Բրենսոնի «Տիտանիկի» թանգարանը

Art News 05.02.2021   22:00   1731

Տիտանիկի խորտակվելու օրվանից հարյուրից ավելի տարի է անցել, բայց լեգենդար նավը տեսնելու ցանկություն ունեցողների թիվը չի նվազում։ ԱՄՆ Միսուրի նահանգի Բրենսոնի թեմատիկ թանգարանի այցելուները հատուկ հնարավորություն ունեն իրենց Տիտանիկի վրա զգալ։

Միայն թանգարանի շինությունն արդեն հիացմունք է առաջացնում այցելուների շրջանում։ Այն Տիտանիկի երկու անգամ ավելի փոքր կրկնօրինակն է ու խարիսխ է գցած ջրով լցված ոչ մեծ լողավազանում։ Կողքին չարաբաստիկ սառցաբեկորն է, որը մուտքի մոտ որպես դեկոր է ծառայում։ Թանգարանի ներսում վերստեղծված են նավի կենտրոնական աստիճանները, ճաշասրահը, առաջին ու երրորդ դասերի համար նախատեսված սենյակները, ինչպես նաև իրական Տիտանիկից հանած 400-ից ավելի իրեր։ Թանգարանում մի քանի ինտերակտիվ ցուցահանդես կա։ Այցելուները կարող են դիպչել սառցաբեկորին, լինել կապիտանի սենյակում, որտեղից կառավարել են նավը, ինչպես նաև՝ հեռագրային սենյակում, որտեղից կարելի է SOS ազդանշան ուղարկել։

Ավանդական մուտքի տոմսի փոխարեն այցելուները «Տիտանիկի» իրական ուղևորներից մեկի անունով տոմս են ստանում։ Իսկ թե ինչպես է դասավորվել այդ մարդու ճակատագիրը, կարող եք իմանալ միայն էքսկուրսիայի ավարտին։ Ուղևորների անունները նշված են նավով ճամփորդության մեկնած 2208 ուղևորների անուններով հուշատախտակին։

Նավում անսովոր մթնոլորտ է։ Թանգարանի աշխատողները սպաների, սպասուհիների ու կապիտանի հագուստով են։ Էքսկուրսիայի ընթացքում ազդանշանի ձայներ են միացնում, վտանգի մասին տեղեկացնող զանգ է հնչում։ Մի խոսքով՝ այցելուներին առաջարկում են զգալ այն, ինչ զգացել են Տիտանիկի ուղևորները։

Թանգարանի գլխավոր ցուցանմուշը Տիտանիկի շքամուտքի աստիճանների պատճենն է, որի արժեքը մեկ միլիոնից ավել է։

Թանգարանում «խորտակվող սենյակ» էլ կա, որտեղ տախտակամածը թեք է կառուցված։ Այստեղ կարող եք մակույկ նստել կամ ձեռքը մտցնել սառցաջրի մեջ՝ հասկանալու համար, թե ինչ են զգացել մարդիկ, ովքեր փորձել են փրկվել խորտակվող նավից։

Թանգարանի տերը հետազոտող Ջոն Ջոսլինն է։ Նա գլխավորել է 1987 թվականի «Տիտանիկի» գիտարշավը։ Նրան է պատկանում նաև Թենեսի նահանգի Pigeon Forge նմանօրինակ թանգարանը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb