«Ձայների փոշիացման» մասին

Տեսանկյուն 04.06.2021   12:00   111

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Երեկ էլի եմ լսել քարոզչական սև հնարքը, թե մեդիայի կողմից լիդեր հռչակված կուսակցություններին չտրվող ձայները կարող են փոշիանալ։ Մի անգամ էլ դրա մասին տեքստային տարբերակով ասեմ.

✅ Ձայները փոշիանում են, երբ ձեր ձայնը բաժին է հասնում նրան, ում դուք հակված չէիք այլ պարագայում ընտրել։ Եթե դուք հակված եք ընտրել, օրինակ՝ ՔՈ (Քաղաքացու որոշում) կուսակցությանը, բայց ձայնը այս կամ այն պատճառով տալիս եք այլ կուսակցության, այդ ձայնը փոշիանում է։

✅ Դուք մտածում եք, որ դա ճիշտ է և ողջամտության կանխավարկածով պետք է որ քաղաքացիների մեծամասնությունը «ճիշտ» վարվի։ Սակայն, եթե քաղաքացիները «ճիշտ» վարվեն (քվեն տալով նրան, ում չեն ուզում), ապա ի սկզբանե էլ խորհրդարան անցնող ուժը կստանա քվեներ, որոնք իրենը չէին։ Խորհրդարանական այդ ուժը չի ունենա այն լեգիտիմությունը, որ նրան պետք է վստահ որոշումներ կայացնելու համար, որովհետև իրեն ընտրողները իր գաղափարների հիմքով չեն ընտրել և անընդհատ ճնշելու են։ Ընտրողներն էլ շարունակաբար հիասթափվելու են, քանի որ խորհրդարանում տեսնելու են ուժի, որն իրենց ուզածը չի անում/խոսում։ Այդ «ճշտով» դուք արջի ծառայություն եք մատուցում և՛ ձեզ, և՛ այն ուժին, որին կընտրեք այդ հիմքով։

✅ Խորհրդարանական այդ ուժը ձեր քվեն անընդհատ մտցնելու է ձեր իսկ աչքը՝ պնդելով, որ մեծ լեգիտիմություն ունի, այնինչ նրան անարդարացիորեն բաժին են հասել քվեներ, որոնք ըստ էության իրենը չէին ու դուք ստիպված լռելու եք։

✅ Եթե ընտրությունը միշտ կատարվեր հիմքում ունենալով պատվիրված «սոցիոլոգիական հարցումները», թե ով է անցնում ԱԺ, ով՝ ոչ, ապա երկրում երբեք որևէ բան չէր փոխվի։ Եթե դուք ուզում եք փոփոխություններ, ապա համարձա՛կ քվեարկեք նրանց օգտին, ովքեր գոնե չեն եղել ԱԺ-ում և կառավարությունում։ Կառավարման օղակում եղածների գործունեության հետևանքներն ենք «վայելում» բոլորս։ Եթե երկրում ստեղծված խայտառակ վիճակը ձեզ դուր չի գալիս, փոխե՛ք այն՝ ԱԺ ուղարկելով ուժերի, որոնց կառավարման հետևանքը չի այն, ինչ մենք այսօր տեսնում ենք։

Ձեր ձայնը տվեք նրան, ում ուզո՛ւմ եք տալ, ում ծրագրերը ձեզ դուր են գալիս։ Ձայնը տվեք հանուն այդ ծրագրերի, հանուն երազանքի, հանուն ավելի լավ ապագայի, ոչ թե ընդդեմ նրանց, ում չեք ուզում տեսնել ՀՀ Ազգային ժողովում։ Հակառակն արդար չէ՛։ Ձե՛ր քվեով է որոշվելու Հայաստանի ապագան և ձեր ձայնը չի՛ փոշիանալու։


 Պիտակներ
         «Քաղաքացու որոշում»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb