Չարենց. Կյանքս կանցնի, կմարի, բայց երգս կա, կապրի դեռ (տեսանյութ)

Հայեր 13.03.2021   20:00   2802

Դեռ չի եղել հացն աշխարհում գերագույն կուռք մարդկային.
Հանուն սիրո շատ են եղել հարստություն տվողներ.
Բայց չեն եղել հանուն հացի սիրո վրա թքողներ,
Որ գեթ իրենց աչքին իրենք մեծագործներ թվային…

23.11.1936թ.

Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան), ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում:

Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։

1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։

1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, որի վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։

1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Կարս։

1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։

1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմը, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։

1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տեր-Աստվածատրյանի հետ:

1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ․Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։

1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Նոյեմբեր» գրական կազմակերպության ղեկավարությունը։

1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշակնարկը։

1927 թվականին մահանում է Չարենցի կինը։

1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Բանաստեղծին Իզաբելլան երկու դուստր է պարգևում՝ Աստղիկը և Արփենիկը։ Վերջինիս Չարենցին Ադոկ էր անուն։

1935 թվականից սկսած Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։

1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։

1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացված կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։ 1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցությւոններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը և արդյունքում 1937 թվականի նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո բոլորից լքված ու անօգնական իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճիռի կայացման։ Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի քարքարուտների մեջ:

Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:

1917թ.


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb