Դոն Քիշոտի պատվիրանները նահանգապետ Սանչոյին և հայաստանաբնակ շատերին

Դասեր 08.01.2021   20:30   964

Միգել Սերվանտես

- Իմ բարեկամ Սանչո, ահա այժմ, երբ ես դեռ նոր եմ սկսում գագաթը բարձրանալ, դու արդեն ժամանակից շուտ և առողջ բանականության օրենքներին հակառակ` քո իղձերը կատարված ես տեսնում: Շատերը կաշառք են տալիս, աղերսում են, չեն քնում, խնդրում են ու համառում և էլի նպատակին չեն հասնում, իսկ մեկ ուրիշը հազիվ ասպարեզ է գալիս, հայտնի չէ, թե ինչ կերպ և ինչու` հասնում է այն պաշտոնին ու դիրքին, որի վրա շատերը աչք էին տնկել

Բևեռիր հայացքդ քեզ վրա և աշխատիր ճանաչել ինքդ քեզ` քանզի դրանից ավելի բարդ ճանաչողություն դժվար է պատկերացնելը: Ճանաչելով ինքդ քեզ` չես փքվի այն գորտի նման, որն ուզում էր եզան հետ համեմատվել, հակառակ դեպքում դու քո գոռոզամիտ խելացնորությամբ կնմանվես փարթամ պոչ և այլանդակ ոտներ ունեցող սիրամարգին: Հիշիր, որ դու մի ժամանակ խոզարած ես եղել: Եթե դու կնոջդ քեզ հետ բերելու լինես (որովհետև հարկ չկա, որ երկարատև ծառայություններ ունեցող կառավարիչները բաժանված լինեն իրենց ամուսիններից), սովորեցրու նրան, լուսավորիր և հղկիր նրա բնածին կոպտությունը, որովհետև շատ հաճախ խելացի նահանգապետի ձեռք բերածը կորչում և կործանվում է անտաշ և հիմար կնոջ երեսից:

Եթե դու հանկարծ ամուրի դառնաս (որ միշտ կարող է պատահել) և քո վիճակը թույլ տա քեզ ավելի տոհմիկ ծագում ունեցող աղջկա հետ ամուսնանալու, ապա ուշադիր եղիր, որ նա իրեն կարթի նման չպահի և չասի` «չեմ ուզում, ջեբս գցիր», որովհետև, ճշմարիտն ասած, դատավորի կնոջ վերցրած ամեն մի կաշառքի համար մարդն է պատասխանատու Ահեղ դատաստանի օրը …

Երբեք մի ղեկավարվիր քո սեփական կամայականության օրենքներով, որովհետև այդ կերպ են վարվում միմիայն իրենց մեծ խելոքներ երևակայող տգետները:
Թող աղքատի արցունքները ավելի շատ կարեկցություն հարուցեն քո մեջ և ոչ պակաս արդարացիություն, քան հարուստի գանգատները: Հանգամանորեն պարզիր քեզ համար, թե որչափով նշանակալից է քո վիճակը, և եթե կարևորագույնը թույլ է տալիս սպասավորներիդ հատուկ սպասազգեստ հագցնել, ապա պատվիրիր, որ այդ սպասազգեստները շքեղ ու վառ չլինեն, այլ լինեն վայելուչ և դիմացկուն, և բաժանիր այն սպասավորների և աղքատների միջև, այսինքն վեց մանկլավիկ հագցնելու փոխարեն, հագցրու երեք աղքատի և երեք մանկլավիկի…


 Պիտակներ
         Դոն Քիշոտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb