ԵՄ-Հայաստան բանակցությունները նոր ընթացք են ստանում

Քաղաքական 29.01.2019   10:41   326

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն այսօր Երևանում կսկսի բանակցությունները Հայաստանի նոր ղեկավարության հետ։ Սա եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Երևան՝ թավշյա հեղափոխությունից հետո, որի ընթացքում Բրյուսելը մտադիր է իր աջակցությունը հայտնել նոր կառավարության սկսած բարեփոխումներին, «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց Հանի մամուլի խոսնակ Մայա Կոսիյանչիչը:

«Հանձնակատարը Երևանում է՝ քննարկելու այն աջակցությունը, որ Եվրամիությունը տրամադրում է Հայաստանին բարեփոխումների ճանապարհին: Հանձնակատարը կհանդիպի նոր կառավարությանը, նախագահ Արմեն Սարգսյանին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, այցի հիմնական ուղերձը աջակցությունն է Հայաստանի բարեփոխական ջանքերին, որոնց նպատակն է բարելավել քաղաքացիների կյանքը»:

Հանձնակատար Հանը եվրոպացի առաջին պաշտոնյաներից էր, որ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Երկու պաշտոնյաները նաև մեկ անգամ արդեն հանդիպել են՝ անցած աշնանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-Ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության, Փաշինյանը եվրոպացի հանձնակատարին վստահեցրել էր, որ իր կառավարությունը հետամուտ է ժողովրդավարության ամրապնդմանն ու ընդգծել՝ այս հարցում Երևանն ակնկալում է ԵՄ համընդգրկուն աջակցությունը:

Հանը բանակցություններից հետո Թվիթերում գրել էր. «Շատ լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետի հետ: Ես վստահեցրի Փաշինյանին, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել նրա բարեփոխումներին ու Հայաստանին: Տեսնենք՝ ինչպես կարող ենք մեր օգնության փաթեթն ավելի նպատակային օգտագործել՝ առաջնային բարեփոխումների համար»:

Հանձնակատարի այցը համընկնում է Եվրամիության արևելյան գործընկերության ծրագրի տասնամյակին, որով Բրյուսելն աջակցություն է տրամադրում նախկին խորհրդային միության վեց պետություններին, այդ թվում՝ Հայաստանին՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ու տնտեսության ազատականացման ուղղությամբ կատարված բարեփոխումների համար:

Հանձնակատարի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հաղորդմամբ, երևանյան այցի ժամանակ Հանը կանդրադառնա նաև այդ ծրագրին ու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։



 Պիտակներ
         ԵՄ-Հայաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon