Դավիթ Անհաղթը կազմել է պատմության առաջին թվաբանական խնդիրների ժողովածուն

Հայեր 03.05.2021   20:00   154

Աշխարհում առաջին թվաբանական խնդիրների գիրքը կազմել է V-VI դարի հայ փիլիսոփա, գիտնական, մաթեմատիկոս Դավիթ Անհաղթը։ Խնդիրների ժողովածուի նմուշը պահպանվում է Երևանի Մատենադարանում։

Դավիթ Անհաղթի մասին կենսագրական տվյալները շատ քիչ են։ Ըստ հին աղբյուրների՝ նա ծնվել է մոտավորապես V դարի 70-ական թվականներին Արևմտյան Հայաստանում՝ Տարոն գավառի Ներգին գյուղում։ Հենց այդ պատճառով էլ ձեռագրերում հաճախ հիշատակվում է որպես Դավիթ Ներգինացի։ Ուսանել է Ալեքսանդրիայում և Աթենքում։

Երկար ժամանակ սովորել է, այնուհետև փիլիսոփայություն է դասավանդել Ալեքսանդրիայի գիտական ու փիլիսոփայական ամենախոշոր կենտրոններում։ Աթենքում ու Կոստանդնուպոլսում բանավեճերի է մասնակցել բյուզանդացի գիտնականների հետ՝ մշտապես հաղթանակներ տանելով, որի համար էլ ստացել է «Անհաղթ» մականունը։

Արևտյան գրականությունում հիշատակվում է նաև Դավիթ Հայ անունով։ Փիլիսոփայության նպատակը, ըստ Դավիթ Անհաղթի, փնտրտուքները, չարից փախչելու ճանապարհներ գտնելն ու հոգևոր կատարելության հասնելն է։ Գիտելիքներն ինքնանպատակ չեն. դրանք պետք է ծառայեն մարդու հոգևոր աճին։

Հոգու մասին գիտությունում Դավիթ Անհաղթը զարգացրել է նեոպլատոնական մտքեր։ Նրա տրամաբանական կառույցները դիալեկտիկական մտքեր են բովանդակում։ Հայկական միջնադարյան փիլիսոփայությունում, որը կապված է աստվածաբանության հետ, Դավիթ Անհաղթի ներդրումը հսկայական է, քանի որ նա է դրել դրա ռացիոնալ սկիզբը։

Ըստ ավանդության՝ Դավիթ Անհաղթը բազմաթիվ երգեր է հորինել եկեղեցու համար։ «Սահմանք իմաստասիրութեան» մեջ կան երգ-երաժշտությանը վերաբերող թեև ոչ ծավալուն, բայց նշանակալից ասույթներ, որոնք առիթ են տվել զանազան մեկնությունների և, այդպիսով, խթանել ազգային երաժշտագիտության զարգացմանը։ Տեսության մեջ Դավիթ Անհաղթը, ձայների հարաբերությունները հանգեցնելով քանակային հարաբերությունների, հիմնավորել է քանակի կատեգորիայի խաղացած վճռական դերը երաժշտության մեջ, որով և վերջինս կապվում է թվաբանության, երկրաչափության և աստղաբաշխության հետ։ Դավիթ Անհաղթը հայ միջավայրում ընդունելի է դարձրել երաժշտության տեսության ուսուցումը բարձրագույն կրթական ծրագրերով նախատեսելու գաղափարը։


 Պիտակներ
         Դավիթ Անհաղթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb