Դատաստանի օրվա ժամերը

Աշխարհ 30.01.2019   23:30   336

Դատաստանի օրվա ժամերը (Doomsday Clock) Չիկագոյի համալսարանի «Ատոմային գիտնականների տեղեկագիր» պարբերականի նախագիծն է։ Նախագիծը սկսել են առաջին ամերիկյան ատոմային ռումբերի ստեղծողները 1947 թվականին։ Հանդեսի շապիկին պարբերաբար ժամերի նկար է տեղադրվում, որը ցույց է տալիս կեսգիշերից մի քիչ պակաս։ Մինչև կեսգիշեր մնացած ժամանակն էլ խորհրդանշում է միջազգային իրավիճակի լարվածությունն ու միջուկային սպառազինության զարգացումը։ Կեսգիշերը խորհրդանշում է միջուկային կատակլիզմի պահը։

Ժամի սլաքները փոխելու որոշումը ընդունում է տնօրենների խորհուրդը՝ հատուկ հրավիրված փորձագետների՝ մասնավորապես Նոբելյան մրցանակի 18 հավակնորդների օգնությամբ։

Ժամի րոպեի սլաքների տատանումը

Նախագծի 70-ամյա պատմության ընթացքում ժամի սլաքներն իրենց դիրքը փոխել են 22 անգամ՝ ներառյալ 1947 թվականի 7 րոպե պակաս նախնական դիրքը։ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի ժամանակ աշխարհին միջուկային պատերազմից երկու քայլ էր բաժանում։ Քանի որ ճգնաժամը շատ արագ կարգավորվեց (38 օրվա ընթացքում), ժամերը չհասցրեցին արձագանքել և նրանց ցուցիչները չփոխվեցին։ 1960-1963 թվականները ժամերը 7 պակաս էին ցույց տալիս (1963-ից այդ ժամանակահատվածը մեծացվեց մինչև 12 րոպե)։

1947 թվական, 23։53 - Դատաստանի օրվա առաջին հաստատումը։

1949 թվական, 23։57 - Խորհրդային Միությունը փորձարկեց իր առաջին միջուկային ռումբը։

1953 թվական, 23։58 - ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը 9 ամսվա տարբերությամբ փորձարկում են իրենց ջերմամիջուկային ռումբերը։ Այս պահին դա սլաքների՝ կեսգիշերին ամենից մոտ գրանցված դիրքն է։

1960 թվական, 23։53 – Միջազգային հանրության գիտակցումը միջուկային պատերազմի իրական սպառնալիքների մասին։

1963 թվական, 23։48 – ԱՄՆ-ի ու Խորհրդային միության կողմից միջուկային զենքի փորձարկումն արգելող համաձայնության ստորագրումը։

1968 թվական, 23։53 – ԱՄՆ-ը զորքեր է մտցնում Չեխոսլովակիա։ Ֆրանսիան ու Չինաստանը ստեղծում ու փորձարկում են իրենց միջուկային զենքերը (համապատասխանաբար 1960 և 1964 թվականներին), պատերազմի սկիզբը Մերձավոր Ալևելքում, Հնդկաստանում ու Վիետնամում։

1969 թվական, 23։50 – ԱՄՆ-ի սենատը վավերացնում է միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը։

1972 թվական, 23։48 – ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը ստորագրում են ռազմավարական զենքի սահմանափակման ու հակահրթիռային պաշտպանության սահմանափակումների մասին պայմանագիրը։

1974 թվական, 23։51 – Հնդկաստանը փորձարկում է իր առաջին միջուկային զենքը՝ «Ժպտացող Բուդդան»։ Երկու գերտերությունների միջև հարաբերությունները կրկին սառում են։ Ռազմավարական զենքի սահմանափակման համաձայնության քննարկումները կանգ են առնում։

1980 թվական, 23։53 – Անկայուն միջազգային դրություն, որը թեժացնում են նացիոնալիստական պատերազմներն ու ահաբեկչական ակտերը։

1981 թվական, 23։56 – Սպառազինության մրցավազք, Աֆղանստանում ու Հարավային Աֆրիկայում պատերազմի ծավալում։

1984 թվական, 23։57 – Սպառազինության մրցավազք, Ռոնալդ Ռեյգանի կոնֆրոնտացիայի սրացմանն ուղղված քաղաքականության հետագա ծավալում։

1988 թվական, 23։54 – Միջազգային լարվածության լիցքաթափում։ 1987 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը ստորագրեցին «Հեռու ու մոտ տարածությունների համար նախատեսված հրթիռների չեզոքացման մասին» պայմանագիրը։

1990 թվական, 23։50 – Բեռլինի պատի անկումը, Արևելյան Եվրոպայում «թավշե» հեղափոխությունները, Սառը պատերազմը մոտենում է ավարտին։

1991 թվական, 23։43 – ԱՄՆ-ի ու Խորհրդային Միության միջև ստորագրվում է ռազմավարական զենքի կրճատման մասին պայմանագիրը։ Սառը Պատերազմի ավարտը։ Այս պահին սա ժամերի պատմության մեջ նրա սլաքների՝ կեսգիշերից ունեցած ամենահեռավոր դիրքն է։

1995 թվական, 23։46 – Նախկին Խորհրդային Միության երկրներից «ուղեղների» ու միջուկային տեխնոլոգիաների արտահոսք։

1998 թվական, 23։51 – Հնդկաստանի ու Պակիստանի կողմից միջուկային զենքի ցուցադրական փորձարկումներ։

2002 թվական, 23։53 – Ահաբեկչական ակտերի ֆոնի վրա ԱՄՆ-ը հրաժարվում է ավելի վաղ ստորագրված հակահրթիռային պաշտպանության սահմանափակման մասին պայմանագրից ու պլանավորում է ծավալել ազգային հակահրթիռային պաշտպանությունը։

2007 թվական, 23։55 – ԱՄՆ-ը ու Ռուսաստանը շարունակում են մնալ միջուկային գրոհի մշտական պատրաստության վիճակում։ Շարունակվում է ԿԺԴՀ-ի ու Իրանի միջուկային ծրագրերի զարգացումը։ Կլիմայի գլոբալ փոփոխությունը տեսանելի վտանգ է ներկայացնում մարդկության համար։

2010 թվական, 23։54 – Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ծավալման ծրագրերից հրաժարվելու ԱՄՆ որոշումը։ Մոսկվայի հետ СНВ-ի պայմանագրի նոր վերսիայի ստորագրման մասին բանակցությունները։ Ջերմոցային գազեր արտանետելու ծավալները նվազեցնելու մասին խոստումներ։

2012 թվական, 23։55 – Միջուկային զենքի սահմանափակման ու չտարածման հարցում ոչ մեծ առաջընթաց։ Կլիմայի փոփոխության հարցերում անգործության իրավիճակը շարունակվում է։

2015 թվական, 23։57 – Կլիմայի կատաստրոֆիկ փոփոխության հետ կապված միջուկային վտանգների սահմանափակման հարցում առաջընթացի բացակայություն։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը միջուկային տրիադայի սպառազինության արդիականացման ծրագրեր են բաց թողնում, ինչն էլ նպաստում է սպառազինության նոր մրցավազքին։ Աշխարհի գերտերությունների հիմնական գերխնդիրը՝ մարդկության առողջությունն ու զարգացումը ապահովելու անկարողությունը, ինչպես նաև Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև տնտեսական վեճերը Արևելքի ու Արևմուտքի միջև հակամարտության վերաճելը, ինչն էլ խանգարում է ողջ աշխարհի միջուկային անվտանգությունն ապահովելը, զենքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնելն ու դրանց տարածումը կանխելը։ 

2017 թվական, 23։57 – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային զենքի մասին հայտարարությունն ու կլիմայական փոփոխությունները հերքելը, ինչպես նաև աշխարհում նացիոնալիստական տրամադրությունների աճը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         դատաստանի օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon