Դորիան Գրեյի համախտանիշ

Հոգեբանական 27.04.2020   21:30   803

Դորիան Գրեյի համախտանիշ կամ վախ ծերանալուց։ Այս համախտանիշի դեպքում մարդիկ ծայրահեղորեն հետևում են իրենց արտաքին փոփոխություններին, դիմում են վիրահատությունների կամ այլ քայլերի, գնում են երիտասարդական ոճի հագուստ՝ միայն թե ավելի երիտասարդ տեսք ունենան։  

Համախտանիշի անվան ծագումնաբանության հիքում Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հայտնի ստեղծագործությունն է, որի գլխավոր հերոսը՝ Դորիանը, լինելով հմայիչ և գրավիչ երիտասարդ, մի օր գիտակցում է, որ ծերանալու է և կորցնելու է իր գեղեցկությունը։ Այս միտքը խենթացնում է Դորիանին, և մի անգամ նա սեփական դիմանկարին նայելիս ցանկանում է, որ դիմանկարը ծերանա, իսկ ինքը մնա երիտասարդ և գեղեցիկ։ Ցանկությունը կատարվում է․ Դորիանը մնում է երիտասարդ, իսկ դիամանկարը ծերանում է՝ ցույց տալով իր իսկական էությունը և հիշեցնելով՝ թե ով է ինքը իրականում։

Դորիան Գրեյի համախտանիշը ուսումնասիրվել է տարբեր հոգեբանների կողմից, Ամերիկյան հոգեբանների ասոցիացիան սա չի դիտարկում որպես հիվանդություն, այնուամենայնիվ՝ շատերը եկել են այն եզրահանգման, որ այս վիճակը քանդում է մարդու ներաշխարհի ամբողջականությունը, նրա փոխհարաբերությունները շրջակա միջավայրի հետ և խանգարում է ինքնազարգացմանը։

Համախտանիշի դրսևորման ակնառու նշանները երևում են, երբ սկսում են սպիտակել մազերը, հայտնվում են կնճիռներ, մաշկը կորցնում է իր տեսքը, որի արդյունքում նկատվում են հուզական ծանր ապրումներ։ Իրականում, նման ապրումներ կարող են նկատվել յուրաքանչյուր մարդու մոտ, ուղղակի խնդիրը դրսևորման աստիճանների մեջ է։

Դորիան Գրեյի համախտանիշը կարող է վտանգավոր լինել և հիմք հանդիասանալ դեպրեսիայի, ինքնասպանության մտքերի, նարցիսիզմի և այլ բացասական վիճակների ձևավորման համար։

Համախտանիշը բավականին լայն տարածում ունի հասարակական գործիչների՝ կինոաստղերի, դերասանների, երգիչների շրջանում։ Այն կարող է հաղթահարվել հոգեթերապևտիկ գործունեության արդյունքում։

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon