Ձեր բումերանգը , սը՛ր…

Հարցազրույց 21.05.2020   21:30   31567

                       
 «COVID-19»-ն  անվանակոչված կորոնավիրուսի համավարակն օրավուր ընդլայնում է շառավիղը՝ մարդկությանը գամելով անորոշության պատին: Երկրների միջև գոյություն  ունեցած երբեմնի շփումները՝ սահմանների խիստ վերահսկողության, որոշ դեպքերում անգամ ամբողջությամբ փակ լինելու պատճառով  դադարեցվել են: Նոր իրավիճակով պայմանավորված գլոբալ փոփոխությունների  շորշոփն ու մոտալուտությունը զգում են շատերը:          

Զգում են, բայցև  կարկամում՝  իրենց պաշարող  անհայտությամբ պայմանավորված վախի պատճառով: Ստեղծված իրավիճակի ներքին էության ու  դրանից ածանցվող խնդիրների շուրջ է մեր զրույցը՝  տարբեր ժամանակահատվածներում  Սիրիայի, Ուկրաինայի, Վրաստանի վերաբերյալ  արված ճշգրիտ կանխատեսումներով հայտնի ( նայել՝ այստեղ) քաղաքական վերլուծաբան , մոսկվաբնակ Արբակ Խաչատրյանի հետ: 

- Արդեն կռահում եմ, թե ինչ հարց ինձ պիտի ուղղեք: Խախտելով «ձևավորված» ավանդույթը, թույլ տվեք մինչ զրույցի շարունակությունը, այս անգամ էլ ես Ձեզ հարց ուղղեմ… Ի՞նչ եք կարծում, աշխարհի հզորներին կհաջովի արդյոք միջուկային հրթիռներով հարվածել կորոնավիրուսին: Աշխարհի թագակիր ու անթագակիր արքաներին  կհաջողվի  արդյոք այդ «կարգազանցի» հախից գալ…
-  ...
- Այ տեսնում եք , ինչպես Դուք, այնպես էլ այս աշխարհի «մեծերն» են կարկամել: Ստացվում է, որ նորահայտ վարակի դրսևորած վարքից՝ անգամ այս աշխարհի տերերն են տագնապում : Պարզվում է, որ վերահսկելի  կարծած վարակն էլ կարող է դառնալ անսանձելի, խիստ վտանգավոր անգամ իրենց՝ անխոցելի համարվող «առանձնահատուկների»  համար: Բայց չէ որ նրանք ամենակարող են, նրանք են չէ՞ իրենց կարծում  Աստծո փոխանորդը Երկիր մոլորակի վրա: Ցայսօր նրանք չե՞ն արդյոք տնօրինել ու տնօրինում մարդկանց ճակատագրերը, մարդկության ապագան:

Մի Սարկոզիի պատճառով չէ՞ր, որ քարուքանդ արվեց մի ամբողջ երկիր, աստանդական ու բնավեր դարձավ մի ամբողջ ժողովուրդ: «Քաղաքակիրթ» Եվրոպայի դռները չէ՞, որ ծեծում են տուն ու տեղից զրկված սիրիացի, իրաքցի ու լիբիացի բազմահազար փախստականները: Ու հիմա արդեն, եկել է՝ «Իմ տունն՝ իմ ամրոցն է»  «համոզվածության» քննության ժամանակը:

Պարիսպներից, երկրների սահմաններից  ներս սողոսկող  վարակը փորձում է հավասարության նշան դնել ամենակարողների ու անկարողների միջև, այլ կերպ՝ համահաթեցնել ամեն ինչ ու հնարավորինս արագ շտկել  գլխիվայր շրջված  օրգանիզմը: Ու մինչ աշխարհաքաղաքական կենտրոններն ու հատուկ ծառայությունները դավադիր գործունեության համար միմյանց են կասկածում, ներքին մի ձայն հուշում է, որ «գործին» սկսել է խառնվել  նաև ինքը՝ Մայր բնությունը: Այն բնությունը, որը հարյուրամյակներ շարունակ հոշոտվել է ընչաքաղց մարդկանց  ու  մայր Երկրի երակները սմքեցրած,  շնաձկան ախորժակ դրսևորած նավթագազային կորպորացիաների կողմից: 

- Ասել կուզեք մոտենում է «նետված» քարերը հավաքելու, ցանածը հնձելու ժամանա՞կը։ 

- Ճիշտ այդպես։ Ինչպես ուզում եք ձևակերպեք։ Աստծո ցասում կասեք, թե հոշոտված բնության բումերանգ, մեկ է … Կարևորը էությունն է, առկա փաստը: Կորոնավիրուսի «քայլարշավը»  աշխարհում՝ հենց դրա վկայությունն է։ Այն , ինչ կատարվում է աշխարհում, առավել քան լուրջ է: Դուք երբևիցե կպատկերացնեիք, որ հեռուստացույցով Ձեզ իսկ կհորդորեն զերծ մնալ Ձեր տենչած «հեքիաթային» երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա (ցանկն ինքներդ կարող եք շարունակել) մեկնելու գայթակղությունից…              Կորոնավիրուսի արձանագրման պահից ի վեր՝ պարզ դարձավ, որ աշխարհն աստիճանաբար կաթվածահար է լինում։ Ընդամենը օրեր են անցել, բայց մռայլ ապագան, տնտեսության հնարավոր փլուզումն արդեն իսկ ուրվագծվում է: Հումքային բորսաներում և սակարաններում րոպեների ընթացքում միլիարդավոր դոլարներ վաստակող մարդիկ ու դարեր շարունակ աշխարհի ֆինանսական շարժը վերահսկող ընտանիքները հայտնվել են նոր, տագնապալի իրողության առջև, երբ ամեն ինչ, այդ թվում նաև իրենց՝ անհամար հարստություն  ներառող, դարեր ի վեր կուտակած արսենալը վայրկյանների ընթացքում կարող է ի չիք դառնալ։ Ձեզ տարօրինակ չի թվում, երբ  Դավոսներում մեկտեղվող համաշխարհային տնտեսաքաղաքական իսթեբլիշմենթը Դավոսյան մի հանդիպում էլ աշխարհին պաշարած բնական աղետի՝ կորոնավիուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ չի կազմակերպում: 

- Հա, ի դեպ, 2013 թվականին  «Аргументы Недели»-ում զետեղված «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը վստահորեն շարունակվում է» հրապարակման մեջ Դուք կանխատեսել էիք դեպքերի նման զարգացումը: Ավելին, հրապարակման հիման վրա ստեղծված տեսանյութում  Դուք ֆորումի մասնակիցներին համեմատել էիք շնագայլերի հետ (տեսանյութը դիտել՝ այստեղ): 

- Հիմա էլ կարծիքս չեմ փոխել: Այն համոզմանն եմ մնում, որ նրանք թագավարակից  (կորոնավիրուսից) էլ անտանելի են: Միթե զավեշտալի չէ: Համաշխարհային տնտեսական «էլիտան» գնալով ծաղկում ու բարգավաճում է, մնչդեռ նույն հատվածում ազգային պետությունների վիճակը գնալով վատթարանում է: Ի դեպ, դավոսցիներից բացի տարօրինակ չէ՞ արդյոք նաև հոգևորականների լռությունը: Եթե ոչ հիմա, ապա էլ երբ նրանք պիտի հանդես գային աշխարհի կառավարիչներին ուղղված՝ բանականության դրսևորման հորդոր պարունակող կոչերով: Դուք ինչ է, պատահակա՞ն եք համարում վարակի հայտնվելն, օրինակ, Մայր Աթոռի նստատեղի Էջմիածնում: Միստիկայի և նախանշանների հետևից չընկնելով, ուզում եմ ուղղակի հարցնել. սա իր մեջ որոշակի խորհուրդ չի պարունակո՞ւմ,  հոգևոր առաջնորդների ապրած կյանքն ու նրանց դրսևորած վարքը աղերսներ չունեն արդյոք կատարվողի հետ…

Հարկ է խոստովանել, սակայն, որ երկրների աշխարհիկ ղեկավարներից շատերը, ճիշտ է՝ ոչ լիարժեքորեն, այնուամենայնիվ, ինչ-որ բան զգում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստահարցազրույցում հնչեցրած մտքերն, օրինակ, այդ մասին էին վկայում:      Այդուհանդերձ: Որ այսպես շարունակելը կարող է կործանման հանգեցնել՝ գիտակցում են բոլորը: Բայց աշխարհի ներկայիս տերերի կողմից դրսևորվող  ավելորդ ինքնավստահությունն ու  հարստության դիզման իներցիոն մարմաջը՝ հետքայլից գիտակցաբար հրաժարվելու բավականաչափ կամք, իսկ որ ավելի ճիշտ է՝ ցանկություն չունենալու պատճառով դեռևս շարունակվում է:

- Ծանոթ աղբյուրներից տեղեկացանք, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Դուք քանիցս տագնապի «կոչնակ եք հնչեցրել» նաև ռուսական ռազմաքաղաքական էլիտայի ազդեցիկ ներկայացուցիչների հետ  ունեցած զրույցներում: Ինչ է, նրանք էլ էին հոմերական հանդարտությամբ վերաբերում զարգացումների  նման ընթացքին:

- Նախ ուզում եմ նշել, որ ինձ հետ անցկացված հարցազրույցներում ես մշտապես շեշտել եմ, որ Ռուսաստանը՝ խնդիրների հանդեպ մոտեցման առումով, այնքան էլ միատարր չէ, որ «Կրեմլը» բազմագմբեթ է: Նույնը վերաբերում է նաև նույն այդ խնդիրների խորքային ընկալմանը: Հեռատես գործիչներն, օրինակ, խորապես գիտակցում են համամարդկային ընթացքի կարևորությունը: Նրանք էլ են քաջ գիտակցում, որ կանգ չառնելու, գիտակցաբար չվերափոխվելու դեպքում մարդկության կործանումն անխուսափելի է լինելու: Ի դեպ, ավելորդ չեմ համարում նշել, որ Լեֆորտովյան բանտից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված բաց նամակներում ՝ այդ սպառնալիքների մասին քանիցս անդրադարձել եմ: Տեսեք, կորոնավիրուսի կայծակնային ընթացքը հարկադրում է գիտակցել, որ ուրիշի ցավ չկա, որ աշխարհը միմիայն փոխօգնության միջոցով կարող է փրկվել կործանումից: Մի պահ պատկերացրեք, որ ասենք ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը առանձնանան մնացյալ աշխարհից ու փորձեն միմիայն իրենց «ընտանիքները» փրկել աղետից: Սահմաններ փակելով՝ աղետից փրկվել չես կարող: Այ, սա է անհրաժեշտ գիտակցել, այ հենց փակ սահմանները կարող են աշխարհի կործանման պատճառ հանդիսանալ: Իմ հրապարակումներից  մեկում ընդգծելով միասնական աշխարհի կարևորությունը, ես խորհրդածության մղող մի օրինակ էի բերել: Սառը պատերազմի տարիներին, եթե հակառակորդ, մրցակից  երկիրը կարողանում էր ստեղծել, ասենք, ինչ- որ հիվանդանության, վարակի դեղ կամ պատվաստանյութ, անմիջապես փորձ էր արվում կամ  այդ բանաձևերը գողանալ, կամ  էլ վերացնել  դրանք ստեղծած գիտնականներին…

Այդ առաջադրանքը «հաջողությամբ» ավարտած հետախույզները իրենց երկրների հերոսներ էին հռչակվում, կարիերայի աճ և նյութատեխնիկական միջոցներ ունենում։ Մինչդեռ ամբողջ մարդկությունն էր դրանից տուժում, բնականոն ընթացքից հարյուրավոր տարիներ հետ ընկնում: Հասկանում եք, մեր կյանքում ոչինչ այնպես չի լինում: Եթե դու անտարբեր ես, կամ ասենք՝ թվացյալ չեզոքություն ես պաշտպանում՝ որոշակի գնահատական տալու և դիրքորոշում ցուցաբերելու փոխարեն, ապա դա  էլ օրերից մի օր՝ բումերանգի պես քեզ է վերադառնալու: Ասվածի վկայությունը՝ Ավստրալիայում բռնկված, միլիոնավոր կենդանիների վերացման պատճառ դարձած հրդեհներն էին: Ասել կուզեմ՝ ջայլամի պես գլուխն ավազի մեջ թաքցնելով, մեկ է՝ պատասխանատվությունից փրկվել չես կարող: Հազարամյակների ընթացքում ձևավորված աշխարհը՝ թե՛ նյութական,  թե՛ հոգևոր մակարդակներում, եթե չասենք վերանում, ապա կայծակնային արագությամբ վերափոխվում է: Չքանում է նաև երկրագունդը «պահողների» միֆը:

Շարքային քաղաքացիները տեսնում են, որ համաղետի դեպքում անզոր են անգամ այս աշխարհի հզորները: Տպավորություն է ստեղծվում,ասես մի անտես ձեռք, անգամ ցավագին մեթոդների կիրառման գնով, փորձում է վերականգնել կորսված հավասարակշռությունը: Իսկ  որ դա այդպես է, կասկածից վեր է: Նորմալ է արդյոք, երբ ռուսաստանցի մի օլիգարխի  կարողությունը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի և Վրաստանի բյուջեները միասին վերցրած: Վերջիններիցս մեկի հետ ունեցած տպավորությունը սահմռկեցուցիչ էր:

Նրա ակնաբիբերի փոխարեն, ասես դոլարի նշաններ լինեին…  

Մարդկությանը ներկայացող մարտահրավերները ինքնաբերաբար կազմաքանդելու են դեռևս գործող տնտեսական և բանկային համակարգերը: Թերևս անիրական թվա, բայց իմաստազրկվելու են նաև սահմանների ճշգրտման համար մղվող ազգամիջյան պատերազմները: Բաղձալի փրկության համար աշխարհը դառնալու է վերազգային, մարդկությունը եսակենտրոն վարք դրսևորելու, միջոցներ կուտակելու փոխարեն, այդ միջոցները պիտի ուղղորդի Երկիր մոլորակի ապաքինմանն ու էկոհավասարակշռության վերականգնմանը: Ի վերջո, հարկ է գիտակցել, որ սա միայն մեր մոլորակի խնդիրը չէ, որ մեր «երկտարեցու» վարքը վտանգում է Տիեզերքի անվտանգությունը: Որքան շուտ երկրների ղեկավարները սա ընկալեն, այնքան ավելին կլինեն  նոր մարտահրավերների դիմակայման շանսերը: Սա պետք է հասկացնել աշխարհին։

- Տխուր բան եք ասում։ Մեծահարուստներից շատերը, իմանալով հանդերձ այդ վտանգների մասին, շարունակում են առաջնորդվել  խիստ եսասիրական՝ «Ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» լյուդովիկյան  արատավոր պատգամով…

- Մարդկությունն այսօր հասել է վտանգավոր հանգրվանի։ Հասկացե՛ք, ի վերջո, բնությունն անպատասխան ոչինչ չի թողնում։ Մենք ինքներս պետք է փոխվենք, ու հնարավորինս արագ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը՝  պահի լրջությունը  խորապես գիտակցելն ու՝ համարժեք քայլեր ձեռնարկելն է։ Հակառակ դեպքում մենք կդառնանք աշխարհում հացի համար  մղվելիք պատերազմների ականատեսն ու մասնակիցը…

Հ․ Գ․ Արբակ Խաչատրյանը՝ «Վերցրե՛ք ձեր ռումբերն ու հարվածեք կորանավիրուսին։ Անզոր եք», ասելիս, տեղում առաջարկեց վերը բերված կոլաժը։

Ծաղրանկարը՝ Հարություն Չալիկյանի

Զրուցը` scannews.am



 Պիտակներ
         Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon