Դաստիարակված մարդու 8 հատկանիշ․ Անտոն Չեխով

Դասեր 31.05.2021   19:00   211

Ավելի քան հարյուր տարի առաջ ռուս հայտնի գրող Անտոն Չեխովն այս նամակը գրել է իր եղբորը, ով տաղանդավոր նկարիչ էր, բայց տառապում էր հարբեցողությամբ:

Անտոնին շատ էր մտահոգում եղբոր հիվանդությունը, նրան զայրույթ էր պատճառում նաև եղբոր արհամարհական վերաբերմունքն իր տաղանդի հանդեպ:

Ահա նրա զգացմունքային նամակը, որն անպայման պետք է ընթերցի յուրաքանչյուր մարդ: Սա նամակ է ոչ միայն հարբեցողությամբ տառապողների, այլև այն մարդկանց համար, ովքեր թուլություն են դրսևորում՝ խղճահարություն առաջացնելով ու արդարանալով, թե «մեզ ոչ ոք չի հասկանում»: Այդպիսով նրանք վնասում են ոչ միայն իրենց, այլև հարազատ  մարդկանց, ովքեր անտարբեր չեն նրանց նկատմամբ:

Հատված նամակից

Դու հաճախ ես բողոքում, որ քեզ ոչ ոք չի հասկանում: Նման բողոք նույնիսկ Գյոթեն ու Նյուտոնը չունեին: Բողոքում էր միայն Քրիստոսը, բայց ոչ թե սեփական եսի, այլ իր ուսմունքը չհասկանալու համար: Քեզ բոլորը հիանալի հասկանում են: Ուրիշ հարց է, որ դու ինքդ քեզ չես հասկանում, և դա մյուսների մեղավորությունը չէ:

Հավատացնում եմ քեզ, որ և՛ որպես եղբայր, և՛ որպես քեզ շատ հարազատ մարդ, հասկանում ու կարեկցում եմ քեզ:

Ես գիտեմ քո բոլոր լավ կողմերը հինգ մատի պես ու գնահատում եմ դրանք: Եվ որպես ապացույց կարող եմ թվարկել այդ հատկանիշները: Դու չափազանց բարի ես, մեծահոգի ու անկեղծ, նախանձությունն ու ատելությունն օտար են քեզ համար: Դու ի վերուստ օժտված ես տաղանդով, որը շատերը երազում են ունենալ և չունեն:
Քո միակ թերությունը քո անդաստիարակությունն է:

Իմ կարծիքով դաստիարակված մարդիկ այսպիսին են՝

1. Նրանք հարգում են դիմացինին, այդ պատճառով հանդուրժող են, զիջող ու քաղաքավարի:  

2. Նրանք կարեկցում են ոչ միայն մուրացկաններին ու կատուներին: Նրանք տառապում են այն բանի համար, ինչ սովորական անզեն աչքով տեսանելի չէ:

3. Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, այդ պատճառով վճարում են պարտքերը: Դաստիարակված մարդիկ անկեղծ են, վախենում են ստից այնպես, ինչպես կրակից: Սուտը վիրավորանք է լսողի համար և նվաստացնում է խոսողին:

4. Նրանք փողոցում էլ ունեն նույն վարքագիծը, ինչ տանը: Շատախոս չեն, խոսակցության մեջ չեն ընկնում ու կարողանում են լռել:

5. Նրանք չեն ոչնչացնում իրենց ուրիշների մոտ խղճահարություն ու կարեկցանք առաջացնելու նպատակով: Երբեք չեն ասում. «Ինձ չեն հասկանում»:

6. Նրանք ճղճիմ չեն. չեն տարվում կեղծ ադամանդներով, ինչպես օրինակ հայտնիների հետ ծանոթանալն է:

7. Նրանք հարգում են իրենց ունեցած տաղանդը և հանուն դրա զոհաբերում են հանգստությունը, կանանց, գինին:

8. Նրանք իրենց մեջ սերմանում են էսթետիկան. չեն կարող քնել ու արթնանալ հագուստով: Նրանց հետաքրքրում է ոչ թե կինն անկողնում, ով կարող է կեղծ հղիության լուրեր տարածել ու անվերջ ստել, այլ թարմությունը, շնորհն ու մարդկայնությունը:

Մոսկվա, 1886 թ.
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb