Ե՛վ Շուշին ենք վերականգնելու, և՛ Ստեփանակերտը, և՛ գյուղերը. Պարգև Սրբազան

Իրադարձային 10.10.2020   20:45   71

Պատերազմը մենք չենք սկսել և զինադադարը չենք խախտել, սակայն  հերթական անգամ սկսեցին լայնածավալ դաժան պատերազմ՝ ահռելի զինանոցով, որին Թուրքիան, Պակիստանը ամեն ինչով սատարում են. Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին նշեց Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Քիչ է, որ Թուրքիան ահաբեկիչներ է բերել Սիրիայից, Լիբիայից, որպեսզի ադրբեջանցիների կորուստների թիվը շատ չերևա, հիմա Աֆղանստանից է բերում վարձու ահաբեկիչներ, և երբ մարդի դաշտում հայերը համառորեն դիմադրում են նրանց կատաղի հարձակումներին, նրանք սկսում են վրեժխնդիր լինել քաղաքներից և գյուղերից: Երեկ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին վերևից հարվածեցին, և անօդաչուն հենց խաչի մեջտեղին խփեց, Ռուսաստանից երեք թղթակիցներ վիրավորվեցին: Հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել, որը միջազգային տեռորի ձեռագիրն է»,- նշեց Սրբազանը:

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ հայերի դեմ պայքարում են ահաբեկիչները, սակայն մեզ հետ է մեր Աստվածը և բանակը: Սրբազանը նշում է՝ թեև ուժերը անհավասար են, բայց մենք կատաղի դիմադրում ենք, մեր գործը արդար է ամեն պետություն իրավունք ունի պաշտպանվելու, ինչը և մենք անում ենք:

«Մենք այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մեզ և մեր Աստծուն, և մենք դուրս ենք գալու այս փորձությունից: Մեզ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք և անսասան ոգի, համախմբվենք, ուս ուսի տանք և մեր հարցերը կլուծենք»,- ասաց նա:

Պարգև Սրբազանը նշեց, որ 90-ական թվականներին թիրախավորել էին Գանձասարը, վնասել էին Ամարասը և նույնիսկ Գյուլիստանի Ամենափրկիչ եկեղեցին, երբ շահումյանցիներից ոմանք չեն կարողացել փախչել՝ 7 հոգու գլուխը կտրել գցել են խորանին և գմբեթը պայթեցրել են, ըստ նրա՝ նույն բարբարոսների ձեռագիրը տեսնում ենք այսօր.

«Մենք մզկիթներին ձեռք չենք տվել, նույնիսկ Շուշիի մզկիթը մեր կարողությամբ նորոգել ենք: Ես կասկած չունեմ՝ և՛ Շուշին ենք վերականգնելու, և՛ Ստեփանակերտը, և՛ մեր գյուղերը, և՛ բոլոր ենթակառուցվածքները: 92-93 թվականներին Շուշին, Ստեփանակերտը 70 տոկոսով ավերված էին, բայց մենք նորոգեցինք»:

Սրբազանը հայությունը կրկին կոչ արեց համախմբվել և ֆինանսական աջակցություն ցուցաբերել բանակին, որ կարողանանք շատ արագ վերանորոգել և ամոքել այն տխրությունը, որը լինում է պատերազմից հետո:



 Պիտակներ
         Պարգև սրբազան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb