Դատարանում կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Իրադարձային 17.12.2019   12:15   184

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում մի խումբ անձինք իրեն հայհոյել են, քաշքշել, ջրի տարայով հարվածել դեմքին:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս երկուսի ինքնությունը, որոնցից մեկն Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, իսկ մյուսը՝ Երևանի բնակիչ՝ ծնված 1990 թվականին:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 13-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում երեք անձինք, բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հասարակության նկատմամբ  դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Այսպես՝ Երևան քաղաքի բնակիչները՝ ծնված 1991 և 1968թթ., ինչպես նաև Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը, գտնվելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում, իրենց սեփական անձի կարծեցյալ գերակայությունն ու առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության և դատական կարգադրիչների՝ իրենց խուլիգանական գործողությունները դադարեցնելու և անձի իրավունքները չսահմանափակելու պահանջներին, խմբի կազմում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է հավաքի մասնակցի՝ Երևան քաղաքի՝ 62-ամյա բնակչի ազատ տեղաշարժվելու, դատարանի շենքում գտնվելու իրավունքները սահմանափակելու, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով:

Նախաքննությամբ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը ցուցապաստառը խլելու և ոչնչացնելու նպատակով հետևից մոտեցել է 62-ամյա տղամարդուն:

Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բարձրաձայն պահանջելով դատարանի շենքից դուրս հանել, մոտեցել և խլել է նրա ձեռքում գտնվող ցուցապաստառը ու ոչնչացրել այն, իսկ 51-ամյա տղամարդն իր ձեռքում գտնվող շշով հարվածել է 62-ամյա տղամարդու աջ այտին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Արդյունքում նաև խախտվել է դատարանի, ինչպես նաև՝ այնտեղ հասարակական կարգը ապահովելու նպատակով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների ու դատական կարգադրիչների բնականոն աշխատանքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին և 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը ՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է միջադեպի մասնակից երրորդ անձին՝ 51-ամյա տղամարդուն, ապա նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է 2019թ. սեպտեմբերին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon