Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանը կրկին վիճեցին ԱԺ-ում

Քաղաքական 13.05.2020   13:04   800

ԱԺ միջանցքում այսօր բանավեճի էին բռնվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Սիմոնյանը Մարուքյանին ցույց էր տալիս ֆեյսբուքյան էջում՝ «Ելք» դաշինքի խմբում արված մի գրառում, ապա խոստանում այն հրապարակային դարձնել:

«Ահա այն խնդրանքը, որով ես դիմում էի Ելք խմբի անդամներին, որ իրենք դուրս գան փողոց և կանգնեն մեր կողքին, իրանք նախընտրեցին գալ հիվանդանոցներ արդեն, երբ վիրավորներ կային: Իսկ Մարուքյանը ասում էր, որ սա սուտ է և նման բան չի եղել»,- կարճ ժամանակ անց իր էջում գրեց Սիմոնյանը:

Մարուքյանը խոստացավ այս հրապարակմանը հակադարձել մեկ այլ հրապարակմամբ: Նա կրկին մեղադրեց իշխանական պատգամավորներին իրեն թիկունքից հարվածելու համար, պահանջեց ներողություն խնդրել:

Սիմոնյանը պատասխանեց. «Ես արդեն էնքան մարդուց եմ ներողություն խնդրել, բայց պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է էս ընթացքում, որ իրեն հարվածեն, որ ինքը կարևորվի, ինքը դա արել է ԲՀԿ-ի հետ, «Իմ քայլ»-ի հետ կապված: Իր նպատակը դա է եղել»:

Դիմելով Մարուքյանին՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ խփեն: Եկել եք, ասել եք՝ էս օրենքը լավը չէ, եկել են, հարվածե՞լ են»:

Լրագրողները Սիմոնյանին հարց ուղղեցին՝ արդյո՞ք իշխանությունը տրվել է սադրանքներին: Սա զայրացրեց Մարուքյանին, նա շեշտեց՝ փաստորեն լրագրողը կարծում է, որ իրենք սադրել են իշխանությանը:



 Պիտակներ
         Էդմոն Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon