Էրիկ Էսրաիլյանը աշխարհի հայերին հորդորել է շարունակել մարդասիրական օգնությունն Արցախին

Իրադարձային 12.10.2020   19:30   42

 Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝  աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին կոչ անելով շարունակել բարձրաձայն խոսել  ադրբեջանական ագրեսիայի մասին և ներկայացնել ճշմարտությունը: Նա հորդորել է շարունակել մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պրոդյուսերը «Ինստագրամի» իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել բոլոր հայերին, որոնք շարունակում են տարածել ճշմարիտ լուրեր:

«Դա բերում է դրական փոփոխությունների: Մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրների կառավարություններ, մարդու իրավունքների գրասենյակներ, կազմակերպություններ, լրագրողներ ու ազդեցիկ առաջնորդներ ուշադրություն են դարձնում  ճշմարտությանը»,- գրել է Էսրաիլյանը:

Նա ընդգծել է, որ մենք չենք լռել, երբ խոսքը գնում է հայերի՝ իրենց  հնամյա հայրենիք Արցախում էթնիկ զտման մասին:

«Ես աղոթում եմ խաղաղության համար, և մենք կարող ենք դրան հասնել, եթե դուք շարունակեք ավելի ակտիվ բարձրաձայնել խնդրի մասին: Կապ հաստատեք ձեր կառավարությունների առաջնոդների հետ, խաղաղ երթեր կազմակերպեք, արեք այն, ինչ կարող եք: Ես փաստացի գիտեմ, որ դա աշխատում է»,- շեշտել է պրոդյուսերն ու կարևորել նաև Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու  պատրաստակամությունն ու անհրաժեշտությունը:



 Պիտակներ
         մարդասիրական օգնություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb