Չարժե թռչող կոկորդիլոսների մասնագետներով լցնել նաև բուհերը

Տեսանկյուն 05.10.2019   12:58   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բուհերում շարունակվող սևի-սպիտակի բաժանումը, հովանավորչությունը, գրաքննությունը, մարդու և քաղաքացու իրավունքների զանգվածային խախտումները,  այս ամենի հանրային արձագանքները վկայում են, որ բուհական համակարգում կա՛մ ճգնաժամ է առկա, կա՛մ ճգնաժամ է հասունանում, որը հոգևոր անվտանգությանը նետված մարտահրավեր է: Դրա կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել։ Որո՞նք են պատճառները, և ի՞նչ հետևանքներ կարող ենլինել։

Բուհում մեկ մարդու իրավունքի խախտումը, իհարկե, կարող է քաղաքական հնչեղություն չստանալ, նույնիսկ քաղաքական աջակցություն չստանալ։ Թեև թե՛ մեկ մարդու, թե՛ զանգվածային խախտումները նաև քաղաքական մտահոգության նստվածքային շերտ կարող են առաջացնել։

Նախկինում էին զանգվածաբար խախտվում մարդու իրավունքները, ինչն ի վերջո քաղաքական լուրջ խնդիր դարձավ։ Նախկիններն էին արհամարհում քաղաքացուն, հասցնում աղքատության շեմին, ստիպում ճանաչել իր իրավազրկությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության։ Եվ օրինաչափ է, որ իրավունքի համատարած խախտումներն ու իրավունքի գիտակցման դեմ չհայտարարված պայքարը պիտի ծնեին առնվազն այն, ինչը տեղի ունեցավ 2018թ. գարնանը:

Ներկայում նույն վերաբերմունքը բուհերում շարունակվում է (օրինակ՝ ԵՊՀ-ում մարդու և քաղաքացու իրավունքների զանգվածային խախտումների, վարչարարական կամայականությունների և հետապնդումների մասին մամուլով վկայում են արժանահավատ ԵՊՀ-ականները)։ Ենթադրյալ պատճառներից մեկն, այսպես կոչված, իներցիան է, ինչը տարբեր առիթներով մի քանի անգամ նշվել է իշխող կուսակցության ղեկավարների կողմից։ Այսինքն՝ բուհերում ևս, ինչպես մարզպետարաններում և համայնքապետարաններում, նոր նշանակված պաշտոնյաները նախկինների նման ապօրինի գործողություններ են կատարում՝ սպասարկելով եթե ոչ շեշտված անձնական, ապա առնվազն խմբային շահեր։ Մյուս պատճառը քաղաքակրթական-ժողովրդավարական արժեքների նկատմամբ անտաբեր-արհամարհական վերաբերմունքն է՝ գավառական-հավակնոտ «լոխ գյուդում ենք»-ի անխափան շարունակումը։ Այսինքն՝ ժողովրդավարությունը, իրավական պետությունը, մարդու իրավունքները շարունակում են առաջնային չդիտարկվել կրթական վարչարարության մեջ, չկարևորվել։ Եվ երրորդ պատճառը, հավանաբար, տգիտությունն է. այստեղ ևս թռչող կոկորդիլոսների մասնագետների պոպուլյացիայի հետաքրքիր բուծման միտում կա:Կրթության ոլորտը նմանների համար ընդամենը եկամտաբեր գործ է, աշխատավարձի հիմք։

Եթե լավատեսորեն դիտարկենք այս իրավիճակը, ապա կարող ենք կասկած հայտնել, որ հեղափոխական մեծ հավակնություններ և հեռահար նպատակադրումներ ունեցող իշխանությունները միտումնավոր են ճգնաժամ հրահրում բուհերում, որպեսզի ջրի երես հանեն առկա և հնարավոր բոլոր խնդիրները, արատավոր բարքերն ու բացերը։ Նպատակը, ենթադրաբար, բուհական համընդգրկուն բարեփոխման նախապատրաստումն է, որի արդյունքում ստեղծվելու է ժամանակի պահանջներին համապատասխան նոր կրթական համակարգ՝նոր մշակութային հենքով և առաքելությամբ։ Տա՛ Աստված:

Հոռետեսական դիտանկյունից՝ բուհական ճգնաժամը հեղափոխական հետցնցում է, որի ժամանակ տեղի ունեցող ապօրինությունները, վարչական կամայականություններն արդարացվում են հեղափոխական անհրաժեշտությամբ, իրականում՝ սպասարկում խմբային-հատվածական շահեր։

Այստեղ հարկ է ընդգծել, որ հեղափոխություն ասելով հասկացվում են արժեքները, հանուն որոնց է տեղի ունենում ցանկացած հեղափոխություն։ Եվ եթե վարչարարության հետևանքով խախտվում են ժողովրդավարության հիմք՝ մարդու իրավունքները, ապա այդ ապօրինությունը ժողովրդավարական-հեղափոխական անհրաժեշտությամբ արդարացնելն առնվազն անհեթեթ է, եթե ոչ՝ հնի անդավաճան շարունակում։

Եվս մեկ բան. երբևէ ներկա իշխանություններն են դառնալու նախկին։ Եվ եթե ամեն ներկա զանգվածային ապօրինություններ կատարի կրթության ոլորտում ներգրավված քաղաքացիների նկատմամբ և դրանք արդարացնի քաղաքացիների՝ նախկինի հետ համագործակցած լինել ու եժովական կասկածով, ապա կարող ենք մոռանալ  գիտելիքահեն տնտեսություն, քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն ունենալու մասին։ Իսկ մենք ոչինչ մոռանալու իրավունք չունենք:

 ԹԱԹՈՒԼ  ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԱՅԿ  ՄԻՐԶՈՅԱՆ

Պահպանողական կուսակցության անդամներ


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բուհ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon