Բրդի վրա քնելը նվազեցնում է ասթմայի ռիսկը երեխաների մոտ

Իրազեկիչ 09.08.2020   20:15   310

Հետազոտողները հայտնաբերել են, որ կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում բրդի վրա քնող երեխաների մոտ կարող է նվազել մանկական հասակում ասթմայի զարգացման ռիսկը:

Գիտնականների եզրահանգումները կներկայացվեն Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր կայանալիք Եվրոպական ռեսպիրատոր ասոցիացիայի միջազգային համաժողովի ընթացքում: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե նորածինը ենթարկվում է կենդանու մորթու և բրդի մանրէային միջավայրի ազդեցությանը, ապա այն կարող է առաջացնել ասթմայից և այլ ալերգիկ ռեակցիաներից նրա պաշտպանության որոշակի մակարդակ:

Հիվանդությունների հսկման և կանխարգելման կենտրոնները նշում են, որ ասթման հանդիսանում է երեխաների մոտ ամենատարածված խրոնիկ հիվանդություններից մեկը: Այն բնորոշվում է դժվարաշնչությամբ, հազվաշնչությամբ և կրծքավանդակի ներքաշմամբ, և կարող է հավասարապես ախտահարել նաև մեծահասակներին: 

Ըստ հիվանդությունների հսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների՝ ԱՄՆ-ի երեխաների 9.3%-ը և չհաշվառված մեծահասակների 8%-ն ունեն ասթմա: 2010 թվականին ասթմայի հետևանքով 1.8 միլիոն այց է եղել արտակարգ բուժօգնության բաժանմունք: Այս թիվը տարեցտարի աճում է:

Ներկայումս հայտնի չէ, թե որոնք են ասթմայի առաջացման հիմնական պատճառները և ինչպես պետք է այն բուժել: Բուժումը նպատակաուղղվում է ախտանիշների մեղմմանը, սակայն այս նոր ուսումնասիրությունը կարող է ուղի հարթել դեպի այս հիվանդության մասին առկա տեղեկատվության բարելավման:

Կենդանու բրդի վրա քնելը

Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ փոքր տարիքից տարբեր միջավայրերի ազդեցությանը ենթարկելու միջոցով կարելի է մարմինը պաշտպանել ասթմայի և այլ տեսակի ալերգիաների առաջացումից: Այնուհանդերձ, այս եզրահանգումները դեռ պետք է լիարժեքորեն հաստատվեն քաղաքային միջավայրի համար:  

Արդյունքում՝ հետազոտողներն ուսումնասիրել են քաղաքային միջավայրում ապրող երեխաներին, ովքեր կյանքի առաջին երեք ամիսներին քնելով բրդե անկողնում՝ ենթարկվել են դրա ազդեցությանը: Նրանք օգտագործել են հիմնականում 1998 թ. ծնված ավելի քան 3000 նորածինների մասին տվյալներ պարունակող՝ Գերմանիայի տարիքային խմբերի գրանցումները:

Հետազոտողները հավաքել են տեղեկատվություն երեխաների առողջական վիճակի մասին մինչ նրանց տաս տարին լրանալը: Ուսումնասիրության համար օգտագործվել են 2441 երեխաների տվյալները. այդ երեխաների 55%-ը կյանքի առաջին երեք ամիսներին քնել է բրդե անկողնում:

Նրանք հայտնաբերել են, որ ասթմայի ռիսկի գործոնները նվազել են այն երեխաների մոտ,  ովքեր քնել են բրդե անկողնում: Վերջիններիս մոտ 79%-ով ավելի քիչ է եղել  մինչ 6 տարեկանը ասթմայի զարգացման  հավանականությունը, քան այն երեխաների մոտ, ովքեր չէին ենթարկվել բրդի ազդեցությանը:

Մինչև տաս տարեկան դառնալը ասթմայի զարգացման ռիսկը շարունակել է նվազել՝ հասնելով 41%-ի:

«Նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ գյուղական վայրերում գտնվող մանրէները կարող են պաշտպանել ասթմայից»,- ասել է Մյունխենի Հելմհոլցի գիտահետազոտական կենտրոնի  բժիշկ Քրիստինա Թիսչերը:

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Medicalnewstoday.com 



 Պիտակներ
         ասթմա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb