Երկ ռազմարվեստի մասին

Դասեր 08.10.2020   21:00   69

Գլուխ առաջին․ Հիմնական հաշվարկները

Սուն Ցըզին ասաց. պատերազմը պետության համար մեծ գործ է, կյանքի ու մահվան հարց է, գոյության կամ կործանման ուղի։ Այս հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատուն իմանալ։ Ուստի պատերազմը վճռվում է հինգ գործոններով, նրան համեմատում են (յոթ) հաշվարկների հետ և որոշում են (հետևյալ) դրույթներով. առաջինը՝ Դաո (ուղի), երկրորդը՝ Տյան (երկինք), երրորդը՝ Դի (երկիր), չորրորդը՝ Ցըզյան (զորավար), հինգերորդը՝ Ֆա (օրենք)։

Ուղին՝ երբ ժողովրդի մտքերն ու տիրակալի մտքերը միանման են։ Այդ իսկ պատճառով ժողովուրդը պատրաստ է տիրակալի հետ մեռնել կամ ապրել, երբ ժողովուրդը չի վախենում հնարավոր վտանգից և վախ չգիտի։

Երկինքը՝ լույսն ու խավարն է, ցուրտը և շոգը, ժամանակի հաջորդականությունն է։

Երկիրը՝ հեռավորությունն ու մոտիկությունն է, անանցանելիությունն է ու անցանելիությունը, լայնն ու նեղը, մահն ու կյանքը։[4]

Զորավարը՝ քաջությունն է, մարդասիրությունն է, արդարությունն է, խստությունն է։

Օրենքը՝ զինվորական կարգ ու կանոնն ու կարգապահությունն է, զորքի ղեկավարումն ու մատակարարումը։

Այս հինգ կանոնները հայտնի են յուրաքանչյուր զորավարի, սակայն հաղթում է նա, ով յուրացրել է դրանք, ով չի յուրացրել, (նա) չի հաղթում։

Ուստի պատերազմը համեմատում են (յոթ) հաշվարկների (հետ) և որոշում (հետևյալ) դրույթներով. տիրակալներից նա, ով ճիշտ կորոշի Ուղին, Երկնքի ու Երկրի վիճակը, ով կատարում է կանոններն ու հրամանները, ով ավելի ուժեղ զորք ունի, ում մոտ հրամանատարներն ու ռազմիկները (շի և ցըզա) ավելի լավ են նախապատրաստված, ով արդարացիորեն պարգևատրում և պատժում է։

Այդ ամենով ես կիմանամ, թե ով հաղթանակ կտոնի և ով պարտություն կկրի։

Այն զորավարը, որը կկիրառի իմ հաշվարկները, հաստատուն կերպով յուրացնելով դրանք, անպայման կհաղթի, թող նա հրամայի զորքերին, (այն) զորահրամանատարը, որ չի հենվում իմ հաշվարկների վրա, չյուրացնելով դրանք, անպայման պարտություն կկրի, այդպիսի զորավարին պետք է հեռացնել։ Եթե զորավարը յուրացրել է հաշվարկները, հաշվի առնելով շահը, դրանք կկազմեն հզորություն, որը կարող է օգտագործվել և այս հաշվարկների սահմաններից դուրս։

Հզորությունը լինում է այն դեպքում, երբ հաշվի են առնում օգուտը և կիրառում են մարտավարությունը։

Պատերազմը խաբեության ուղին է։ Ուստի, եթե դու որևէ բան կարող ես անել, ցույց տուր, որ չես կարող։ Եթե օգտվում ես որևէ բանից, ցույց տուր, որ չես օգտվում, եթե հեռու ես գտնվում, ցույց տուր, որ մոտիկ ես, հակառակորդին հրապուրիր շահով, հակառակորդի մոտ խառնաշփոթ առաջացրու և հաղթիր նրան։ Եթե հակառակորդի մոտ ամեն ինչ առատ է, պատրաստ եղիր, եթե հակառակորդն ուժեղ է քեզանից, խուսափիր նրանից, եթե նա ենթակա է զայրույթի, նրան հավասարակշռությունից հանիր, խոնարհ տեսք ընդունելով, նրա մեջ ինքնավստահություն առաջացրու, թարմ ուժերը ուժասպառ արա, եթե հակառակորդի շրջանում համաձայնություն կա, անկարգություն մտցրու, հարձակվիր հակառակորդի վրա, երբ նա պատրաստված չէ, հայտնվիր այնտեղ, որտեղ նա քեզ չի սպասում։ Սակայն չի կարելի վաղօրոք մատնանշել որևէ եղանակ։

Ընդհանրապես, ով որ ճակատամարտից առաջ նախնական հաշվարկով հաղթանակում է, հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ունի, ով մինչև ճակատամարտը նախնական հաշվարկով չի հաղթում, նա քիչ հնարավորություն ունի հաղթելու, առավել ևս չի հաղթում նա, ով որ չունի նախնական հաշվարկներ։ Այս հաշվի առնելով, ինձ համար հասկանալի են հաղթանակն ու պարտությունը։

Գլուխ երկրորդ։ Պատերազմի վարումը
(Ցըզոչժան)

Սուն Ցըզին ասաց. ընդհանրապես պատերազմ վարելու կանոնները հետևյալն են՝ եթե ունես 1000 չիչե (թեթև մարտակառք) և 1000 գեչե (գումակային ծանր կառքեր), 100000 դայցզա (զրահապատ զինվորներ), եթե պարենը զորքի համար պետք է ուղարկել 1000 լիից ավելի, պետք է հաշվի առնել ներքին և արտաքին ծախսերը, հյուրերին ընդունելու ծախսերը, լաքի ու սոսնձի համար նյութեր, ծախսերը մարտակառքերի ու սպառազինության համար, ապա այդ ամենի համար օրական կպահանջվի 1000 ցզին (ոսկի), միայն այդ պայմաններում կարելի է ոտքի հանել հարյուր հազարանոց զորք։

Եթե պատերազմը վարում են, և հաղթանակը երկար ժամանակով հետաձգվում է, ապա զենքր բթանում է, և ծայրը կոտրվում է, եթե ամրոցի պաշարումը երկարաձգվում է, ուժերը սպառվում են, եթե զորքը գտնվում է երկարատև ռազմարշավի, ապա պետության միջոցները չեն բավականացնում։

Եթե զենքը բթանում է, (նրա) ծայրը կոտրվում է, ուժերը հյուծվում են, միջոցները սպառվում են, ապա իշխանները (չժոխոու) դրությունից օգտվելով, քո դեմ դուրս կգան։ Դրանից հետո նույնիսկ իմաստուն խորհրդականները ոչինչ չեն կարող անել։

Ուստի պատերազմում նրա արագ հաղթանակի մասին լսում են նույնիսկ նրա անհմուտ վարման դեպքում և չեն տեսնում հաջողությունը երկարատևության մեջ, նույնիսկ երբ այն վարպետորեն են վարում։

Երբևիցե դեպք չի եղել, որ պատերազմը երկարատև բնույթ կրի և դա շահավետ լինի պետության համար։ Այդ իսկ պատճաոով, նա, ով չի հասկանում ողջ վնասը, որ հասցնում է պատերազմը, նա չի կարող խորությամբ ըմբռնել պատերազմի օգուտը։

Ով կարողանում է պատերազմը վարել, (նա) երկու անգամ զորահավաք չի կատարում, երեք անգամ պարեն չի փոխադրում, սպառազինությունը վերցնում է պետությունից, իսկ պարենը՝ հակառակորդից, ուստի պարենը նրան կբավականացնի։

Պատերազմի ժամանակ պետական գանձարանն աղքատանում է, որովհետև զորքի համար պարենը բերվում է հեռվից։ Երբ պարենը բերվում է հեռվից, ժողովուրդն աղքատանում է։

Զորքի մոտակայքում բնակվող բնակչությունը զորքի համար անհրաժեշտ ամեն ինչ վաճառում է թանկ, երբ ամեն ինչ վաճառվում է թանկ, ժողովրդի ունեցվածքը հատնում է, երբ ունեցվածքը սպառվում է, պարհակները դժվար է կատարել։

Երբ երկրի ուժերը հյուծվում են, ժողովրդի միջոցները սպառվում են, այդ ժամանակ բնակչության տները դատարկվում են, ժողովրդի գույքը նվազում է յոթ տասներորդով։ Տիրակալի գույքը՝ ջարդված սայլեր, հոգնատանջ ձիեր, զրահներ, սաղավարտներ, նետեր, աղեղներ, նիզակներ, մեծ ու փոքր վահաններ, եզներ, մեծ սայլեր՝ այդ ամենը նվազում է վեց տասնորդականով։

Ուստի խելացի զորավարն անպայման սնվում է հակառակորդի հաշվին։ Հակառակորդից վերցրած մեկ չժուն ուտելիքը համապատասխանում է սեփական քսան չժուին, հակառակորդից գրաված մեկ դանը համապատասխանում է սեփական քսան դանին։

Ուստի հակառակորդին սպանում է կատաղությունը, հակառակորդի հարստությունը գրավում է ագահությունը։

Այդ իսկ պատճաոով, եթե կռվի ընթացքում մարտակառքերը գրավեն տասը և ավելի մարտակառք, որպես պարգև, բաժանիր դրանք նրան, ով առաջինն է դրանք գրավել։ Հակառակորդից գրաված մարտակառքերի դրոշակները փոխարինիր քոնով և օգտագործիր այդ մարտակառքերը քոնի հետ։ Գերված ռազմիկների հետ լավ վարվիր և հոգ տար նրանց մասին։ Դա նշանակում է հաղթել հակառակորդին և ավելացնել քո ուժերը։

Այդ իսկ պատճաոով պատերազմը գնահատում է հաղթանակը և չի հարգում երկարատևությունը։

Ուստի պատերազմի էությունը հասկացող զորավարը ղեկավարում է ժողովրդի ճակատագիրը և հանդիսանում է պետության անվտանգության տիրակալը։

 Սուն Ցզի
թարգմանիչ՝ Ռուբեն Սահակյան

Շարունակելի



 Պիտակներ
         Սուն Ցզի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb