Երբ քեզանից նեղացած են

Հոգեբանական 26.05.2020   21:00   823

Յուրաքանչյուրս գոնե մեկ անգամ զգացել ենք, թե որ­քան տհաճ զգացողություն է, երբ ինչ-որ մեկը մեզնից նեղացած է։ Դուք գիտե՞ք, եթե մի փոքր մտածեք, կա­րող եք զգալ և իմանալ, որ նեղացած լինելը շատ ավե­լի հեշտ է և, նույնիսկ, լավ։

Պատկերացրեք, որ ինչ-որ մեկը ձեզ խիստ նեղացրել է, դուք հուզվել եք կամ խիստ բարկացել։ Հետո՞ ինչ։ Հե­տո դուք սկսում եք վերլուծել և եթե բացահայտում եք, որ ամենևին էլ չեք արժանացել ձեր նկատմամբ նման վերաբերմունքի, սկզբում ձեզ տիրում է անտարբերութ­յունը, ողջ աշխարհը դաժան է թվում, ձեզ միայ­նակ եք զգում և որևէ մեկի հետ չեք ցանկանում նույ­նիսկ խոսել։ Ներփակվում և սկսում եք ինքներդ ձեզ խղճալ։ Աստիճանաբար այդ զգացողությունը (խղճահարութ­յուն ձեր հանդեպ) սկսում է զզվեցնել։ Դրա փոխարեն նոր զգացողություն է առաջանում. «Դե, լավ, ես բոլո­րին ցույց կտամ, որ կարող եմ իմ շահերը պաշտպանել»։ Այս զգացողությամբ սկսում եք ակտիվ գործել։ Ձեր մեջ էներգիա է առաջանում, բոլոր հաղթաթղթերը ձեր ձեռքում են. ձեզ անտեղի են նեղացրել։

Ձեր մեջ ծագում է «ես հնարավոր ամեն բան կանեմ ինձ համար» որոշումը։ Դուք սկսում եք ակտիվորեն, առանց որևէ վախի և, նույնիսկ ընդհակառակը, մինչ այդ ձեզ անհայտ համարձակությամբ ապագայի համար ծրագ­րեր կազմել և դրանք կյանքի կոչել։ Դա յուրօրինակ փոխհատուցում է։ Դուք այդ կերպ վրեժ եք լուծում։ Դուք մտածում եք. «Ինձ նեղացրել են, կարծում են, որ ես լրիվ հիմար եմ, դե, ոչինչ, ես վրեժխնդիր կլինեմ նրանցից, իմ կյանքում ամեն ինչ գերազանց կլինի, ես միշտ լավ մարզավիճակում կլինեմ, և նրանք կհասկա­նան, որ իրենք սխալ էին և նրանցից վրեժ կլուծվի»։

Ահա և մենք հասկացանք, որ վիրավորված լինելը շատ ավելի ձեռնտու է։ Այն ուժ է տալիս, ստիպում է կենտրո­նանալ, ստիպում է մտորել սեփական անձի մասին։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե ոչ թե դուք եք վիրավոր­ված, այլ ձեզնից են վիրավորված։ Տեղի է ունենում հա­կառակը։ Դուք մոռանում եք ձեր մասին և ձեր ամբողջ էներգիան ծախսում եք՝ մտածելով այն մասին, թե ինչպես ուղղել իրավիճակը, ինչպես ազատվել մեղքի այդ զգացումից։ Սկսում եք ուշադրության արժանացնել վի­րավորվածին։ Բայց իզուր։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրա վրա։ Դուք ուզում եք ներողություն խնդ­րել, բայց նեղացածը չի նայում ձեր կողմը։ Այդ ամենի պատճառն այն է, որ հոգու խորքում նրան դուր է գալիս վիրավորված լինելը։ Դուք փորձում եք նորից ու նորից գուցե վերջիվերջո ձեզ հաջողվի խոսել նրա հետ, գու­ցե և ոչ։ Այնուամենայնիվ դրանից հետո դուք ձեզ լրիվ հիմարացած եք զգում։

Այո, դա այդպես է։ Գիտե՞ք ինչ կարող եմ առաջարկել։ Այո, իհարկե, շատ վատ է, որ մենք երբեմն հիմարություն ենք անում և մեծ ու փոքր սխալներ գործում։ Բայց սխալները կամ կոպտությունը դադարում են լինել այդպիսին, երբ  գիտակցում ենք, որ գործել ենք դրանք։

Իսկ երբ մեր մեջ սկսում է ի հայտ գալ մեղքի զգացու­մը, նշանակում է, որ հասկացել ենք։ «Ներիր, խնդրում եմ, ես հասկացել եմ, որ նեղացրել եմ քեզ» ասելը բավական է, պետք չէ վազել հետևից ու թախան­ձագին ներում հայցել։ Բայց պետք է անպայման հիշել, որ մարդը, ում վիրավորել եք, լիովին իրավունք ունի ձեզանից նեղանալու և չներելու ձեզ։ Բայց վաղ թե ուշ ձեր նկատմամբ չարությունը կանցնի, և նա ձեր դեմ հաղթաթուղթ չի ունենա, քանի որ բոլորս գիտենք, որ յուրաքանչյուրն ունի վիրավորվելու իրավունք։

Բայց միակ բանը, որ պետք է անենք, շատ արագ հասկանա­լով, որ իզուր տեղը նեղացրել ենք ինչ-որ մեկին, պետք է ներողություն խնդրենք նրանից և որքան շուտ՝ այնքան լավ։ Դա այն հազվադեպ իրավիճակներից է, երբ ժամանակը չի աշխատում մեր օգտին. «Լավ է ուշ, քան երբեք» ասույթն այստեղ տեղին չէ։

Ներողություն խնդրենք նրանցից, ում նեղացրել ենք։ Վստահ եղեք, դրանից հետո մեզ ավելի լավ կզգանք։

Բաժինը վարում է հոգեբան Գոհար ՄԻՆԱՍՅԱՆԸ



 Պիտակներ
         Գոհար Մինասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb