Չինաստանում արգելել են BBC World News հեռուստաալիքի հեռարձակումը
BBC World News բրիտանական հեռուստաալիքի հեռարձակումը Չինաստանում արգելվել է, ուրբաթ օրն ասել է Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգային վարչությունը՝ մեկ շաբաթ անց այն բանից, երբ լրատվամիջոցների բրիտանական կարգավորիչը հեռարձակման լիցենզիան հետ է կանչել չինական պետական հեռուստատեսությունից, հաղորդում է Reuters-ը:
Իր հայտարարության մեջ կարգավորիչը նշել է, թե հետաքննության արդյունքում պարզվել է, որ Չինաստանի մասին BBC World News-ի ռեպորտաժը «լրջորեն խախտել է կանոնները, ներառյալ եւ այն, որ լուրերը պետք է լինեն ճշմարիտ եւ արդար», վնասել է Չինաստանի ազգային շահերին եւ խաթարել է ազգային միասնությունը:
Հետեւաբար հեռուստաալիքը չի բավարարում Չինաստանում հեռարձակվող արտասահմանյան ալիքներին առաջադրվող պահանջները, եւ եթեր հեռարձակվելու նրա հայտը եւս մեկ տարի չի ընդունվի:
BBC World News-ի անգլալեզու տարբերակը ներառված չէ Չինաստանի հեռուստածրագրերի փաթեթների մեծ մասում, բայց հասանելի է որոշ հյուրանոցներում ու նստավայրերում։
Նմանատիպ նյութեր