Դիմում՝ հողատարածքների վարձակալների հետ վարձավճար չգանձելու համաձայնություն ստանալու համար

Իրադարձային 01.04.2020   16:41   147

Փաստաբան Տիգրան Մուրադյանը դիմել է վարչապետին՝ հողատարածքների վարձակալների հետ բանակցություններով, հողակտորների օգտագործման դիմաց վարձավճար չգանձելու համաձայնություն ստանալու համար:

Նամակն առանց խմբագրական միջամտության ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Մեծարգո Վարչապետ, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար մեր Պետությունը ծավալուն միջոցառումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում, ինչն իսկապես գնահատելի է՝ կարևոր բոլորիս համար: Անհրաժեշտ եմ համարում Ձեզ ներկայացնել մի հարց, որի լուծումը կարող է նպաստել գյուղատնտեսության զարգացմանը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքների կողմից գյուղատնտեսական հողատարածքների մի մասը քաղաքացիներին տրամադրվել են սեփականության իրավունքով (մասնավոր սեփականություն), մի մասը՝ վարձակալության իրավունքով (համայնքային սեփականություն): Իրավական առումով այդ երկու իրավունքներն ունեն տարբեր խնդիրներ և կարգավորումներ:

Վարձակալության իրավունքը կարող է շատ ավելի արագ և օրենքով նախատեսված տարբեր հիմքերով դադարեցվել, իսկ սեփականության իրավունքը՝ ոչ: Կարծում եմ Ձեզ հիմնականում ներկայացվել է պարապուրդի մատնված մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքների խնդիրները, իսկ համայնքների կողմից վարձակալությամբ տրված և պարապուրդի մատնված գյուղատնտեսական հողատարածքների խնդիրները՝ խորապես չեն ներկայացվել: Սույն գրությամբ բարձրացնում եմ միայն վարձակալության իրավունքով տրամադրված հողատարածքների հարցը, որոնք հազարավոր հեկտարների են և մեծ մասը ջրովի (առնվազն կաթիլային համակարգով ջրովի կամ փոքր ներդրումներով կարող են կաթիլային եղանակով ջրովի լինել):

Խնդիրը նրանում է, որ տարբեր համայնքներ իրենց սեփականությունը հանդիսացող հողատարածքները չնչին վարձավճարներով, 26 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել են տարբեր անձանց: Այդ հողատարածքները տարիներ շարունակ չեն մշակվում և պարապուրդի են մատնված, վստահ եմ, որ վարձակալների մի մասն անգամ իրենց հողամասերի սահմանները կամ տեղադիրքերը չգիտեն, մի մասն անգամ վարձավճարներ չեն վճարում:

Այժմ, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալել, ժամանակակից մոտեցումներով այգիներ կամ մշակաբույսեր հիմնել, օգտվել գյուղատնտեսական ծրագրերից և այդ եղանակով նպաստել գյուղատնտեսության զարգացմանը՝ չեն կարողանում, քանի որ հողատարածքներ չկան կամ չափազանց թանկ են:

 List.am կայքում վաճառվում են մեկ ամբողջականություն հանդիսացող մեծ մակերեսներով հողակտորներ՝ 1 հեկտարից սկսած մինչև 400 հեկտար և ավելի, որոնց 1 հեկտարի միջին արժեքը 1,5 միլիոն դրամ է, բոլորն էլ ջրովի են: Տևական ժամանակ գրեթե ամբողջն ուսումնասիրել եմ, մեծ մակերեսներով վաճառվող հողատարածքները շատ-շատ են: Վստահ եմ, որ դրանք համայնքներից ձեռք են բերվել չնչին գումարներով և այժմ վերավաճառվում են մի քանի անգամ ավելի բարձր արժեքով: Հնարավոր է նաև, որ սկզբում ձևակերպվել են որպես վարձակալություն, այնուհետև՝ կադաստրային չնչին արժեքով և ուղղակի վաճառքով ձևակերպվել են սեփականություն: Ուսումնասիրել եմ նաև տարբեր համայնքների կողմից անցկացված մրցույթների պայմանները, որոնցով 26 տարի ժամկետով վարձակալությամբ տրված հողամասերի տարեկան վարձավճարները 1 հեկտարի դիմաց 7 հազար դրամից մինչև 50 հազար դրամ է: Հիմնականում 7 հազար դրամ է:

Ակնհայտ է, որ գյուղատնտեսական գործունեություն ծավալել ցանկացողի համար ավելի շահավետ կլինի, եթե կարողանա անհրաժեշտ մակերեսով հողատարածքը համապատասխան պայմաններով, նույնիսկ պարապուրդի մատնելու դեպքում տույժ վճարելու պայմանով, վարձակալել համայնքից, քան 1 հեկտարի դիմաց 1,5 միլիոն դրամ վճարելով սկսել գործունեությունը: Ամբողջությամբ վերը նշվածից ելնելով Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունն այս հարցին, հանձնարարել որպեսզի՝

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր չմշակվող գյուղատնտեսական հողատարածքների վարձակալություններն օրենքով սահմանված ընթացակարգերով, վարձակալների հետ բացատրական աշխատանքներ տանելով կամ փոխադարձ համաձայնությամբ դադարեցվեն,
  2. Այդ հողատարածքները մրցույթային կարգով տրամադրվեն այն անձանց, ովքեր մրցույթի պայմաններին համապատասխան կներկայացնեն ծրագրեր՝ դրանցում ժամանակակից մոտեցումներին համապատասխանող կամ արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ,
  3. Խնդրում եմ հանձնարարել, որ այդ ամենն իրավասու կառույցների կողմից իրականացվեն հնարավորինս սեղմ ժամկետում, որպեսզի հնարավոր լինի հենց 2020 թ-ից մշակել պարապուրդի մատնված այդ հողատարածքները:

Հարգանքներով՝ Տիգրան Մուրադյան, փաստաբան 29.03.2020թ.



 Պիտակներ
         հողատարածքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon