Դեղին փոշին

Մտորման համար 10.04.2019   22:10   279
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գառնիկ պապի բոստանի դուռը լավ չէր փակվում: Կողպեքը տեղն էր, դուռն էլ՝ երկաթից, բայց լավ չէր փակվում: Դրսից երևում էր, որ դուռը փակ է, բայց մի քիչ չխչխկացնելուց հետո հեշտությամբ բացվում էր: Միանգամ փորձել էի: 

Գրետան Գառնիկ պապի սիրած կինն էր: Շենքի կանայք ասում էին՝սիրուհին է, մի մասն էլ՝ խորթ կինը:

Նրանք հանդիպում էին բոստանում: Նա մտածված լավ չէր փակում դուռը, որ սիրելին անաղմուկ գար մտներ ներս: Մի օր էլ իմացանք, որ ամուսնացել են։

Ընկեր Արմինեն դպրոցում էր աշխատում, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր։ Նա այնպես գեղեցիկ էր խոսում, որ անկախ թեմայից բոլորը լսում էին։ Իր թավշյա ձայնի համար նրան սիրուն Արմինե էին ասում, չնայած, նա այնքան էլ գեղեցիկ չէր։

Մեր Ալավերդում սովորույթ կա։ Երեկոյան վեցից կամ յոթից հետո բոլորը դուրս են գալիս բակ, նստում, խոսում, կիսվում օրվա տպավորություններով ու անպայման արևածաղիկ ուտում։ Շենքերը դատարկվում են։ Ոչ մի լույս չի վառվում այդ ժամերին, եթե մեկինն էլ վառվում է, բոլորով սկսում են քննարկել, թե ինչի է տանը մնացել։

Մի օր սովորականի պես նստած էինք բակում, ընկեր Արմինեն մի տետր ձեռքին եկավ ու խնդրեց մի քանի րոպե լսել իրեն։ Սկսեց կարդալ իր աշակերտներից մեկի շարադրությունը։

Աղջիկը գրել էր մի քաղաքի մասին, որտեղ շուրջը կանաչ է, խոտուծաղիկ։ Երկնքում արև կա, բայց խոնավ է ու ցուրտ։ Առավոտյան էլ դասի գնալուց երեխաները պարտադիր միշտ մի փոքր մրսում են։ Քաղաքը մառախլապատ է ու թվում է, թե ամեն րոպե կանձրևի։ Տեքստը դեռ չավարտած, Արտակը (ով միակն էր շենքում, որ բարձրագույն կրթություն էր ստանում) տեղից ելավ ու վստահ ասաց՝ Լոնդոնն ա, քիթս կտրեմ, թե Լոնդոնի մասին չի գրել էդ րեխեն։ Այդ օրվանից շենքում Ալավերդուն ասում էին Լոնդոն:

Հիշում եմ՝ ինչպես էր գործարանի ծխի պատճառով քաղաքի գլխին մառախուղ իջնում, բակում խաղալիս անգամ գազի համ էինք զգում բերանի մեջ ու ամեն անգամ ասում՝թուււ՜, էլի գործարանն աշխատացրել են։

Ամուսնությունից 8 ամիս անց Գրետան մահացավ կրծքի քաղցկեղից: Այդ տարում նա հինգերորդն էր, որը մահացավ նույն խնդրից։ Գառնիկ պապի մասին որոշ ժամանակ լուր չունեինք, հետո իմացանք, որ ամբողջ օրը բոստանում է անցկացնում, գիշերն անգամ այնտեղ է քնում, մաքրում է խնձորների, սալորների ու տանձերի վրայի փոշին։ Նա հատ առ հատ մաքրում էր իր աճեցրած բոլոր մրգերը։ Երևի այդպես մեղմացնում էր կորստի ցավը:

Արտաշ պապը 13 տարեկան է եղել, երբ ընկներներն առաջարկել են ծխել ու պայման դրել՝ ով չծխեց, մեզ հետ չէ։ Ինքն էլ ստիպված վախից ծխել է։ Դա իր կյանքում ծխելու միակ դեպքն է եղել։ Մենք երրորդ հարկում էինք ապրում, նա՝ առաջին։ Շենքը հինգհարկանի էր ու վերելակ չկար։ Ամեն անգամ ոտքով բարձրանալիս լսում էի, թե ինչպես է անդադար հազում, թվում էր չի կարողանում անգամ շունչ քաշել։ Ականջներս ձեռքերով փակում էի նոր անցնում դռան մոտով, որ չլսեմ նրա հայհոյանքները։ Ընդհանրապես նա բարի մարդ էր։ Գրպանում միշտ կոնֆետ էր պահում ու երեխա տեսնելիս առաջարկում, միայն թե կոնֆետները անանուխի սուր համ ունեին, շնչառությունը բացելու համար էին, ուտել չէր լինում։

Արտաշ պապը շատ չէր երևում դրսում։ Բակի տղամարդկանց հետ մեկ-մեկ նարդի ու թուղթ էր խաղում, բայց քանի որ բոլորը ծխում էին, իսկ ինքն էլ ծխից խեղդվում էր, շուտ թողնում գնում էր կամ տուն, կամ էլ Գառնիկ պապու բոստան։ Նրա համար այս կյանքում կարծես ամեն բան պարզ էր, ամեն հարց պարզված ու ամեն խնդիր լուծված, բացի մեկից՝ ինչպե՞ս ստացվեց, որ կյանքում մեկ ծխախոտ ծխելով թոքերը հիվանդացան։ Նրա հետ ինչից ուզում էիր կարող էիր խոսել, բայց կարծես պարտադիր էր դարձել խոսակցութունից հետո իր հետ միասին իր հիվանդության մասին խորհելը։ Նա աշխատել էր պղնձամոլիբդենի գործարանում, միշտ հետաքրքիր պատմություններ էր պատմում, օրինակ՝ թե ինչպես էր տարիներով աշխատել առանց շնչառական օրգանները պաշտպանող դիմակի ու իրեն ոչ ոք ոչինչ չէր կարողացել ասել։

Ճիշտն ասած, նա հպարտորեն էր դրա մասին խոսում ու բավականություն ստանում բակի տղա երեխաների արձագանքից։ Մարդիկ միշտ ուզում են հիշվել, կապ չունի թե ինչպես, կապ չունի թե ինչ գնով, միայն թե իրենցով հիանան, զարմանան ու հիշեն…միշտ։

Նա շնչել էր ամեն հնարավոր վտանգավոր նյութ, ու զարմանում էր, թե ինչպես է օրական չորս տուփ ծխախոտ ծխող Գրիշան իրենից առողջ։ Նա առողջ էր համարում այն մարդկանց, ովքեր իր պես չէին հազում ու օդի պակասից չէին խեղդվում Օձունի անտառներում նստած։

Ասում են, երբ հիվանդությունը հայտնաբերվել էր, բժիշկներն ասել էին, որ գնար ուրիշ տեղ ապրեր: Չէր համաձայնվել: Ասել էր, որ ինքը առանց Լոռվա հող ու ջրի չի կարող ապրել ու մնացել էր քաղաքում: Հետո պարգևատրվել էր որպես պղնձամոլիբդենային գործարանի լավագույն աշխատող շքանշանով, ասում էր՝ էսքանից հետո ես ո՞նց գնամ ուրիշ տեղ ապրեմ: Մի քանի օր հետո նա մահացավ թոքերի քաղցկեղից:

Իշխան քեռին պապիս մանկության ընկերն է: 20 տարեկանում ընտանիքով մեկնել էին Մոսկվա: Հայաստան եկել էր 50 տարեկանում: Պապս պատմում է, որ Հայաստանի տարբեր մարզերով շրջելուց հետո, երբ եկել էին Ալավերդի, բոլորին հայտարարել էր, որ Հայաստանի ամենամաքրասեր կանայք Լոռվա մարզի Ալավերդի քաղաքում են, որովհետև աչքը երբ տեսել էր, կտորը ձեռքներին ինչ-որ բան մաքրելիս են եղել: 

90-ականներին իսկապես այդպես էր: Կանայք անդադար ամեն բան մաքրում էին, ամեն մեկի ձեռքին միշտ մի կտոր էր լինում: Լուսամուտագոգերին փոշի էր նստում, սեղանների վրա փոշու այնպիսի շերտ կար, որ կարելի էր նկարչություն անել վրան: Կանայք պարզապես պայքարում էին իրենց ընտանիքներիառողջության համար, նրանք տագնապած ամեն րոպե մաքրում էին այդ չարաբաստիկ դեղին փոշին:

Գործարանից արտանետված ծծումբն էր: Այդ դեղին փոշին նստում էր անգամ մոշի ու ազնվամորու վրա, որոնք երևանցիները Ալավերդու ճանապարհներից գնում էին ու որպես մաքուր պտուղ, իրենց հետ տանում քաղաք ու բոլորի մոտ գլուխ գովում, որ կարողացել են Ալավերդում ազնվամորի գնել:

Գառնիկ պապի բոստանի դուռը փակ է: Ոչ մի ծառ չի մնացել, բոլորը չորացել են, ինքն էլ՝ տխրելու տեղ չունի, ասում է, որ դեղնավուն փոշու մեջ կորած մրգերն այլևս պետք չէին իրեն։ Կնոջ մահվան տարին վերջինն էր, երբ բերքը վաճառքի հանեց։ 

Հետո եկավ ձմեռն ու բոստանի դուռն ընդմիշտ փակվեց։

Մարիամ Ղարդյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարիամ Ղարդյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon