Ցեղասպանության մասին հրապարկման համար հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ

Հրատապ 27.04.2021   11:45   41

Թուրքիայում Դիարբեքիրի հանրապետական  գլխավոր դատախազությունը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն անելու համար Դիարբեքիրի փաստաբանական պալատի դեմ հետաքննություն է սկսել:

Պալատի նախագահի և խորհրդի անդամների դեմ մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական հաստատություններին և օրգաններին նսեմացնելու» մասին համապատասխան հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ Դիարբեքիրի փաստաբանական պալատի թվիթթերյան  էջում գրառում էր հրապարակվել, որին կից տեղադրվել էր ամբողջական հայտարարության լինքը: 

«Կիսում ենք Մեծ աղետի ցավը: Մենք որևէ տեղ չենք կարող հասնել՝ պատմության խավարից խուսափելով: Հայերի ներկայացրած ճշմարտությունը անցյալի հետ առերեսվելու ամենակենսական հանգույցներից մեկն  է»,- նշվում է գրառման մեջ:  

Հայտարարության տեքստում անդրադարձ է կատարվել 1915թ. ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությանը և նրանց «անհայտ ճակատագրերին», ներկայացվել վերջին տարիներին նույնաբովանդակ հրապարակումների համար պալատի դեմ առաջադրված մեղադրանքները և թուրքական իշխանություններին և հասարակությանը կոչ արել առերեսվել հայերի ներկայացրած ճշմարտության հետ: 

Հիշեցնենք, որ սա Դիարբեքիրի փաստաբանական  պալատի դեմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակում անելու համար հետաքննություն սկսելու առաջին դեպքը չէ: Սրան նախորդող 4 տարիներին նույնպես պալատի անդամների դեմ հետաքննություն է սկսվել և մեղադրանք առաջադրվել:  

Օրինակ՝ 2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարության համար կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         Դիարբեքիր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb