Երաժիշտ, գործիքավորող Տարոն Ավետիսյանն ընդլայնում է իր գործունեության ճյուղերը

Հարցազրույց 08.11.2019   20:33   759
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երաժիշտ, գործիքավորող Տարոն Ավետիսյանը մինչև հայտնի ու ճանաչված մասնագետ դառնալը երկար ու բեղմնավոր ուղի է անցել։

Հնարավորինս հակիրճ ներկայացնելով Տարոն Ավետիսյանի կենսագրությունը՝ պետք է նախ նշել՝ նա ծնվել ու մեծացել է երաժիշտների ընտանիքում․ նրա եղբայրը դուդուկահար Տիգրան Ավետիսյանն է, հայրը՝  ճանաչված երգիչ, մանկավարժ Սամվել Ավետիսյանը, որը սերունդներ է կրթել։ Վարպետն այսօր էլ սիրով ու եռանդով դասավանդում է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում:

Տարոն Ավետիսյանը երաժշտական նախնական կրթությունը ստացել է երաժշտական դպրոցում՝ ուսանելով դաշնամուրային բաժնում: Այնուհետև սովորել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:

Նա իր գործունեությունը շարունակել է նաև բանակում ծառայելու տարիներին։ Ծառայելով Արցախի պաշտպանության բանակում՝ նախագահական նվագախմբում, տուբա է նվագել: Հենց այդ ժամանակ Տարոն Ավետիսյանը եղբոր՝ Տիգրան Ավետիսյանի հետ հետամուտ    է եղել ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի ստեղծմանը։ Համույթը ստեղծվել է 2009-ին, իսկ 2010-ից այն սկսել է գործել: Տարոն Ավետիսյանը ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթում աշխատել է որպես հնչյունային օպերատոր։

2004 թվականին նա հիմնադրել է ձայնագրման ստուդիա, 2004-2016 թվականներին աշխատել է «Սայաթ-Նովա» անսամբլում, իսկ 2016-ից ամբողջապես նվիրվել է իր իսկ հիմնադրած «AV STUDIO»-ին՝ գործիքավորելով բազմաթիվ սիրված ստեղծագործություններ։ 2019 թվականից Տարոն Ավետիսյանն աշխատում է ոչ միայն իր հիմնադրած «AV STUDIO» ձայնագրման ստուդիայում, այլև Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում։

Իր գործունեության ընթացքում Տարոն Ավետիսյանը համագործակցել է Թովմաս Պողոսյանի, հայրենասիրական երգերի վարպետ Սահակ Սահակյանի, Լուսինե Նազարյանի, Ներսիկ Իսպիրյանի, աշուղ Նազելու, Արսեն Գրիգորյանի (Ասո),Մխիթար Քեթցյանի, Գուսան Հայկազունի, «Արահետ» երգչախմբի հետ (գեղ. ղեկավար՝ Տատյանա Մինասյան), «Արեւներ» մանկապատանեկան համույթի հետ (գեղարվեստական ղեկավար՝ երջանկահիշատակ Արմեն Դիվանյան), «Բերդ» պարային անսամբլի և այլ խմբերի ու անհատների, այդ թվում՝ սփյուռքահայ երգիչների հետ։

Մեր թղթակցի հետ զրույցում Տարոն Ավետիսյանը պատմեց՝ 2019-ը բուռն աշխատանքային տարի է․ առաջիկայում հանդիսատեսի դատին կներկայացվեն բազմաթիվ ստեղծագործություններ։

«Շուտով հանրությանը կներկայացվի Ռուբեն Սասունցու ձայնասկավառակը։ Առաջիկայում հանրության դատին կհանձնենք նաև «Հայրենիք-սփյուռք» երգը, որի տեսահոլովակի շնորհանդեսը կլինի հենց այս ամսվա ընթացքում։ Այս ստեղծագործությունը կատարում են լիբանանահայ երգիչներ Հրաչ Կայծակյանը, Շաքե Բաղդասարյանը, Արարատ Ահարոնյանը, Վիգեն Տիշչեքենյանը, Լիզա Սվաճյանը, Սերոբ Հակոբյանը, Կարո Կապուտակյանը և Մանուկ Մինասյանը։ Երգի հեղինակը Հասմիկ Բալեյանն է։

Այս տարվա ընթացքում հանդիսատեսին է ներկայացվել նաև Լաուրա Մամյանի ձայնասկավառակը, որը ստեղծելիս երկար աշխատել ենք։ «Բավականին շատ երգեր են ներկայացվել, որոնք այժմ չեմ թվարկում», - ընդգծեց Տարոն Ավետիսյանը։

Այս տարի տեսաձայնագրությամբ հանդիսատեսի դատին է ներկայացվել նաև Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգը, որի ընթացքում հնչած ստեղծագործությունները գործիքավորել է Տարոն Ավետիսյանը։

Ստեղծագործական անդադրում պրպտումների ճանապարհին Տարոն Ավետիսյանն այժմ նոր գաղափար է հղացել։ Նա որոշել է իր մասնագիտական փորձը, երաժշտական գրագիտությունը փոխանցել նաև մատաղ սերնդին ու երիտասարդներին՝ նրանց փոխանցելով երաժշտարվեստը, գեղեցիկն ընկալելու գեղագիտական նուրբ ճաշակը։

Մեր թղթակցի հետ զրույցում Տարոն Ավետիսյանը նշեց՝ ուսուցիչն իր սանին պետք է ոչ թե երգ սովորեցնի, այլ երգել։

«Մենք երգիչներին սովորեցնելու ենք՝ ինչպես կարելի է ճիշտ երգել, ուսանելու ենք կատարողական վարպետության բոլոր գաղտնիքները։ Մենք ուսուցանելու ենք և՛ երգեցողություն, և՛ երաժշտական գրագիտություն, և՛ բեմական վարպետություն․․․», - նշեց Տարոն Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ցավալի է, բայց այսօր կան երգիչներ, որոնք երաժշտական տարրական գրագիտություն չունեն․ նաև այս խնդրի առկայությունն է ստիպել մտածել այս նախագծի մասին։

«Դասերի ընթացքում մեր սաներին հնարավորություն կտրվի յուրաքանչյուր երգ սովորելիս ձայնագրվել, տեսնել, թե ինչպիսի սխալներ եղան,  և ինչպես  կարելի է շտկել  դրանք», -  նշեց Տարոն Ավետիսյանը։

Զրույցի  վերջում  Տարոն Ավետիսյանը նշեց՝  լիահույս է, որ առաջիկայում   իր ծավալած  գործունեությունը կօգնի սկսնակներին ու  ու արդեն կայացած երգիչներին նոր գիտելիքներ ձեռք բերել ու  փորձի փոխանակման արդյունքում   յուրացնել երաժշտարվեստին վերաբերող բազմաթիվ նրբություններ ու գաղտնիքներ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հասմիկ Բալեյան, Տարոն Ավետիսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon