Դատախազությունը՝ նորածին երեխային փոխելու դիմումի վերաբերյալ

Իրադարձային 13.02.2020   13:13   201

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ տեղեկացնում եմ, որ 2020թ. հունվարի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն է ստացվել Նաիրա Այվազյանի կողմնից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում վերջինիս նորածին երեխային փոխելու վերաբերյալ դիմումը։

Նույն օրը դատախազություն էր ստացվել նաև Նաիրա Այվազյանի ներկայցուցիչ փաստաբան Սուսաննա Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ նախկինում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը։
Դիմումի և միջնորդության քննարկման ընթացքում պահանջվել և ՀՀ քննչական կոմիտեի արխիվից ստացվել, ուսումնասիրվել է այդ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով հարուցված և հանցակազմի բացակայության հիմքով 29.12.2017թ. վարույթը կարճված քրեական գործը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան, ինչպես նաև անցել են ՀՀ քրեական դատավարությա օրենսգրքի 263-րդ և 21-րդ հոդվածներով սահմանված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման համար նախատեսված ժամկետները։

Սակայն նկատի ունենալով, որ դիմումում և միջնորդության մեջ նշված է եղել այն մասին, որ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում Նաիրա Այվազյանի նորածին երեխան փոխվել է, ինչն իր մեջ կարող է պարունակել ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ՝ Նաիրա Այվազյանի դիմումը և Սուսաննա Սարգսյանի միջնորդությունը 31.01.2020թ. ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և այդ շրջանակներում դիմումի ու միջնորդության մեջ վերը հիշատակված հանգամանքներում հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը ստուգելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նաիրա Այվազյանն իր բացատրությամբ պնդել է, որ իր երեխային ծննդաբերությունից հետո փոխել են, քանի որ նախաքննության ընթացքում ինքը երեխայի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը չի ծանոթացել: Նշել է, որ վերոնշյալ փորձաքննության եզրակացությանը ծանոթացել է վերջերս իր փաստաբանի հետ, ինչից համոզվել է, որ իր երեխային փոխել են, քանի որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության լուսանկարներում պատկերված մահացած երեխան այն երեխան չէ, որին իրեն ցույց են տվել ծննդաբերությունից անմիջապես հետո:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՌԴ-ից նույնաբովանդակ դիմում է ստացվել Ն.Այվազյանի ամուսնուց:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հանցագործության հատկանիշներ և դրանք անհրաժեշտ է պարզել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ՝ դատավարական, քննչական և օպերատիվ-հետախուզական առավել լայն գործիքակազմի կիրառմամբ, փետրվարի 13-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ»։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon