Չարենցավանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով

Պատահարներ 07.02.2020   10:44   1132

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: 

Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել  իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է՝  խուսափե′ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե′ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, մի′ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե′ք բժշկի:



 Պիտակներ
         թունավորում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon