստական օկուպացիայի տարիներին գրողը ուղղակի կամ անուղղակի համագործակցել է գերմանական գաղտնի ծառայությունների հետ՝ սեփական գաղափարական և ազգային համոզմունքներից դրդված: 1944-ին դաշնակիցների Նորմանդիա իջնելուց հետո, անձնական անվտանգության նկատառումներով, Սելինը օրեր անց կնոջ հետ լքում է Ֆրանսիան և ապաստանում նախ Բադեն-Բադենում, ապա տեղափոխվում է Բեռլին, հետո էլ Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Զիգմարինգեն դղյակը, ուր ժամանակավորապես ապաստանել էին գեներալ Պետենին և Վիշիի վարչախմբին հավատարիմ վերջին մոհիկանները: 1945-ի մարտին տեղափախվում է Կոպենհագեն: Դեկտեմբերին ձերբակալվում է և տարի ու կես անցկացնում դանիական բանտում, ապա ևս երեք տարի իր փաստաբանին պատկանող Բալթիկ ծովի ափամերձ տնակում: Պատերազմից հետո Սելինի անունը բոյկոտվում է ֆրանսիական գրական աշխարհի կողմից: 1950 թ. Զտման օրենսդրական ակտով նախատեսված Համագործակցության մասին 83-րդ հոդվածով (պետական պաշտպանությանը հասցված վնասարարության համար), բայց ոչ հոդված 75-ով (հօգուտ թշնամու լրտեսական գործունեություն և պետական դավաճանություն)՝ Փարիզի Արդարադատության պալատի կողմից դատապարտվում է մեկ տարի ազատազրկման, որը նա արդեն կրել էր Դանիայում, 50 հազար ֆրանկ տուգանքով, ունեցվածքի կեսի բռնագրավմամբ և ազգային անարժանապատվության խարանագրով: 1951 թ. ապրիլին Սելինին ներում է շնորհվում և նա տեղափոխվում է Ֆրանսիա: Կյանքի վերջին տարիներին և հետմահու լույս է տեսնում Սելինի գերմանական վեպ-եռագրությունը՝ «Մի դղյակից մյուսը» (1957), «Հյուսիս» (1960) և «Ռիգոդոն» (1969), ուր հեղինակն անձամբ հանդես է գալիս և՛ որպես պատմող և՛ որպես վիպական հերոս:

Mea Culpa-ի գրության հանգամանքները: 1934-ին ԽՍՀՄ-ում մեծ կրճատումներով լույս է ընծայվում Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին» վեպի ռուսերեն թարգմանությունը՝  ռուսական ծագումով ֆրանսիացի գրող Էլզա Տրիոլեի (Էլլա Յուրևնա Կագան, 1896–1970) գործնական օժանդակությամբ: 1936թ. սեպտեմբերին Սելինը մեկնում է ԽՍՀՄ ՝ ծախսելու համար վեպի հեղինակային իրավունքի դիմաց ստանալիք հոնորարը, քանի որ ռուբլին 1932-ից սկսած փոխարկելի չէր: Ճամփորդությունից երկու ամիս անց Սելինը հրապարակում է Mea Culpa-ն՝ հայտագրելով մարդու բնույթի իր հայտնութենական տեսիլքը: Նրա համար լավատեսության բոլոր տեսակները խաբեություն են. եսասիրությունից երբևէ հնարավոր չէ ազատագրվել, և հետևաբար մարդու տեսակը երբեք չի բարելավվի: Պամֆլետում հեղինակը նախ և առաջ իր արգահատանքն է արտահայտում կապիտալիզմի և բուրժուաների հանդեպ՝ միչև կձեռնարկի կոմունիզմի քննադատությունը, որն այլ բան չէ, քան նույն նախաստեղծ «անարդարությունը՝ նորովի հանդերձավորված»: Այս առնչությամբ Սելինի արտահայտած գաղափարներն հետագայում, գեղարվեստական քողի ներքո, միս ու արյուն կստանան Ջորջ Օրուելի քաջահայտ վեպերում: Ի տարբերություն ԽՍՀՄ այցելած իր մյուս ավագ և կրտսեր գրչակիցների (Հերբերտ Ուելս, Ռոքուել Քենտ, Ժան-Պոլ Սարտր, Սիմոն դը Բուվուար, Ջոն Սթայնբեք)՝ Սելինը, իր հոռետեսության լուսավոր դիտակետից և արվեստագետի իր բնույթին հավատարիմ, արտահայտել է իր անզուսպ ու անթաքույց հիասթափությունը մարդ էակի հանդեպ ընդհանրապես և ի մասնավորի՝ նրա գերարտառոց դրսևորման կերպի՝ հանձին խորհրդային մարդու:

Ա. Ալեքսանյան

ԻՄ ՄԵՂՔԸ[2]    

Պամֆլետ

1936

«Ինձ դեռ որոշ նողկանքներ են պակասում:

Ես վստահ եմ, որ այդպիսիք կան»:

Այն, ինչը գայթակղում է Կոմունիզմի մեջ, նրա մեծագույն առավելությունը ճիշտն ասած այն է, որ նա կդիմակազերծի Մարդուն, վերջապե՛ս: Կազատագրի նրան «ինքնարդարացումներից»: Արդեն դարերով նա խաբում է մեզ, նա, նրա բնազդները, նրա տառապանքները, նրա զարմանահրաշ նկրտումները… Իր մասին մեզ անրջել է ստիպում… Անհնար է երևակայել, թե այդ դյուրահավատ-միամիտը մինչև ինչ աստիճան է ընդունակ խաբելու մեզ… Դա մեծագույն գաղտնիք է: Նա միշտ մնում է ջրի երեսին, խնամքով պատսպարված իր անհերքելի չքմեղության թիկունքում: «Շահագործում ուժեղների կողմից»: Անառարկելի է ինչպես օրենքի տառը… Ատելի համակարգի նահատակ… Մի իսկական Հիսուս…

«Ինձ, ինչպես և քեզ, նրան… մեզ բոլորիս շահագործում են»:

Խաբեությանը վերջ կդրվի: Կորչի՛ գարշանքը: Կոտրի՛ր շղթաներդ, Պոպյու[3]: Ուղղի՛ր մեջքդ, Դանդեն[4]… Դա չի՛ կարող տևել հավերժ: Թող նկատեն քեզ վերջապես: Քո հրաշագեղ նիստուկացը: Թող երկրպագեն քեզ: Ուսումնասիրեն քեզ, ոտից գլուխ…Թող քեզ բացահայտեն քո բանաստեղծությունը, որպեսզի վերջապես կարողանանք սիրել քեզ այնպես, ինչպիսին որ կաս: Ավելի լավ, Աստծու սիրույն: Շա‘տ ավելի լավ: Եվ որքան շուտ, այնքան ավելի լավ կլինի: Թող շանսատակ լինեն տերերը: Հապշտա՛պ: Այդ հոտած թափթփուկները: Բոլորը միասին կամ առանձին-առանձին:

Միայն թե օր առաջ շունչները փչեն, պրծնենք նրանցից: Այլևս ո՛չ մի ներում-բեկում: Թեթև մահով կամ ամենասոսկալի: Թքա՛ծ ունեմ: Էլ համբերություն չմնաց: Մի քնձռոտ գրոշ իսկ չարժե ծախսել դրանց ողջ ցեղը կարգի հրավիրելու համար: Դիափո՛սը նետել այդ շնագայլերին: Կոյուղու մեջ: Ի՞նչ կա հապաղելու: Երբևէ հրաժարվե՞լ են նրանք, այդ կեղծամավորները, մեն-մի եզակի թշվառական պատանդի Շահույթ անունով թագավորի ձեռքը հանձնել: Ոչնչություննե՛ր, եղկելի մոլախոտնե՛ր: Տեսե՜լ ենք այդ ողորմելիներին… Ճաղերի հետևում թող փտեն բոլորն էլ: Պե՛տք է, ուրեմն պե՛տք է: Սա մեր վերջին պայքարն է… Թող չքվեն աշխարհի երեսից: Ինչպիսի՜՞ պատիվ… Նրանք անգամ զվարճալի չեն մեզ համար: Նրանք մշտապես ամենազազրելի են, բնության վիժվածք: Հարկավար է նրանց շուռումուռ տալ այնքան ու ձաղկել, որ ծիծաղեցնեն գոնե…

Արտոնյալնե՞ր, ինչ վերաբերում է ինձ, ես աչքով աչք չունեմ, երդվում եմ, չեմ խոժոռվի անգամ դրանց անասնական լեշից… Դե հա՛: Ճիշտ լսեցիք: Հետաձգե՞լ: Նման բան չկա: Ո՛չ մի խղճմտանք: Ո՛չ մի կաթիլ արցունք: Ո՛չ մի հոգոց: Սուտի բաներ: Եղած-չեղածի հաշիվ: Հրեշտակային երանություն: Նրանց հոգեվա՞րքը: Մեղրի քաղցրությու՜ն: Համեղագու՜յն պատառ: Համադամ: Հայտարարում եմ, որ դա ինձ համար աստվածային կերակուր է…

Քեզ կմորթեմ, լեշդ փռեմ… դեռ գիշեր չեղած:

Աչքերդ հանեմ՝ տեղը երկու սև ծակ թողնեմ:

Թող պար բռնի քո պիղծ հոգին, շունչդ փչես:

Գերեզմանի փուռը տամ քեզ

անտերուդուս որբերի[5]:

Այս սևամաղձ տողերը գլխիցս դուրս չեն գալիս: Դրանք ես հնչեցնում եմ բոլորի ականջին, ով պատահի, երաժշտական ուղեկցությամբ: «Սպանդանոցի օրհներգը», մեղեդին էլ վերադիր: Ամբողջն ի մի…

Ամեն ինչ լավ է: Բան չմնաց:

Մեկը գնաց, վատիկը չէր,

Դեռ երկուսն էլ պիտի գան…

Եվ այսպես շարունակ, իրար հերթ չտալով, երգում էին ուրախ-զվարթ սալարկագործ վարպետները մեր երբեմնի: Կոխոտե՛նք: Կոխկրճե՛նք: Ոտի տա՛կ տանք: Գերհրատապ վարակն այս: Վերջ տա՛լ է պետք դրանց ցեղին: Բիբլիական ժամանակներից ի վեր մեր գլխին երբևէ չի թափվել ավելի գարշելի, ավելի եղկելի հորձանք, մի խոսքով՝ ավելի աղտեղի այլասերվածք, քան այս կպչուն բռնատիրությունը բուրժուական: Տակեվանց գործող բռնապետական դասակարգն այս. կծծի, գիշատիչ, մինչև ուղն ու ծուծը երեսպաշտ… Բարոյախոսող և հեշտասեր: Անկարեկից ու նվնվացող: Քարսիրտ՝ տառապանքի հանդեպ: Ավելի քան անկու՞շտ, ավելի կծծի՞՝ թեև արտոնյալ: Դա լինելու բան չէ: Ավելի փոքրոգի, գծուծ, ավելի ամայացնո՞ղ: Ավելի անհագուրդ՝ կուտակելու մոլուցքով համակվա՞ծ: Ի վերջո՝ կատարյալ վիժվածք:

Կեցցե՜ Պետրոս Առաջինը: Կեցցե՜ Լուի XIV-ը: Կեցցե՜ Ֆուկեն: Կեցցե՜ Չինգիզ Խանը: Կեցցե՜ Բոննոն[6]: Նրա ավազակախումբը, և մնացյալ բոլորը: Սակայն Լանդրյուի[7] հարցում ներում-բեկում չի՛ք: Բոլոր բուրժուաները Լանդյուից ինչ-որ բան ունեն իրենց մեջ: Սա՛ է ամենատխուրը, անհակաշրջելին. 93-ը[8],  ըստ իս՝ դրանք ծառայամիտ թափթփուկներ են… տառացիորեն՝ թափթփուկներ, երախները բաց, փաղաքուշ փետուրի ստրկամիտ ծառաներ, որ մի երեկո զավթում են դղյակը՝ խանդից դրդված, խելացնորված, նախանձավոր, թալանում են, բռնատիրում-սպանում, ոտքի տեղը պնդացնում են և հաշվել սկսում շաքարեղենն ու աման-չամանը, սավանները… Հաշվում-հաշվառում են ամեն-ամեն ինչ… Նրանք շարունակում են… Նրանք երբեք ի զորու չգտնվեցին դադար առնել: Գիլիոտինը դրամարկղի պատուհանիկն է…

Նրանք կհաշվեն շաքարեղենը մինչև իրենց մահը: Կտոր առ կտոր, համակվածի պես: Հարկ է նրանց բոլորին տեղնուտեղը շանսատակ անել… Նրանք խոհանոցում են միշտ: Կորցնելիք չունեն: Մատների վրա կարելի է հաշվել նրանց մի քանի մտավորականներին, իմպրեսիոնիստ-խառնաշփոթիստներին՝ երբեմն դեպի ձախ զկրտացող ուղղվածության, երբեմն՝ աջ, իրենց պոռնկական հոգու խորքում բոլորն էլ կատաղի պահպանողականներ՝ խոսքի սրակազմ նրբությունները չափակշռող: Բոլորն անխտիր՝ հետին մտքերով համեմված: Հերիք է միայն խառը կանաչին աչքները խոթես: Նրանք կգնան ուր էլ որ տանես՝ չնչին վճարի բուրմունքից զմայլված, իշոտնուկին նստոտելու հեռանկարի ակնկալիքով… Նրանք անկարող են քավել տկարամտությունը տիտանական, նախրի քրոմապատ մորթի աղտեղությունը… Պոռնկական ցեղից են նրանք … Նրա՛նց էլ նետե՛լ նույն դիափոսը, այդ վիժվածքներին… Որ նրանց մասին մեզ էլ չպատմեն այլևս երբեք… Մյուսներն էլ,  ի դեպ, նույն սանրի կտավն են՝ համոզված «արդարության մարտիկներ», տարեկան 75 հազար ֆրանկով:

Մեկ-մեկ երևալ ժողովրդի կողքին, ներկա առումով կնշանակի՝ էժան գնով «ապահովագրություն կպցնել»: Իսկ եթե նաև, հավելյալ կարգով, մի քիչ հրեա ես քեզ զգում, ապա, ինքնաբերաբար, այն դառնում է «կյանքի ապահովագրություն»: Այս ամենն ավելի քան հասկանալի է:

Ո՞րն է տարբերությունը, ես չեմ տեսնում, Մշակույթի Տների[9] և Ֆրանսիական Ակադեմիայի միջև: Նույն նարցիսիզմը, ինքնասիրահարվածությունը, նույն նեղմտությունը, նույն ստեղծագործական ամլությունը, նույն զազրախոսությունը, նույն դատարկությունը: Մի փոքր այլ հնամաշ կաղապարներ և վերջ: Համակերպվում են, ինքնացուցադրվում, լցվում այս մեկից մյուսի մեջ կամ հակառակը, հար և նման:

Մեծ Մաքրազարդու՞մ: Ամիսների հարց է: Օրերի խնդիր: Օ՜, այո: Գործը շուտով կլուխ կգա… Թող լինի ուրախության տոն… Բենգալյան կրակների հրավառություն…

Ընդհանուր առմամբ՝ հեշտից էլ հեշտ է. Հեղաշրջում: Մի ողջ դասակարգի կոտորածն իսպառ: Խուժում են լոկ բաց դռներից ներս, և հետո ասես որդնոտածներ: Արտոնյալներին գնդակահարելն ավելի հեշտ է, քան ծխահար պանդոկում ծխամորճերին նշան բռնել…. Սրանով, բնականաբար, հպարտանալ է պետք:  «Փոքր մարդուկի վրեժը երանյալ»: Փոխհատուցում՝ երիցս բյուր արդարացի: Բոլոր անիծյալները ստանում են իրենց ուզածը: O.K.

Գրո՛ղի տարած: Արժե ասել: Վաղու՛ց էր պետք, ուշացնել չկա… Այս ամենն օրինական է՝ արյունահեղության չափ…

Հարուստների վերջը կտանք

Տրա-տա-տա

Մի զարկ զարկենք հետույքներին:

Հրանոթներից բոլոր՝ կրա՛կ:

Դը-դը՜խկ:

Ահավասի՛կ վերջապես ամենագլխավորը: Ահա և արված է փառավոր գործը… Ահա և Պրոլոն[10] ազատ է, նրա՛նն են, միայնումիայն նրա ձեռքում են անխտիր բոլոր գործիքները, որոնց մասին խոսք գնաց, սուլիչից սկսած մինչև թմբուկը… Շքեղ գործարանը: Հանքահորերը: Արգանակով: Կարկանդակը: Դրամատունը: Դե՛ ձեզ տեսնենք, բանվոր տղեք: Եվ խաղողի այգիները, բանտերը նաև: Մի կում տտիպ գինի դրան: Լա՛վ գնաց: Ահա և մենք մեն-մենակ ենք: Քաջորդիներ: Այսուհետ Պրոլոն է պատասխանատու ամբոխի երջանկության համար… Հանքափո՛ր, հանքը քո՛նն է: Փո՛սն իջիր: Դու այլևս երբեք գործադուլ չես անի: Դու այլևս երբեք չես գանգատվի: Եթե դու վաստակես օրական թեկուզ 15 ֆրանկ, դրանք կլինեն քո՛ 15 ֆրանկները:

Անմիջապես էլ, հարկ է խոստովանել, կռիվուվեճ ընկավ: Նաև պնակալիզության դույզն-ինչ հոտ է զգացվում: Նա, բազիսային մարդը, բամբասելու ճաշակ ունի: Դա ներելի է, հետո տեղը կընկնի: Բայց դեռ առկա են բոլոր հոռի բնազդները հիսունդարյա ստրկամտության… Նրանք մղվում են ժամ առ ժամ,  ոչնչություններն այս, դեպի ազատությունը, ավելի ուժգին թափով, քան առաջ: Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն… Լինել Պատմության մեծագույն զոհը, դեռ չի նշանակում թե հրեշտակ ենք մենք … Դա բնավ ոչի՛նչ դեռ չի նշանակում… Եվ սակայն, ահավասի՛կ, նախապաշարումը, մեծազոր, ոտքի տեղը պնդած, երկաթի պես ամրակուռ…

«Մարդս հենց ա՛յն է, ինչ նա ուտում է»: Սա՛ նույնպես Էնգելսն է հայտնագործել, ա՜խ դու չարաճճի: Սա մի ահավոր սուտ է: Մարդը նաև ուրիշ մի բան է, շատ ավելի պղտոր ու զազրելի մի բան, քան «զխկտվելու» հարցը: Պետք չէ նայել միայն նրա աղիներին, այլ նաև նրա գեղեցիկ ուղեղին… Հայտնագործությունները դեռ չեն ավարտվել… Որպեսզի նա փոխվի, հարկ է նրան վարժեցնել: Բայց արդյոք նա ենթակա՞ է վարժեցման… Համակարգը չէ, որ կարող է վարժեցնել նրան: Նա գրեթե միշտ այնպես կտեղավորվի, որպեսզի խուսանավի բոլոր տեսակի վերահսկողություններից… Խորամանկելով խուսաշեղվե՛լ:

Այդ հարցում նա մասնագետ է: Այնքան հմուտ պետք է լինես, որ գործի վրա նրան բռնացնես: Եվ ի վերջո՝ ամեն ինչին թքած: Կյանքն արդեն իսկ շատ է կարճ: Բարոյականության քարոզը ոչինչ չի տա: Այն լոկ մարդուն ի տես է դնում ու քողարկում: Բոլոր սրիկաները քարոզիչներ են: Որքան ավելի խորն են թաղված արատի մեջ, այնքան ավելի շատ են ճամարտակում: Եվ ինչպիսի՜ շողոքորթներ: Յուրաքանչյուրն իր համար… Կոմունիզմի ծրագիր ասա՞ծը՝ մի՛ք լսի մեր քննադատներին. ամբողջապես մատերիալիստական: Անտաշ-անասունների պահանջներն ի շահ յուրայինների… Զխկտվել: Նայե՛ք ռեխին գիրուկ Մարքսի, կերած-խմած: Եվ թող որ նրանք զխկտվեին գոնե, բայց ճիշտ հակառակն է տեղի ունենում: Ժողովուրդը թագավոր է… Թագավորը բռնաբարում է աջ ու ձախ:

Նա ամեն ինչ ունի: Չունի շապիկ միայն… Ես խոսում եմ Ռուսաստանի մասին. Լենինգրադում, հյուրանոցների շուրջբոլորը, եթե զբոսաշրջիկ ես դու, հարձակվում են վրադ, որ ոտից գլուխ քեզ առնեն-ծախեն, ինչ ունես-չունես քո վրա, ներբաններից սկսած մինչև գլխարկդ: Արմատական անհատապաշտությունն է առաջնորդում ողջ այդ զավեշտը, ոչնչի առաջ կանգ չառնելով, նա համահարթեցնում է ամեն ինչ, ամեն ինչ փչացնում: Մոլեռանդ եսասիրություն, մաղձոտ, բարբաջուն, անպարտելի, ներծծում է, ներս թափանցում, արդեն փտեցնում է այս ողջ զարհուրելի չքավորությունը, սողոսկում է բոլոր ծակուծուկերը, դարձնելով այն շատ ավելի գարշահոտող: Անհատականությունները մի «տրցակի» մեջ ճզմված, բայց չլուծված:

Եթե սա կոմունիստական համակեցություն է, ապա ուրեմն գոյություն է՝ երաժշտությամբ ուղեկցվող, շատ ավելի խռպոտ, խեղված աչքով ու տնավեր, շատ ավելի եղկելի, և բացի այդ՝ հույժ պարտադիր, որ բոլորը պար գան, անգամ կաղն ու անդամալույծը ետ չմնան:

Ով չի պարում

Նշան է, թե՝ դրանով իսկ

Անճոռնությունն է իր շեշտում…

Սա վե՛րջն է ամոթի, լուռքի, նողկանքի և ստորագույն ծածկադմփոցների, պա՛ր է հանուն ողջ հասարակության, բացառապես և անխտիր բոլորի և յուրաքանչյուրի համար: Չկա՛, չի՛ կարող լինել սոցիալապես կաղլիկ մեկը, ով մյուսներից քիչ է վաստակում, որ չլինի թե պար չգա:

Ոգու համար, ուրախության համար Ռուսաստանում գործի է դրված մի մեքենա: Մի իսկական ավետյաց երկիր: Փրկությու՜ն: Նախախնամական հայտնագործությու՜ն:  Պետք է լինել «մտավորական», գլխովին թաղված գեղեցիկ արվեստների թավուտում, խելքի տոպրակ՝ դարվեդար գիտելիքներ կուտակած, դարանակալ, թղթակույտում թաղված, աշխարհի ամենասիրուն թղթերում, պստլիկ խաղողի ողկույզ լինել՝ փխրուն ու հասուն, պաշտոնյաների բարեհաճ թողտվությամբ վերընձյուղվող, չհարկվող մաքրագույն պտուղ, երևակայական մղձավանջներին անձանտուր, որպեսզի ծնես այս, սխալ չե՛ք լսել, դատարկաբանությունն այս գերարտառոց: Մեքենան աղտոտում է չորսբոլորը, ճիշտն ասած՝ դատափետում է, սպանում է ամեն ինչ, որ իրեն կմոտենա: Բայց հիմա մեքենան այս «բարեբաստիկ» է բավական:

Այն ցնկնում է «պրոլոյին», «առաջընթաց», «աշխատատեղ», «բազիս-մարդ» … Նա նետում է դա զանգվածներին՝ սալիկների տեսքով, տպավորում նրանց… Տեսք է ընդունում կրթյալ գիտակի, համակիրների բանակի… ում կարելի է վստահել… ով կարող է երաշխավորել մյուսներին… մարտկոցն աշխատում է, կափույրները չխչխկում են… «Ես, մենք կողմ ենք գլխավոր «գծին»: Կեցցե՛ Մեծ Փոփոխությունը: Չկա՛ մի բան, որի պակասը մենք ունենանք: Կարգուկանոնը գալիս է գրասենյակների խորքից»: Ո՛ղջ ավիշը մեքենաներին: Հիմարացնելու բոլոր միջոցները ձեռք են առնված: Այս ընթացքում նրանք չեն էլ կարող մտածել…

Ինչպե՜ս Հարությունը կերպափոխվեց այսպես… Քանզի մեքենան վարակ է ինքնին: Ջախջախիչ պարտություն: Ինչպե՜ս խաբեցին: Ինչպե՜ս ֆռռացրին: Անգամ ամենագեղեցիկ բարձրաոճ մեքենան դեռևս ոչ ոքի չի ազատագրել: Այն բթացնում է Մարդուն շատ ավելի դաժանաբար և վե՛րջ: Ես բժիշկ եմ եղել Ֆորդի[11] մոտ, ես գիտեմ, թե ինչ եմ խոսում:

Բոլոր Ֆորդերն իրար են նման, սովետական կամ ոչ… Հիմնվել մեքենայի վրա՝ ընդամենը հարմար առիթ է շարունակելու քո սրիկայությունները: Դա նշանակում է շրջանցել իրական հարցը, միակը, նվիրականը, գերագույնը, այն, որ գտնվում է յուրաքանչյուր պարզ ու հասարակ մարդու հոգում, նրա մարմնամսում, նրա գանգատուփում և ոչ այլուրեք… Այն, որ ճշմարտապես անծանոթ է հնարավոր ու անհնարին բոլոր հասարակական համակարգերին… Ոչ ոք այս մասին երբեք չի խոսում, դա խորթ է «քաղաքականություն» կոչվածին …. Դա մի վիթխարահսկա Տաբու է… «Վերջինը» արգելված թեմաներից: Համենայնդեպս լինի նա կանգնած, թե չորեքթաթ, մեջքի վրա պառկած, թե հակառակ դիրքով, Մա՛րդս, երկնքում լինի, թե հողի վրա, երբևէ չի ունեցել մեկ ուրիշ բռնակալ, բացի իրենից… Ուրիշներ երբեք նա չի ունենա… Դա գուցե և ցավալի է, ի դեպ… Գուցե դա կարող էր ուղղել նրան, դարձնելով նրան վերջապե՛ս հասարակական էակ:

Ահա՛ արդեն դարեր ի վեր պսպղացնելով նրան՝ խուսանավում են նրա բանիբուն խնդրից, որպեսզի այդպիսով նրան քվեախուց բերեն… Կրոնների վախճանի ժամանակվանից ի վեր նրա գլխին են խունկ ծխում, հընթացս թմրացնելով նրան հաճոյախոսություններով: Թե հենց ինքն է, որ կա Աստծո Տաճարը: Կարելի է տեսնել, թե ինչպես են դրանից մգլում նրա աչքերը: Նա ցնորվել է: Նա հավատում է այն ամենին, որ հրամցնում են իրեն տվյալ պահին, միայն թե այն թող որ շողոքորթ, բայց ականջահաճո լինի: Եվ ուրեմն երկու ցեղատեսակներ՝ միմյանցից բոլորովին տարբեր. Տերե՞րը: Աշխատավորնե՞րը: Դա արհեստական բաժանում է՝ հարյուրից հարյուր: Եղած-չեղածը հաջողության և ժառանգության հարց է: Չեղյա՛լ հայտարարեք: Ինքներդ էլ կտեսնեք, որ նրանք նույնն էին… Ես ասում եմ՝ նու՛յնն են, հար և նույնը և ահավասիկ… Դեռ կհամոզվենք դրանում…

Քաղաքականությունը փչացրել է Մարդուն՝ շատ ավելի խորապես այս վերջին երեք հարյուրամյակների ընթացքում, քան  ողջ Նախապատմական դարաշրջանում: Միջին դարերում մենք շատ ավելի պատրաստ էինք միավորվելու, քան այսօր… ընդհանուր ոգի էր կազմավորվում: Կեղծիքը շատ ավելի «բարձրաճաշակ պոեզիայով» էր հրամցվում, շատ ավելի մերձանձնական էր: Դա այլևս գոյություն չունի:

Նյութապաշտական կոմունիզմը նախ և առաջ նյութն է, և երբ խոսքը նյութին է վերաբերում, երբեք լավագույնը չէ, որ հաղթում է, մշտապես հաղթում է առավել լրբաբարոն, ամենից խորամանկը, ամենից խստադաժանը: Նայեցե՛ք միայն այս ԽՍՀՄ-ին, ի՜նչ արագությամբ փողն այնտեղ գլուխ բարձրացրեց: Ինչպես դրամն անմիջապես վերականգնեց իր իշխանությունը, ընդսմին՝ նաև գավաթի աստիճանին բարձրացված:

Քանի որ բավական է շողոքորթել Պոպյուին և նա ամեն ինչ կընդունի, կուլ կտա ամեն ինչ: Այնտեղ նա, ամբոխի ծոցից ելածը, զազրելի մեկն է դարձել իր հավակնոտությամբ, ինքնաբավությամբ, այն չափով, որքան նրան ավելի խորն էին իջեցնում շիճուկի մեջ, որքան ավելի էին նրան մեկուսացնում աշխարհից: Ահա սա՛ է սարսափելի երևույթը: Որքան նա ինքզինքը ավելի դժբախտ է դարձնում, նա ավելի անցողիկ՝ հեռանկարային է դառնում: Կրոնական հավատամքների վախճանից ի վեր կառավարիչները մեծարում, ոգեշնչում են նրա բոլոր արատները, նրա ողջ սադիզմը և նրան իրենց իշխանության տակ են պահում միմիայն շնորհիվ նրա արատների. սնապարծություն, փառամոլություն, իշխելասիրություն, պատերազմատենչություն, մի խոսքով՝ Մահատենչությամբ: Հիասքանչ թանկարժեք հնարք: Նրանք այն ժառանգաբար ընդունել են տասնապատիկ չափով: Նրանք կողոպտում են նրան աղքատությամբ, ինչպես և նրա բանիբուն ինքնասիրությամբ: Փառամոլությունը նախ և առաջ: Ինքնահավանությունը սպանիչ է, ինչպես և մնացյալ բոլորը: Ավելի լավն է, քան մնացյալը:

Մեծ քրիստոնեական կրոնների փաստացի գերազանցությունն այն է, որ նրանք դեղահաբը չէին ոսկեզօծում: Նրանք չէին փորձում ընդարմացնել, նրանք չէին փնտրում ընտրողի, նրանք կարիքը չէին զգում դուր գալու, նրանք քվեազամբյուղ չէին պտտեցնում: Նրանք բռնում էին Մարդուն հենց օրորոցից  և նրան էին բաշխում արարչի իրեն հատկացված մասնաբաժինը: Նրանք Մարդուն այնպես չէ որ մարդատեղ չէին դնում. «Դու պստլիկ այլանդակ ոջիլ, դու միշտ էլ կմնաս գարշանք… Ծնունդից սկսած դու այլ բան չես, քան կղկղանք… Լսու՞մ ես դու ինձ… սա՛ է ակնհայտ տրվածությունը, սա է սկզբունքը ամենայն ինչի: Եվ չնայած դրան, կարող է պատահել… կարող է լինել… եթե շատ մոտիկից այնտեղ նայելու լինենք… որ դու դեռ մի փոքրիկ շանս ունես անելու այնպես, որպեսզի քեզ դույզն-ինչ ներեն նրա համար, որ դու մի այդպիսի գարշանքի մեկն ես, զազրելի, արատավոր, անհավատալի… Եթե դու քեզ լավ պահես քո կարճատև կամ երկարատև գոյության բոլոր տառապանքների, փորձությունների, վիշտ ու ցավի մեջ: Կատարյալ, նվատացուցիչ հնազանդության մեջ… Կյանքը, անասուն, այլ բան չէ, քան խստադաժան փորձություն:

Հոգ չէ: Մի՛ փնտրիր հարյուրի կեսը: Փրկի՛ր քո հոգին, դա արդեն իսկ մի բան էլ ավելին է: Գուցե և Գողգոթայի ճանապարհիդ վերջում, եթե դու դարձած լինես ծայրահեղորեն սովորական մի բան, մի հերոս՝ «ռեխտ փակ պահելու» առումով, դու ըստ այդմ էլ ոտքերդ կերկարես… Սակայն երաշխիք գոյություն չունի… փոքր-ինչ նվազ գարշահոտո՛ղ շունչդ փչելու պահին, քան ծնվելիս… և այդժամ դու գիշերվա մեջ կլցվես՝ ավելի քիչ օդն ապականելով, քան որ ծնունդն է արշալույսի … Միայն թե գլուխդ ուրիշ տեղեր չխոթես: Մեծ սպասելիքներ չունենաս… Շահարկումներ մի՛ արա ինչ-ինչ մեծազոր գաղափարների սիրույն: Քեզ նման գարշանքի համար սա առավելագույնն է… »

Ահավասիկ: Սա արդեն լրջագույն հայտ է: Եկեղեցու ճշմարիտ հայրերի կողմից ներկայացված: Նրանք շատ լավ գիտեին իրենց խոհանոցը, և իրենց չէին շլացնում պատրանքներով:

Երջանկության անսահման մեծ ձգտումը, ահա՛ թե որն է մեծագույն խաբեությունը: Սա՛ է, որ բարդացնում է մեր ողջ կյանքը: Դարձնում է մարդկանց այնքան թունավոր, գարշելի, ոչ պիտանացու: Գոյության մեջ չկա՛ երջանկություն, կան միայն դժբախտություններ՝ ավել կամ պակաս մեծ, շատ թե քիչ ուշացած, ակնբախորեն ցցուն, ծպտյալ, ժամկետանց, ծածուկ… «Երջանիկ մարդիկ են լավագույնս դժոխքի բաժին դառնում»: Դիվային սկզբունքն իր ոտքի տակ ամուր հող ունի: Նա իրավացի դուրս եկավ ինչպես միշտ՝ Մարդուս ուղղորդելով դեպի շողշողուն նյութը:

Դա երկար չտևեց: Երկու դարերի ընթացքում, գոռոզամտությունից խելքը թռցրած, փքվելով մեքենայացումից, նա դարձավ անհնարին: Այդպիսին ենք մենք նրան տեսնում այսօր, թափառ հայացքով, հոգնատանջ, ալկոհոլային ու քարյուղային խումհարի մեջ, անհավատ, հավակնոտ, համայն տիեզերքը՝ վայրկենական իշխանության հետ: Ունեցվածքից ապշահար, անչափելի, անվերականգնելի, ոչխար և ցուլ միախառնված, բորենին նաև: Ակնահաճո գեղեցկություն: Գաճաճ ծակքամակը հայելու մեջ իրեն Յուպիտեր է տեսնում: Ահավասիկ ժամանակակից աշխարհի մեծագույն հրաշքը: Սնապարծություն հսկայամեծ, տիեզերապարփակ: Մոլեգնող խանդը մոլորակը պահում է անդրենական կտղանքի մեջ, դողէրոցքի, գերսառցակալած համաձուլվածքի մեջ: Բնականաբար, ինչ ցանկանում էին, հակառակ արդյունք է գրանցում: Ամեն արարիչ առաջին իսկ բառից ներկայումս հայտնվում է ատելությունից ջախջախված վիճակում, փոշիացած, գոլորշացած: Համայն աշխարհը վերածվում է քննադատական դատափետումի, այն է՝ սահմռկեցուցիչ միջնակարգության: Դատափետում կոլեկտիվ, բութ, շողոքորթող, կեղեքող, ստրկաբարո, ամբողջատիրում գերբացարձակ:

Իջեցնել Մարդուն մինչև նյութը, դա՛ է գաղտնի օրենքը, նոր, անողոք օրենքը… Երբ հանպատրաստից խառնում են երկու արյունները, մեկը աղքատ, մյուսը հարուստ, դրանից աղքատը երբեք չի հարստանում, այլ հարուստն է միշտ աղքատանում… Ողջը, որ օգնում է հիմարեցնել գովասանական քծնանքից բթացած զանգվածին՝ ողջունելի՛ է: Եթե խորամանկ հնարքներն այլևս չեն բավարարում, եթե համակարգը պայթյունավտանգ եզրին է հասել, այդժամ դիմում են մահակի օգնությանը, գնդացրի, ռումբերի…Երբ հնչում է ժամը, գործի են գցում ողջ զինանոցը, վերջնագրային որոշումների լավատեսական հզոր կրակահերթով համեմված: Զանգվածային կոտորածներ բյուրավոր-բյուրուց, բոլոր պատերազմները, Ջրհեղեղից սկսած, ընթացել են Լավատեսության երաժշտության ներքո… Բոլոր մարդասպաններն ապագան վարդագույն են տեսնում, սա արհեստի մաս է կազմում: Եվ ևս եղիցի:

Թշվառությունը դեռ կարելի կլիներ հասկանալ, եթե ընչազուրկներն այդ մինչև կոկորդը և մեկընդմիշտ կուշտ լինեին դրանով, սակայն խնդիրն այն է, որ աղքատությունը դարձել է արդի աշխարհի Պատմության հավելյալ գործիքակազմը: Ամենանվաստացուցիչ դատափետողական գոռոզամտությունը, սնամեջ զազրախոսությունը, խանդը, տիրապետման մոլուցքը բռնաճնշում, ճաղերի հետևն է նետում, փակում է բոլոր այդ ցնորամիտներին արգելարաններում, ապագայի հսկայամեծ դաշտային Հիվանդանոցում, համախումբ սոցիալիզացման կանխարգելիչ Մեկուսարանում:

«Պոպյու՛, հոգ մի՛ անի: Դու գեր-գերագույնն ես: Դու ամենաազատն ես բոլոր-բոլորից: Շա՛տ ավելի ազատ ես, ի՛նքդ համեմատիր, քան այդ ստրուկները դեմ-դիմացի: Այն մյուս բանտում: Քեզ մեկ անգամ էլ հայելու մեջ նայիր: Մի պստլիկ շերեփ գաղափարների: Ինձ կո՛ղմ քվեարկիր: Պոպյու՛, դու համակարգի զոհն ես: Քեզ համար ես կբարեշրջեմ տիեզերակարգը: Միտքդ մի՛ զբաղեցրու բնությանդ փնտրտուքով: Դու քաշով ոսկի ես, և թող դա ընդմիշտ ասվի ականջիդ: Քեզ չկշտամբես ոչ մի բանում: Մի՛ մտատանջվիր: Անսա՛ ինձ: Ես ուզում եմ քո իսկական երջանկությունը: Ես քեզ կհռչակեմ կայսր: Ուզու՞մ ես: Ես քեզ կկարգեմ Պապ և Տեր Աստված: Այդ բոլորն ի մի: Բամ փորոտան: Դե ահա՛: Ստացի՛ր լուսանկարդ»:

Այնտեղ՝ Ֆինլանդիայից մինչև Բաքու, հրաշք է կատարվել: Հակաճառել հնարավոր չէ: Ա՜, Պրոլոն իրեն լավ չի զգում իրեն շրջապատող այս դատարկությունից, հանկարծահաս: Նա դրան դեռ չի վարժվել: Մի ամբողջ հսկայական երկինք հենց միայն ի՛ր համար: Հարկավոր է նրա համար հապշտապ բացահայտել չորրորդ չափումը: Ճշմարի՛տ չափումը: Եղբայրական զգացումը, ուրիշի ինքնության զգացումը: Նա այլևս չի կարող մեղադրել ոչ ոքի… Այլևս չկան շահագործողներ, որ հրմշտես…

«Քո բոլոր տառապանքներն իմը կլինեն»… և Մարդը, որքան նա ավելի է սեղմվում ու բազմաբարդվում, որքան ավելի է հեռանում բնությունից, այնքան նա ավելի շատ է տառապում, ինքնաբերաբար… Այս կողմից, նյարդային համակարգի կողմից խնդիրները լոկ վատից դեպի վատթարագույնը կարող են ընթանալ: Կոմունիզմն ամեն ինչից առաջ, հարստություններից էլ շատ ավելի, հանուր տառապանքների բաժանում է նշանակում: Դրանք միշտ էլ կլինեն, դա ճակատագիր է, դա կենսաբանական օրենք է, առաջընթացն այստեղ ոչինչ չի կարող փոխել, ընդհակառակը, բաժանելու համար տառապանքներն ավելի շատ են, քան ուրախությունները… Եվ մշտապես, մշտապես շատուշատ ավելի… Սիրտը, սակայն, համաձայն չէ դրան: Դժվար է նրա համար որոշում կայացնել… Նա տրտնջում է… Նա համակերպվում է…արդարացումներ է փնտրում… Պատեպատ է խփվում… Ինքնաբերաբար՝ շունը տիրոջը չի ճանաչում: Կոմունիստական համակարգ առանց կոմունիստների: Շատ ավելի վատ: Միայն թե ոչ մի դեպքում դա չի կարելի ցուցադրել: Ով խաղեր կտա՝ կախաղան կբարձրացվի…

Մենք էլ, այդ դեպքում, կշաղակրատենք: Մեր շահերից են բխում՝ բոլոր երևակայելի համաղետները: Թշնամիներ մատից ծծած: Հարկ է գրավել հանդիսասրահները: Որպեսզի չփլվի խարխուլ հյուղակը: Վայրագ կոալիցիաներ: Գիշատչածվատիչ դավադրություններ: Աղետալի հայտնութենական դատավարություններ: Հա՛րկ է վերստին հայտնաբերել Դիվականը: Նույնքան ծայրահեղական ինչ-որ մի բան: Բոլոր դժբախտությունների քավության նոխազը: Ջուրը պղտորել՝ պարզ ասած: Դաժան ճշմարտությունը խեղդամահ անել. որովհետև դրանից բան դուրս չեկավ՝ այդ «նոր մարդկանցից»: Որ նրանք նույն գոմաղբն են, ինչպիսին կային:

Այստեղ դեռևս զվարճանում ենք մենք: Մեզ չեն ստիպում ձևացնել: Մենք դեռևս «ճնշվածներն» ենք: Ճակատագրի բոլոր արհավիրքները դեռ կարող ենք արյուն ծծողներին վերագրել: «Շահագործող» կոչված քաղցկեղածին ուռուցքին: Եվ ապա, մեր սև գործն արած լինելով, մեզ պահենք անմեղ լակոտների պես: Ո՛չ տեսել ենք, ո՛չ իմացել… Բայց քանի որ արդեն իրավունք չունես քանդելու՞, և փնթփնթալու նաև իրավունք չունե՞ս: Կյանքը դառնում է անտանելի…

Ժյուլ Ռենարն[12] այդ առթիվ գրել է արդեն. «Բավական չէ, որ դու երջանիկ լինես, հարկավոր է որպեսզի մյուսները չլինեն այդպիսին»: Ա՜: Որպիսի՜ գարշելի պահ, երբ ստիպված ես քեզ պարտավորված զգալ ստանձնելու բոլոր դժբախտությունները, ուրիշների տառապանքները, անծանոթների, անանունների, և քափ ու քրտինք մտած կռիվ տաս հանուն նրանց… Նրա՝ Պրոլոյի առաջ երդում են կերել, որ նրա բոլոր դժբախտությունները «ուրիշների» պատճառով են, այդ «ուրիշներն» են խորագնա լեղին նրա բոլոր զրկանքների: Ա՜խ, նրա հանդեպ գործած այս ամբողջ կողոպուտի, ալան-թալանի: Բայց նա այլևս չի գտնում այդ «ուրիշներին» …

Ընդսմին՝ նրան փականքի տակ են դրել ջանադրաբար, նորացված հասարակության նորընտիր անդամին… Անգամ «Պետրոս և Պողոս» հռչակավոր բանտում[13] նախկիններում նստածներին այդքան լավ չէին վերահսկում: Նրանք այնտեղ կարող էին մտածել ինչ խելքներին գար: Հիմա դրան վերջ է տրված հիմնովին: Բնականաբար, գրել-մրելու գործը փակված է մեկընդմիշտ: Նա պաշտպանված է, Պրոլովիչը, և դա կարելի է վստահաբար պնդել, ինչպես ոչ ոք, հարյուր հազարավոր փշալարերի հետևում, նոր համակարգի անառակ անդամը, պաշտպանված է արտաքին աղտեղություններից և անգամ փտանեխած աշխարհի գարշահոտից: Այդ նա՛ է, Պրոլովիչը, որ (իր աղքատիկ հասույթով) ոստիկանություն է պահում՝ ամենից բազմաքանակը, ամենից կասկածամիտը, ամենաստորը, ամենասադիստականը ամբողջ մոլորակի վրա: Ա՜խ, նրան չեն թողնում մենակ մնա ինքն իր հետ: Հսկող աչքը անթերի է գործում ու անվրեպ: Փախնելու տեղ չունի, Պրոլովիչը…

Եվ սակայն ձանձրանում է նա… Դա պարզ երևում է: Նա ամեն ինչ կտար դուրս պրծնելու համար: Վերածվելու, դույզն-ինչ օդափոխության սիրույն, «զբոսաշրջիկի»՝ ինչպես նախիններում էր ասվում: Նա հետ չէր վերադառնա երբեք: Սա մարտահրավեր է, որ կարելի է նետել Խորհրդային Իշխանություններին: Չկա՛ սպառնալիք, նրանք հետևաբար ոչինչ չեն ձեռնարկում: Նրանք շատ հանգիստ են: Չե՛ն էլ փորձի անգամ: Այլապես այնտեղ մի մարդ իսկ չէր մնա:

Մեզ մոտ նա կարող էր խրախճանալ, Պրոլովիչը: Դեռ կան մանր-մունր զվարճալիքներ, անսովոր զվարճանքի ընդհատակյա օջախներ, մի խոսքով՝ հաճույքի վայրեր: 600 տոկոսով շահագործվողն անգամ պահպանել է իր զվարճությունները: Ինչքա՜ն է սիրում նա գործից իրեն դուրս գցել բոլորովին նոր սմոկինգով (վարձակալած), խաղեր տալ միլիոնանոց վիսկիի հետ: Վայելքների տրվել կինոթատրոնում: Նա բուրժուա է մինչև մատների ծայրը: Կեղծ արժեքները համտեսելու սովորույթ ունի: Նա կապիկ է: Կոռումպացված՝ փչացածի մեկը… Նա ծույլ է հոգով… Նա սիրում է սոսկ այն, ինչը թանկարժեք է, կամ ավելի շուտ՝ ինչն իրեն այդպիսին է թվում: Նա երկրպագում է ուժը: Նա ատում է թույլին: Նա գլուխգովան է, գոռոզամիտ:

Նա միշտ սատար է կանգնում պճնված «փասիաններին»: Լինելով նախ և առաջ տեսողական էակ՝ նա ուզում է ողջը սեփական աչքով տեսնի: Նա նեոնալույսին է ձգվում ինչպես ճանճը: Այստեղ նա ոչինչ անել չի կարող: Նա փայլածություն է ոտից գլուխ: Նա կանգ է առնում դեռ չհասած նրան, ճիշտ նրա կողքին, ինչը կարող էր իրեն երջանկություն բերել, հանգստացնել իրեն: Նա տառապում է, ձաղկում ինքն իրեն, արյունածորում, շունչը փչում է և չի սովորում ոչինչ: Նրան պակասում է օրգանական հոտառությունը: Դրանից նա երես է շրջում, նա վախենում է դրանից, իր կյանքը նա դարձնում է ավելի ու ավելի բուռն ու կոպտատաշ: Նա գլխապատառ դեպի մահն է նետվում մեծամեծ կտորտանքներով այն նույն նյութի, որն իրեն պակասում է մշտապես… Ամենից խորամանկը, դաժանաբարոն, նա, ով շահած է ելնում այս խաղում, ի վերջո ձեռք է գցում բյուր զենքեր, որպեսզի ավելի ու ավելի շատ մարդկանց սպանի և ինքնասպան լինի:  Եվ այսպես՝ անսահմանորեն, անվերջ՝ բոլոր խաղերը խաղացված են… Քայլերն արված են: Շահեկան ելքով…

Այնտեղ Մարդն իր համար վարունգներ է կճպում: Նա զորաշարված է ամբողջ գծի երկայնքով, նա տեսնում է, թե ինչպես է անցնում «Կոմիսարը» իր Պակարդում[14], որ շատ էլ նոր չէ… Նա աշխատում է ինչպես զորանոցում, ցկեանս զորանոցում… փողոց դուրս գալն անգամ նրան շատ էլ չի խրախուսվում: Մենք քաջ գիտակ ենք այդ մանր-մունր խորամանկություններին: Ինչպե՞ս են նրա վզակոթին հասցնում ատրճանակի կոթով… Եվ լոկ ապագան է, որ նրան է պատկանում: Ինչպես և այստեղ է՝ ճիշտ և ճիշտ… «Վաղը սափրվելն անվճար է լինելու»… Ինչու՞ գործերդ առաջ չեն գնում, մարդու՛կ: Ճշգրիտ բնազդն է պակասում է քեզ: Ամեն ինչ շատ պարզ է: Ըստ էության, եթե խորը մտածելու լինես, կարիքը չկար այդքան սպասելու, որպեսզի հարստությունները բաժան-բաժան անես: Կարելի էր դա անել դեռևս նախապատմական ժամանակներում, մարդկության առաջացման ամենասկզբում… Ինչի՞ համար են բոլոր այս ծամածռությունները: Մրջյուններն իրենք էլ չունեն գործարաններ, ինչը նրանց երբեք չի խանգարել… «Բոլորը բոլորի համար»… Սա՛ է նրանց կարգախոսը:

Կապիտալ: Դրամագլուխ: Էլ կարիքը չկա բռունցք ցույց տալու, ամբողջովին դա ինքդ ես, որ կաս, Պրոլո, փետրաքամակ Ռոլանդյան[15] ասպետներից սկսած… Պոպյու՛, դու մենակ ես: Այլևս չկա մեկը, որ քեզ ճնշի: Ուրեմն ինչու՞ է չարաթույն սրիկայությունը վերստին գլուխ բարձրացնում… Որովհետև այն բխում է քո դժոխարմատ բնույթից, այս հարցում պատրանքներ դու մի հղացիր, ոչ էլ մաղձոտիր, sponte sua[16]: Ամեն ինչ սկսվում է նորից:

Ինչու՞ է կրթյալ ինժեները վաստակում 7000 ռուբլի ամսեկան: Ես խոսում եմ նրա՝ Ռուսաստանի մասին… մինչդեռ հավաքարարն՝ ընդամենը 50: Մոգություն է, կախարդա՛նք: Որովհետև մենք բոլորս գոմաղբ ենք, և՛ այնտեղ, և՛ այստեղ: Ինչու՞ է հողաթափերի զույգը արդեն իսկ 900 ֆրանկ արժենում և դրա նմանները՝ նվազ դիմացկուն (ես տեսել եմ)՝ 80-ի չափ… Իսկ հիվանդանոցնե՞րը: Բացի այն շքեղ Կրեմլյան մեկից և «Ինտուրիստների» հիվանդասենյակներից: Մնացածներն, անկեղծ ասած, զազրելի են: Նրանք պահվում են անհրաժեշտ բյուջեի ոչ ավել քան 1/10-ի մասնահատկացմամբ: Ողջ Ռուսաստանն ապրում է անհրաժեշտ բյուջեի տասնորդականով՝ բացառությամբ Ոստիկանության, Քարոզչության, Բանակի…

Այս ամենը դեռ նույն այդ անարդարությունն է՝ նորովի հանդերձավորված, շատ ավելի զարհուրելի, քան հինը, շատ ավելի անանուն, սքողված, կատարելագործված, անմեկնաբանելի, զրահապատված ծայր աստիճան ծառայամիտ փորձագետ-հավատաքննիչներով բյուրապատիկ: Օ՜, այո, հրամցնելով մեզ խառնիփնթոր զոռբայության, հսկայամեծ շիլաշփոթի պատճառները, դիալեկտիկան անխափան է գործում… Ռուսներն ատամներն են ցույց տալիս ինչպես ոչ ոք: Միայն թե խոստովանելու կամք չկա, որ անհնարինի ոլորտից է, մի դեղահաբ, որ կուլ չի գնում. այն, որ Մարդը վատթարագույնն է բոլոր վիժվածքներից… որ հենց ինքն է խթանում իր տաժանքը, կարևոր չէ թե ինչ պայմաններում, ինչպես սիֆիլիսը՝ ողնուղեղի ջրազրկումը… Ահա թե որն է իսկական մեխանիկան, համակարգի խորխորատը… Հարկ է մի լավ ձաղկել շողոքորթներին, ահա թե որն է ժողովրդի մեծագույն ափիոնը…

Մարդը մարդկային է մոտավորապես այնքանով, որքանով որ հավն ընդունակ է թռնել: Երբ սա ծանր հարված է ստանում փորին, երբ ավտոմեքենան նրան վալս է պարեցնում, սա օդ է բարձրանում՝ մինչև տանիքը, բայց անմիջապես էլ ցած է տապալվում աղտեղության մեջ՝ թրիքը կտցահարելու: Դա նրա բնությունն է, նրա կոչումը: Մեր պարագայում, մեր հասարակության մեջ ողջը ճիշտ և ճիշտ նույնն է: Մենք դադարում ենք ամենավերջին սրիկան լինել սոսկ աղետալի հարվածից: Երբ ամեն ինչ կամաց-կամաց իր տեղն է ընկնում, մեր բնությունը քառատրոփ հետ է վերադառնում: Հենց այդ պատճառով Հեղափոխության մասին դատել է պետք քսան տարի անց:

«Ես, դու, նա, մենք բոլորս քանդարարներ ենք, խարդախներ ու սրիկաներ»: Նման բաներ նրանք երբևէ չեն ասի: Երբե՛ք, երբե՛ք: Մինչդեռ ճշմարիտ Հեղափոխությունը կարող էր լինել Խոստովանությունների Հեղափոխությունը, մեծագույն ինքնամաքրազարդումը:

Սակայն Սովետները խրվում են մեղքի մեջ, խորամանկ շաղակրատանքին տրվում: Նրանք լավագույնս տիրապետում են քարոզչական հնարքներին: Նրանք գլխովին խրվում են քարոզչության հորձանուտը: Նրանք փորձում են կղկղանքը ջնարակել … լցոնել, այն անուշեղենի վերածել: Սա՛ է համակարգի գարշահոտող վարակը:

Ահա՛ և՝ նա փոխարինել է տիրոջը: Նրա բռնությունները, նրա խորամանկությունները, նրա բոլոր հրապարակային լրբությունները: Նրանք կարողանում են սղղացնել աղտեղությունները: Երկար սպասելու կարիքը չեղավ: Կրկին բեմ բարձրացան նոր կավատները… Նայեք այդ նոր առաքյալներին… Տռզած փորերով և քաղցրահունչ երգեցողությամբ… Մե՛ծ Ապստամբություն: Մե՛ծ Ճակատամարտ: Չնչի՛ն ավար: Ագահներն ընդդեմ Նախանձորդների: Ողջ կռիվն ուրեմն հենց սրա՛ համար էր: Բեմի հետևում նրանք փոխեցին դերակատարներին…

Նեո-տոպազներ[17], Նեո-Կրեմլականներ, նեո-սրիկաներ, նեո-լինինյաններ, նեո-Հիսուսներ: Սկզբում նրանք անկեղծ էին… հիմա նրանք ամեն ինչ շատ լավ հասկացել են: (Նրա՛նց, ովքեր դեռ չեն հասկացել. գնդակահարում են): Նրանք մոլորյալ մեղավարներ չէին, այլ ենթարկվողներ… Եթե իրենք չլինեին, ուրիշները կանեին… Փորձառությունը օգտակար եղավ նրանց… Նրանք ավելի զգուշավոր են դարձել, քան երբևէ… Հոգին հիմա «կարմիր կուստոմսն» է … Այն կորսվել է: Նրանից ոչինչ չի մնացել… Իրենք նրանց շատ լավ են ճանաչում, այդ հոռի Պրոլոյի բոլոր սովորույթները, բոլոր արատները… Թո՛ղ նա տքնի, տանջամահ լինի: Թո՛ղ զորաքայլի: Թո՛ղ տառապի: Քաջագործություննե՛ր անի… Թո՛ղ սրան-նրան մատնի… Դա նրա բնույթն է… Ոչինչ չես կարող անել… Այդպիսի՛ն է նա… Պրոլետա՞րը: Իր որջում: «Կարդա՛ ի՛մ ամսագիրը: Կարդա՛ ի՛մ խզբզանքը, հենց ա՛յս մեկը: Ո՛չ այն մյուսը: Ողջ ուժով կռծի՛ր իմ ճառերը»: Եվ չլինի որ ավելի հեռուն գնաս, անասու՛ն:

Թե չէ գլուխդ կթռցնեմ: Այլ բանի նա արժանի չէ… Բանտաճաղ… Մենթե՞ր էիք փնտրում, այո՞, ի՞նչ է, չգիտեի՞ք ձեր գլխին գալիքը, դե ստացե՛ք… Եվ սա դեռ վերջը չէ: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի պատասխանատու չերևան այդ ամենի համար: Նրանք կխցանեն բոլոր ծակուծուկերը: Կդառնան «ամբողջատիրական»: Հրեաների հետ՝ առա՛նց հրեաների: Այս ամենը ոչ մի նշանակություն չունի… Հիմնական գիծն այն է, որպեսզի սպանես… Որքա՞ն շատերն են, պստլիկ համառամիտ հավատացյալներից, խարույկի զոհ գնացել խավարի դարերի ընթացքում… Առյուծների երախու՞մ… Տաժանակիր աշխատանքներու՞մ… Հավատաքննված մինչև ոսկրածու՞ծը:

Մարիամաբանական Հայեցակարգի[18] համա՞ր, կամ Կտակարանի եռատողի՞: Հնարավոր չէ դրանք հաշվել անգամ: Դրդապատճառներ՞րը: Կողմնապատճառնե՞րը… Փու՛յթ չէ: Անգամ պետք էլ չէ, որ այդպիսիք գոյություն ունենան… Ժամանակներն այնքան էլ չեն փոխվել այս առումով: Մենք նախկիններից ավելի լավը չենք, ո՛չ էլ պահանջկոտ: Կարող ենք լավագույնս շունչներս փչել հանուն որևէ չեղած աղբի: Կոմունիզմ՝ ծամածռություններով առլի: …. Իսկապես ասած՝ կարևոր էլ չէ, եթե հաշվի առնենք, թե ուր ենք մենք հասել…

Դա պարզ ասած նշանակում է մեռնել հանուն ինչ-ինչ գաղափարի կամ ես այս հարցում ոչինչ չեմ հասկանում… Համենայնդեպս մենք մաքուր ենք, ինքներս էլ չհասկանալով դա… Եթե խորապես հաշվարկելու լինենք, գուցե հենց դա՞ է՝ այդ Հույս կոչվածը: Ու նաև ապագան գեղեցկափայլ: Պատերազմները, որոնց պատճառների մասին մենք այլևս գուցե չենք էլ իմանա… Գնալով ավելի ու ավելի գեղեցկահրաշ: Որոնք այլևս հանգիստ չեն թողնի որևէ մեկին… որպեսզի բոլորը սատակեն նրանց մահվան հնոցում… հերոսացնելով այնտեղ, ուր քեզ բռնացնի … ու նաև փոշի դարձնելով հանուն ինչ-ինչ գործարքների… Որպեսզի աշխարհն այս մենք ազատագրենք … Որպեսզի այլևս մենք ոչ մի բանի չծառայենք… Մաքրազարդում հանուն Գաղափարի…

Թարգմանությունը ֆրանսերենից Աշոտ Ալեքսանյանի

Աղբյուրը՝ granish.org

[1] Վեպը 2015 թ. լույս է ընծայել Անտարես հրատարակչությունը՝ Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ:

[2] MEA CULPA – Կաթոլիկ եկեղեցու կրոնական ծիսակարգում ապաշխարումի և խոստովանության բանաձևումը:

[3] Պոպյու – Հատուկ անուն, որ Սելինի նորակազմությունն է: Ֆրանսերեն Populace՝ խառնամբոխ, խաժամուժ բառից:

[4] Ժորժ Դանդեն – Մոլիերի համանուն կատակերգության (1668թ.) հերոսը, բացասական իմաստով՝ խառնամբոխի ներկայացուցիչ:

[5] Այս հորինովի ժողովրդական խաղիկի հեղինակն ինքը Սելինն է:

[6] Հայտնի քրեա-գողական խմբավորման ղեկավարը:

[7] 20-ական թվականների սերիական մարդասպան, որի անունը հասարակ անուն էր դարձել Ֆրանսիայում:

[8] Նկատի ունի 1793 թվականը՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխության ահաբեկչության ժամանակաշրջանը:

[9] Նկատի ունի ֆրանսիական մշակութային տները բանվորական արվարձաններում:

[10] Նկատի ունի պրոլետարներին:

[11] Հենրի Ֆորդ (1863–1947) – ամերիկացի արդյունաբերող, ավտոարդյունաբերության հիմնադիրներից, ով 1920-30-ական թվականներին և անգամ 2-րդ աշխարհամարտի թոհուբոհում գործարար կապեր է պահպանել Խորհրդային Միության և նացիստական Գերմանիայի հետ: 1926թ. Սելինը, որպես Ազգերի Լիգայի նորընծա պաշտոնյա, ի թիվս այլ երկրների այցելել է նաև ԱՄՆ և գործուղվել է Դետրոյտ՝ ուսումնասիրելու Ֆորդ ավտոմեքենաշինական ընկերության բանվորների աշխատանքային պայմանները: Նա տհաճ տպավորություն է ստացել մասնավորապես հավաքման արտադրամասից և այդ առթիվ 1928-ին հրապարակած իր մի հոդվածում գործարանն այդ ներկայացրել է որպես զգայական հարձակում աշխատավորի վրա և թե ինչպես է հարձակումն այդ աշխատավորին տառացիորեն մեքենայի մաս դարձրել:  Չնայած լայնորեն տարածված լեգենդի և իր իսկ այս հավաստումին՝ ուսումնասիրողներն այն տեսակետին են, որ Սելինը երբեք չի եղել Դետրոյտի Ֆորդ ընկերության բժշկական խորհրդականը, ուր նա ընդամենը 36 ժամ է անցկացրել:

[12] Պիեր-Ժյուլ Ռընար, 1864-1910, ֆրանսիացի գրող, դրամատուրգ, Գոնկուր ակադեմիայի անդամ:

[13] Նկատի ունի Ս.Պետերբուրգի Պետրոպավլովյան բանտը:

[14] Պակարդ, ամերիկյան արտադրության ավտոմեքենայի տեսակ:

[15] Նկատի ունի ֆրանսիական ազգային էպոսի՝ Ռոլանդի երգի առասպելական հերոսներին:

[16] Ինքդ քո միջից՝ ինքնաբուխ (լատ.):

[17] Տոպազ – Մորիս Պանյոլի (1895-1974) համանուն դրամայի (1928) գլխավոր հերոսը, ով ղեկավար պաշտոն ստանալով` ստիպված հրաժարվում է նախկինում դավանած իր տեսական բարոյական սկզբունքներից:

[18] Նկատի ունի անարատ հղիության քրիստոսաբանական հիմնադրույթը:


 Պիտակներ
         Լուի-Ֆերդինանդ Սելին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb