Ձկնորսության ռեստորան, Ճապոնիա

Art News 14.02.2020   22:00   979

Տոկիոյում գտնվող Zauo Fishing անունով հայտնի ռեստորանը նշանավոր է նրանով, որ իր հյուրերին առաջարկում է սեփական ընթրիքն ինքնուրույն «բռնել»։ Ինչպես արդեն անվանումից կռահեցիք, ռեստորանը մասնագիտացված է ձկնային ուտեստների պատրաստման վրա։ Ռեստորանի կենտրոնում նավերի վրա տեղավորված սեղանիկներով հարմարավետ տեռասն է, իսկ տեռասը շրջապատում է կենդանի ձկներով լցված հսկա լողավազանը։ Այցելուներն իրենց համար ձուկ բռնել կարող են ինքնուրույն՝ դրա համար նախապես կարթ ու անհրաժեշտ մյուս պարագաները վարձակալելով։

Ձկնորսության փորձ չունեցողներին օգնում է փորձառու աշխատակազմը։ Այցելուի ցանկությամբ նրա համար լողավազանից ձուկ են բռնում ու պատրաստում ֆիրմային բաղադրատոմսով։

Ձկների ընտրությունը հսկայական է։ Այդ բազմազանության մեջ իրենց համար ձուկ կարող են ընտրել և՛ համեստ միջոցներ ունեցող հյուրերը, և՛ նրանք, ովքեր սովոր են իրենց երես տալ նրբաճաշակ դելիկատեսներով։

Ֆիրմային ուտեստները համտեսելիս ռեստորանի հյուրերը միաժամանակ հնարավորություն ունեն դիտել, թե ինչպես են իրենց ճաշը կամ ընթրիքը բռնում նոր ռեստորան եկած հյուրերը։ Zauo Fishing-ում մշտապես շատ ուրախ ու անկաշկանդ մթնոլորտ է։ Ծովային կարաս, սկումբրիա, ստավրիդա, կարմիր լուցիան, ինչպես նաև հազվադեպ ձուկ-շուն․ այցելուները ձկնորսական հմտությունները զարգացնելու ու նոր, էլեգանտ ճաշատեսակներ փորձելու բազում տարբերակներ ունեն։ Այն ձկներից ուտեստները, որոնք այցելուն ինքն է բռնել, ավելի էժան արժեն, քան հյուրասիրված ձկները, այնպես որ՝ համեմատաբար համեստ վճարով Zauo Fishing ռեստորանում կարող եք ոչ միայն համեղ սնվել, այլ նաև հրաշալի ժամանակ անցկացնել։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon