Դավաճանը դուք եք․ Փաշինյանը՝ Քոչարյանին

Քաղաքական 14.04.2021   11:55   61

Առնվազն 2011 թվականից սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը հայկական կողմի առաջ դրել է խնդիր՝ ավելի շատ զիջումներ անել, որ Ադրբեջանին բերեն կառուցողական դաշտ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը:

Նա հայտնեց՝ բանակցային փաթեթներում եղել է հանրաքվեի դրույթ և ասվել է, որ հանրաքվեն պետք է արտահայտի ԼՂ ամբողջ բանակչության ազատ կամարտահայտումը, բայց չկա ընդգծում՝ որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, ինչը սկզբունքային կարևոր հարց է.

«Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ միջազգայնորեն ճանաչված իր տարածքի որևէ հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում»:

Փաշինյանի պնդմամբ՝ 2016 թվականին ապրիլյան պատերազմն սկսվել է այն բանից հետո, երբ Հայաստանը մերժել է Ադրբեջանի պահանջը՝ հրաժարվելու մադրիդյան սկզբունքներով նախատեսված միջանկյալ կարգավիճակի կետից.

«Ապրիլից 2-ից երկու ամիս առաջ միջնորդների կողմից հստակ առաջարկ է եղել, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումից, հայկական կողմը հրաժարվել է, դրանից երկու ամիս անց սկսվել է պատերազմը, որ տարածքային կորուստներով կանգնեցնելուց հետո, ըստ էության, պիտի դառնար միջանկյալ կարգավիճակի հրաժարումից պարտադրում»։

Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այն պնդմանը, թե Ադրբեջանին այլ շանս չի թողնվել, քան պատերազմը.

«Սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որը արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության և բանակցային տրամաբանությունը: Հայկական կողմը ունեցել է խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ կհասնի նրան, ինչ ուզում է: Իսկ ինքը ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում, երբ 20 տարի դու հույս ես տալիս, գալիս է պահը, որ այդ հույսը պիտի արդարացնես։

Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը դուք եք:

Ըստ Փաշինյանի՝ հայ ժողովրդին ներշնչվել է, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավունքներից, Արցախյան շարժման ձեռքբերումներից.

«Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակերում ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, այլ նաև երաշխիք են տվել, այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն էր»:

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է, Փաշինյանն արձագանքում է.

«Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և 97-98 թվականներին եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որը կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելն է, եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո՛, նրա օրոք Հայաստանի խորհրդանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիճյանին, Արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանը արդյունաբերական երկիր դարձրած առաջնոդին, այո դա տեղի կունենար, միայն եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb