Դեսթիջի․ «Արտաքսե՛նք հայերին Թուրքիայից»

Հայեր 08.02.2019   15:15   403

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին: Ծայրահեղ ազգայնական և պահպանողական ուղղվածություն ունեցող այս կուսակցության առաջնորդը առաջարկել է արտաքսել «Հայաստանից Թուրքիա եկած անլեգալ աշխատող հայերին»:

Դեսթեջին մասնավորապես ասել է. «Այսօր Հայաստանից ապօրինի կերպով մեր երկիր եկած և այստեղ ստամոքս լցնող 100000 հայ է ապրում: Ասում եմ՝ սրանց արտաքսենք: Սրանք մի կողմից Թուրքիայի դեմ լոբբինգ են իրականացնում, մյուս կողմից էլ մենք կերակրում ենք նրանց»:

Ազգայնամոլ գործիչը ասել է նաև, որ «Հայոց ցեղասպանությունը սուտ է», և եթե անգամ ամբողջ աշխարհն էլ միավորվի, չեն կարող ստիպել իրենց ընդունել այն:

Դեսթեջին «չի զլացել» նաև Ֆրանսիայի հասցեին ոչ բարեկամական ու մեղադրական հայտարարություններ հնչեցնել.

«Դու նախ քո արած ցեղասպանությունների համար պատասխան տուր: Ալժիրում 2 մլն մուսուլմանի մահվան պատճառ ես դարձել, դու Ռուանդայի զինված հեղաշրջմանն ես աջակցել, դրա հետևանքով 800 հազար մարդ է մահացել: Դու նախ դրանց պատասխանը տուր: Դուք դեռ երեկ, Քանունիի (Օսմանյան կայսրության սուլթան 1520-1566թթ.) փեշերը համբուրելով, նրանից օգնություն էիք խնդրում»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

Աղբյուրը` ermenihaber.am


 Պիտակներ
         Մուստաֆա Դեսթիջի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb