Ծաղկունքում կանցկացվի լավաշի օր

Իրադարձային 22.02.2020   12:00   608

Գեղարքունիք մարզի Ծաղկունք գյուղում այս տարվա օգոստոսի մեկին տեղի  կունենա «Լավաշի օր»-ը միջոցառումը: Միջոցառումը նվիրված է լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-իմարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր:
Միջոցառման օրը գյուղը կերպարանափոխվելու է, բաժանվելու գոտիների ըստ հետաքրքրությունների:

Ըստ կազմակերպիչների, միջոցառումը նախատեսված է տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար: Ծաղկունքի հյուրերը ողջ օրը կարող են մասնակցել տարբեր միջոցառումների, բացահայտեն հայկական մշակույթի արդեն չօգտագործվող ծեսերը, ձեռք բերել նոր ծանոթություններ և ընկերներ: Մասնակիցները հնարավորություն կունենան համտեսել տարբեր ռեստորանների և տեղաբնակների ներկայացրած հայկական սնունդը և խմիչքները, այցելել գյուղաբնակներին, մասնակցել օղու թորման գործընթացին: Օրվա այցելուները կարող են հետևել լավաշի թխման գործընթացին, լսել դրա պատմությունները և մասնակցել թխման արարողությանը՝ սովորելու ինքնուրույն թխել լավաշ:

Օրը կանցնի ուրախ մթնոլորտում. հյուրերը կմասնակցեն տարբեր խաղ-մրցույթների, ներկա կգտնվեն թատերական ներկայացումներին:

Ի դեպ ներկայացված սննդի տեսականին, խմիչքները և ձեռքի աշխատանքները մասնակիցները կարող են գնել, նպաստելով գյուղացիներին և համայնքների զարգացմանը: Մեծ էկրաններով կցուցադրվի նաև լավաշի թխման վերաբերյալ հետաքրքիր պատմություններ:

Հաշվի առնելով, որ մասնակիցների մի մասն էլ կայցելեն երեխաների հետ, առանձին տարածք հատկացված է երեխաների հետաքրքրության համար, որտեղ երեխաները կխաղան նախապես պլանավորած հայկական հետաքրքիր խաղեր մասնագետների վերահսկողությամբ: Օրվա ընթացքում  մասնակիցների ուրախ տրամադրությունն ապահովելու համար ելույթ կունենան ազգային և ժամանակակից տարբեր խմբեր, իսկ օրվա վերջում ելույթ կունենա սերբ աշխարհահռչակ երաժիշտ Էմիր Կուստուրիցան «No smoking orchestra» խմբի հետ:    

Նշվում է, որ միջոցառման նպատակն է ոչ միայն կարևորել լավաշի դերը հայ ժողովրդի կյանքում և մշակույթում, այլև աշխարհին ներկայացնել լավաշը՝ որպես հայկական մշակույթի անբաժան և անժխտելի մաս։ Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը ծնունդ է առել անհիշելի ժամանակներից: Այն հայերի համար հանդիսացել է ոչ միայն սնունդ, այլև ընտանիքի, բարեկեցության և առատության խորհրդանիշ։ Թոնիրների առկայությունը խոսում է հայերի նստակյաց և այս տարածքների գենետիկ պատկանելիության մասին: Լավաշը բազում դարեր հանդիսացել է հայերի համար միակ հացատեսակը, և նույնիսկ այն չորացվել և պահպանվել է հատուկ պահարաններում ձմռանն օգտագործելու նպատակով: Հայերը բացառիկ ազգերից են, որոնք ունեցել են հացի պատրաստման 7 փուլերի ծիսակատարությունները՝ ժամանցային ուրախ խաղերը, երգերը, ավանդազրույցները, պարերը և նույնիսկ կատակները:

Հացի սպառման քաղաքային պահանջը օրեցօր հեռվացնում է լավաշի պատրաստման ավանդական տեսակներից, և այս տենդենցը նկատվում է նաև գյուղերում, որտեղ թոնիրները և գլխատները պարբերաբար մատնվում են անուշադրության լավաշի թխման տեսանկյունից: Լավաշի թխման գիտելիքի փոխանցումը նոր սերնդին մերթ ընդ մերթ կորցնում է իր կենսական կարևորությունը: Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը սևեռել դեպի գյուղական համայնք և գյուղերում առկա գլխատների և թոնիրների կարևորությանը՝ գյուղական և քաղաքային համանայնքներին ցուցադրելով ավանդական լավաշի թոնիրում թխելու կարևորությունը և դրա պատմամշակութային արժեքը: Հիմնական նպատակներից է նաև հայկական լավաշի թխման ծեսերն ու ավանդույթները վեր հանելը:

Միջոցառման նպատակներից է նաև հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անց կացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը: Կազմակերպիչներն ակնարկում են, որ ամեն տարի «Լավաշի օր»-ը հյուրընկալելու է մի երկիր, ով կներկայացնի իր ազգային հացն ու խոհանոցը:   



 Պիտակներ
         լավաշի օր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon