Էկոլոգիական The Muse տուն-այգին Մեծ Բրիտանիայում

Art News 29.06.2020   22:00   2363

Լոնդոնում The Muse անվանումով շատ ինքնատիպ մի այգի կա, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ոչ թե էկզոտիկ բույսերի կամ մեծ մասշտաբների, այլ իր դիրքի շնորհիվ․ այն տեղավորված է համանուն բնակելի տան տանիքին։ Այգին գտնվում է Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում։ Կարևոր է նաև նշել, որ տունը, որտեղ տեղավորված է այգին, էկոլոգիական է։ Տունը կառուցելու նախագծի վրա աշխատել է Bere Architects ճարտարապետական ընկերությունը։ Մասնագետներին հաջողվել է տան տանիքին հիանալի կանաչ գոտի ստեղծել։

Տանիքին ավելի քան քառասուն ծառ, տասնյակ թփեր ու ծաղկաթմբեր են տնկել, նաև ոչ մեծ արհեստական լճակ է կառուցվել։ Տունը կառուցելիս հիմնական շինանյութ է ծառայել ոչ թե ավանդական բետոնը, այլ հատիկավորված դոմնային մետաղախարամը՝ էժանագին շինանյութ, որից շատ մետաղագործական գործարաններ երազում են ազատվել։ Չնայած էժան գներին՝ դոմնային մետաղախարամը հիանալի ջրակայուն հատկություններ ունի ու նույնքան հիանալի ջերմազատիչ է։

Այսպիսով՝ Bere Architects-ի մասնագետներին հաջողվել է ապացուցել, որ նույնիսկ խոշոր մեգապոլիսում կարելի է յուրահատուկ «կանաչ տներ» կառուցել, որոնք գրավիչ կլինեն ոչ միայն բնակվելու համար հարմարավետ պայմաններով ու ցածր արժեքով, այլ նաև կկարողանան պաշտպանել մեծ քաղաքի էկոլոգիան: The Muse շինության տանիքին բացի կենդանի բույսերից նաև արևային մարտկոցներ են տեղադրված, որոնք տունը համարյա ամբողջությամբ ապահովում են էլեկտրականությամբ։ Էկզոտիկ բույսերի մեջ նստարաններ են տեղադրված ու պիկնիկի գոտիներ են ստեղծված, այնպես որ՝ լոնդոնյան ինքնատիպ այս տան բնակիչները հնարավորություն ունեն ամեն օր հանգստանալ «բնության գրկում»։ Դրա համար անհրաժեշտ է միայն բարձրանալ տանիք։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb