Դասադուլ Գյումրու թիվ 25 դպրոցում

Իրադարձային 02.02.2021   12:44   59

Եղիշե Չարենցի անվան Գյումրու թիվ 25 դպրոցի աշակերտների ծնողներն այսօրվանից՝ ի նշան բողոքի, հրաժարվել են երեխաներին դպրոց տանել։ Նրանք այս մասին երեկ նախազգուշացրեցին նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։

Aravot.am-ի հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ երեխաներին դպրոց չեն տանի այնքան ժամանակ, մինչև լսելի կդառնա իրենց բողոքը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կվերանայի Իրինա Բաղդասարյանին տնօրեն նշանակելու իր որոշումը։ Նա նաև նշեց, որ սկսվել է ստորագրահավաք։

Թե՛ դպրոցի անձնակազմի, թե՛ ծնողների բողոքը կապված է տնօրենի պաշտոնում այս դպրոցի հետ առնչություն չունեցող Իրինա Բաղդասարյանին նշանակելու հետ։ Նրանք պահանջում են տնօրեն նշանակել նույն դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին, որը մրցույթում երկու ձայն ավելի է հավաքել Իրինա Բաղդասարյանից։

Գյումրու լավագույններից մեկը համարվող այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել այս երկուսը՝ նույն դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը և Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը։ Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն, ուստիև, ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետը։ Տիգրան Ավինյանն էլ նախապատվությունը տվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։ 


 Պիտակներ
         դասադուլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb