Դասը վարում է Աբրահամ Լինքոլնը
Աբրահամ Լինքոլնի նամակն իր որդու ուսուցչին
Հարկավ, ես հասկանում եմ, որ նա պետք է գիտակցի, որ բոլոր մարդիկ չէ, որ արդար են, որ նրանցից ոչ բոլորն են անկեղծ: Այդուհանդերձ, սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, ապա կա նաև հերոս, եսասեր քաղաքական գործչի կողքին՝ կա նաև նվիրյալ առաջնորդ:
Սովորեցրեք նրան, որ եթե կա թշնամի, ուրեմն կգտնվի և ընկեր: Ես գիտեմ, որ սա գիտակցել տալու համար Ձեզնից երկար ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, նրան հասկացրեք նաև, որ վաստակած մեկ դոլարը՝ գտած հինգ դոլարից ավելի արժեքավոր է:
Նրան խաղալ, ինչպես նաև՝ հաղթանակները վայելել սովորեցրեք: Հնարավորինս հեռու պահեք նախանձից, փոխանցեք բարեմիտ ծիծաղի խորհուրդը:
Թույլ տվեք, որպեսզի նա հնարավորինս արագ հասկանա, որ զոռբաներին հաճոյանալն ամենահեշտ բանն է: Եթե Ձեզ հաջողվի, նրան դրդեք հետաքրքրվել գրքերով…
Ազատ ժամանակ տրամադրեք, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերում երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտում աճող ծաղիկների մասին:
Դպրոցում եղած ժամանակ նրան սովորեցրեք, որ խաբելուց ավելի պատվաբերը՝ անհաջողությունը համբերատար տանելն է …
Նրան սեփական գաղափարներին վստահել սովորեցրեք, եթե անգամ կողքիններն այն համոզմանն են, թե նա սխալվում է…
Սովորեցրեք նրան լինել մեղմ՝ գթասիրտ մարդկանց, և դաժան՝ տմարդիների հետ: Փորձեք տղայիս անհրաժեշտ ուժ հաղորդել, որպեսզի նա չհետևի, առավել ևս՝ չտրվի հաղթողի կողմն անցած ամբոխին…
Սովորեցրեք նրան լսել բոլոր մարդկանց և լսածը դիտարկել ճշմարտության տեսանկյունից ու վերցնել միայն դրանցից լավը:
Եթե կարող եք նրան տխուր պահերին ծիծաղել սովորեցրեք: Նրան գիտակցել տվեք, որ արտասվելն ամենևին էլ ամոթ չէ: Նրան մարդահաճությունից խուսանավել և ցինիկների վրա ծիծաղել սովորեցրեք:
Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել սիրտն ու հոգին:
Սովորեցրեք նրան ականջալուր չլինել ոռնացող ամբոխին,բայց և սովորեցրեք տեր կանգնել ասածին ու պայքարել, եթե համարում է, որ դա է ճիշտը:
Նրա հանդեպ վարվեք մեղմ, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են ի դերև գալիս պողպատի լավագույն հատկանիշները:
Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող (վատ բաների հանդեպ): Խիզախ դառնալու համար նրան թույլատրեք լինել համբերատար:
Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում միայն նա մարդկության հանդեպ հավատ կունենա:
Հասկանում եմ, այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք ինչ կարող եք անել… Որովհետև իմ որդին շատ լավն է …
Թարգմանությունը՝ Նաիրա Գևորգյանի
Նմանատիպ նյութեր