ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առանձին հանդիպումների են հրավիրել

Հրատապ 15.09.2020   08:04   27

Սեպտեմբերի 14-ին խորհրդակցություն է անցկացվել Փարիզում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը:

Համանախագահները վերանայել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած լարվածությանը հաջորդող զարգացումների վրա: Համանախագահները ուսումնասիրել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հայտարարություններն ու մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է համանախագահերին տեղում տիրող անվտանգության իրավիճակի մասին և ողջունել նախապատրաստությունը մոնիթորինգային գործողությունների վերականգնման համար:

Համանախագահներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ առաջիկա շաբաթների ընթացքում նրանց անհատական հանդիպումների հրավիրելով՝ լուրջ, առարկայական և առանց նախապայմանների բանակցությունների հետագա վերականգնման նպատակով:

Համանախագահները շարունակում են ակտիվ և ամբողջական ներգրավվածություն դրսևորել հանուն խաղաղության և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններում:



 Պիտակներ
         ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb