Ծառուկյանը դժգոհ է իրականացվող միջացառումներից

Քաղաքական 25.03.2020   17:30   203

«Մենք բոլորս էլ գիտենք, Հայաստանում վիրուսը չի եղել, պետք է այնպես անեինք, որ այն Հայաստան չգար, ապա նաև չտարածվեր»,- ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ արած հայտարարություններին, որոնք բուռն քննարկվում են։

Նա ընդգծեց, իր տեսակետին տեր է մինչև վերջ, բայց պետք չէ մասամբ ու կտրտած դրանք ներկայացնել ու ֆեյքերով հարձակվել իր վրա։

Ծառուկյանն ասաց՝ դժգոհ է իրականացվող միջացառումներից, քանի որ սահմանային որևէ անցակետում կորոնավիրուսն ախտորոշող թեստեր չկան։

«Բացի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից, այդ թեստերից ոչ մի տեղ չկա, սահմանային անցակետերում չկան, օդանավակայանում չկան։ Մինչդեռ պետք է ստուգեն, ըստ դրա որոշեն, մեկուսացնում են, թե ազատ թողնում կամ բուժում»,- ասաց նա։

Պատգամավորը հիշեցրեց, որ արտակարգ դրության պայմաններում հազարավոր աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի։

«5-7 հազար դրամ օրավարձով աշխատող երկու հարյուր հազար ընտանիք հիմա չի աշխատում, տաքսիստները չեն աշխատում, տուրիստական ավտոբուսների վարորդները չեն աշխատում, հյուրանոցները չեն աշխատում, մենք առաջարկում ենք այս մարդկանց գոնե ամսական 70 հազար դրամ տալ, որ կարողանան գոյատևել։ Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի ներում,1 մլն 650 հազար վարկառու կա, պետք է սառեցվեն տոկոսները, դրա մասին չմտածենք, ոչ թե հետո միանգամից ուզեն։ Եղբայր, հո մենք չե՞նք ընկել մեր ժողովրդի հետևից»,- ասաց նա։

Ծառուկյանի խոսքով, ստեղծված իրավիճակում կոնկրետ աջակցության քայլեր են պետք, գյուղացիներին պետք է սերմ բաժանեին, ջուրը տային, պետք է բոլոր ոլորտներում պատասխանատու լինեն։

«Մենք այս ամենն ասում ենք ոչ ցեխ շպրտելու համար, այսօր դրա ժամանակը չէ։ Պատրաստ ենք աշխատել 24 ժամ, ներկայացնել մեր տեսակետը խնդրի լուծման համար։ Ավելի լավ լուծումներ կլինեն, իրենց ցավը տանեմ։ Էսօր չպետք է լինի՝ իմը, քոնը, պետք է լինեն ռեալ ու իրական, արդյունավետ առաջարկներ, պատասխանատվությունը բոլորինս է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրավիճակից դուրս են գալու, բայց կարևոր է, որ դա լինի քիչ կորուստներով։

Խմբակցության նիստի ավարտից հետո ԲՀԿ-ն առաջարկությունների փաթեթ կներկայացնի ԱԺ նախագահին ու կառավարությանը։



 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon