Դատարանը մերժել է Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը

Օրենքի ուժով 06.04.2021   13:06   88

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դատական կարգով վիճարկել է իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Մարտի 23-ին նա երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի։

Ներկայացված երկրորդ հայցադիմումով Տիրան Խաչատրյանը պահանջում է անվավեր ճանաչել ՊՆ նախարարի՝ փետրվարի 26-ի հրամանը, որի համաձայն՝ գեներալ-լեյտենանտ Խաչատրյանը թողնվել է կադրերի ռեզերվում։ Բացի դա՝ հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել նաև մարտի 15-ի հրամանը, որով նախարարը ետ է կանչել Խաչատրյանին արձակուրդից և հանձնարարել ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար գեներալ-լեյտենանտ Գալստյանին՝ անձնակազմի ցուցակից դուրս հանել Տիրան Խաչատրյանին։

Խաչատրյանը նաև պահանջում է դատարանից՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելու և իրեն ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնել, որպես ածանցյալ պահանջ՝ Տիրան Խաչատրյանին ներառել ՀՀ պաշտպանության նախարարության 10950 զորամասի անձնակազմի ցուցակներում և բոլոր տեսակների բավարարումները տրամադրելու մասին։

Նշված հայցադիմումը մակագրվել է Դանիել Դանիելյանին, որը մարտի 30-ին վարույթ է ընդունել այն։ Բացի դա՝ Խաչատրյանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշելով, որ հայցվորի հայցի ժամանակավոր բավարարումը, կարող է ապահովել ինչպես հայցվորի արդար դատաքննության իրավունքի գործնականում արդյունավետ իրացման հնարավորությունը, այնպես էլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործունեությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը թափուր չի լինի, և այդ հարցում առկա կլինի որոշակիություն, հետևաբար նշված միջոցի կիրառումն ուղղված է բացառապես հետագայում հայցի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի կատարման ապահովմանը:

Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում բացակայում է ներքին համոզմունք այն մասին, որ պատասխանողին բարենպաստ վարչական ակտ ընդունելու և Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցի ապահովման համար միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել տվյալ պահանջի շրջանակներում գործով կայացվող դատական ակտի կատարման անհնարինությանը կամ կդժվարացնի դրա կատարումը, ուստի Դատարանը գտնում է, որ հայցվոր Տիրան Խաչատրյանի կողմից ներկայացված հայցի ապահովման մասին միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանը դատական նիստի օր է նշանակել մայիսի 4-ին՝ ժամը 11։30-ին։


 Պիտակներ
         Տիրան Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb