«Չենք պատրաստվում ընտրություններին․ Հրաչյա Հակոբյան
168.am-ն այսօր խորհրդարանում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեց՝ իշխանությունը վախենո՞ւմ է պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելուց, վախենալու բան ունի՞, քանի որ երեկ ըստ էության «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել էր, որ այդ հարցի կապակցությամբ իշխանություններն իրեն ցրողական պատասխան են տվել և վախենում են նման հանձնաժողով ստեղծելուց:
«Չեք լսել և չեք լսի, որ վախենում ենք քննիչ հանձնաժողով կամ այլ հանձնաժողովներ ստեղծելուց: Վարչապետն էլ իր ելույթներում բազմիցս ասել է, որ լինելու է քննություն՝ պատերազմի հետ կապված, և բոլորը պատասխան են տալու»,- նշեց Հրաչյա Հակոբյանը:
Անդրադառնալով հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ որքանով տեղյակ է, քննարկումներն ընթանում են, սակայն այս պահին չեն պատրաստվում այդ հարցում շտապել:
«Չենք պատրաստվում ընտրություններին, որովհետև քննարկումները շարունակվում են»,- շեշտեց պատգամավորը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ անհրաժեշտության դեպքում իշխող խմբակցությունից որևէ մեկը կողմ քվեարկի Էդմոն Մարուքյանի վարչապետի թեկնածությանը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ չի կարծում, թե այսօր իրենց խմբակցությունում կան նման պատգամավորներ: Եթե անգամ լինեն, ապա՝ շատ քիչ:
«Ես հիմա չեմ կարող բացառել ամեն ինչ, ասեմ, եթե լինեն, ապա 1-2 հոգի: Ինքս իմ ներսում ունեմ համոզմունք, որ չեն լինի նման պատգամավորներ, բայց անգամ եթե լինեն, ապա 1-2 հոգի, նրանց քայլը դրական չեմ բնորոշի»,- շեշտեց Հրաչյա Հակոբյանը:
Նմանատիպ նյութեր