Դպրոցականներին հնարավորություն կտրվի անվճար այցելել Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին

Art News 13.04.2021   16:01   55

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը: Այն կրում է «ԴՈ-ից ՍԻ» խորագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամեն երկուշաբթի՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահի դռները կբացվեն երաժշտասեր պատանիների համար:

ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ մշակույթը և, հատկապես, դասական երաժշտությունը միշտ կրթության մաս է կազմել: «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագիրը նախարարության ռազմավարության տիրույթում է և ընդգրկված է նախարարության դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի մեջ, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ պետական հանրակրթական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին անվճար հիմունքներով ներկա գտնվել համերգներին:    

ՀԱՖՆ տնօրեն Վիկտոր Մնացականյանը շեշտում է, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբը «Դպրոցականի ֆիլհարմոնիան» մեկնարկել է դեռևս 1947 թվականին, տևական ժամանակ ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երաժշտագետ Արմեն Բուդաղյանի հետ միասին շարունակել են այդ ավանդույթը: «Որոշակի դադարից հետո ուրախ ենք նորից սկսել այս ծրագիրը նոր, թարմ մտքերով ու գաղափարներով, նոր ծրագրով: Ֆիլհարմոնիկի 2021 թվականի կրթական ծրագրերից է նաև Լեոնարդ Բերնսթայնի «Young People's Concerts» համերգաշարի հեռուստացուցադրությանը, որի իրավունքները ձեռք են բերվել վերջերս: Սա մի համերգաշար է, որի միջոցով դիրիժորը նվագախմբի հետ բացահայտում է, թե ինչպես ունկնդրել, հասկանալ և սիրել դասական երաժշտությունը: Այդ համերգաշարը նպաստում է դասական երաժշտության ժողովդականացմանը, ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծահասակների շրջանում»,-նշում է նա:

Համերգի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը հիշում է, թե ինչ մեծ տպավորություն է թողել իր վրա փոքր հասակում սիմֆոնիկ նվագախմբի համերգներին ներկա լինելը: Նա վստահ է, որ նման համերգները ոչ միայն գեղագիտական ու երաժշտական բարձր ճաշակ են ձևավորում, այլև հետաքրքրություն են արթնացնում դեպի դասական երաժշտական գործիքները: Նա վստահ է, որ շատերը կցանկանան նվագել սովորել որևէ գործիք, իսկ ով արդեն նվագում է, կձգտի ավելի հմտանալ:

«ԴՈ-ից ՍԻ» համերգաշարի շրջանակում Ֆիլհարմոնիկը համագործակցում է «Դասարան» կրթական ծրագրի հետ, վերջինիս հիմնադիր և նախագահ Սուրեն Ալոյանը առանձնահատուկ ոգևորությամբ է միացել այս ծրագրին, դասական երաժշտության ոլորտում սա նրանց առաջին համագործակցությունն է: Ըստ Ալոյանի՝ դասական երաժշտությունը միշտ դրական ազդեցություն է ունեցել երեխաների և հանրության կրթական մակարդակը բարձրացնելու վրա, և «Դասարան» կրթական ծրագիրն ամեն բան կանի, որ այս համերգաշարը հասանելի լինի Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում բնակվող բոլոր երեխաների համար:

«Անգամ եթե մարզերի երեխաները չկարողանան գալ Ֆիլհարմոնիկի համերգին, ապա Ֆիլհարմոնիկը կգնա մարզեր՝ Dasaran.am-ի տեխնիկական աջակցության միջոցով առցանց հեռարձակելով համերգները»,-ասում է նա:


 Պիտակներ
         դպրոցականներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb